Քեմբրիջը` 800 տարեկան

24/01/2009

Օքսֆորդից հետո Մեծ Բրիտանիայի 2-րդ ամենահին ուսումնական հաստատությունը` Քեմբրիջի համալսարանը, նախորդ շաբաթ օրվանից սկսել է համալսարանի 800-ամյակին նվիրված տոնական միջոցառումները: Տոնակատարության առիթով կազմակերպվել է լուսային շոու` նվիրված Քեմբրիջի պատմությանն ու համալսարանի հայտնի շրջանավարտներին, որոնց շարքում են Իսահակ Նյուտոնը, Չարլզ Դարվինը եւ այլք: Միաժամանակ քաղաքի կենտրոնում գտնվող 4 եկեղեցիների զանգակատներից հնչել է ղողանջ` հատուկ այդ տոնական միջոցառման համար գրված երաժշտությամբ: Մեղեդու հեղինակը Քեմբրիջի շրջանավարտ, կոմպոզիտոր Ֆիլ Իրիսն (Phil Earis) է: Միջոցառումները կշարունակվեն ողջ տարվա ընթացքում: Նշենք, որ Քեմբրիջի համալսարանը հանդիսանում է աշխարհի ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկը. տարբեր վարկանիշներով այն գտնվում է լավագույն 5 կրթօջախների ցանկում: Քեմբրիջի շրջանավարտներից 83-ը նոբելյան մրցանակակիրներ են: Այս ցուցանիշով այն առաջինն է աշխարհում: