Եվս 5 րոպե

24/01/2009

«Սասունցի Դավիթ» մուլտֆիլմի նկարահանման հիմնական աշխատանքներն ավարտվել են. բոլոր 8 մասերը պատրաստ են: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, անհրաժեշտություն կա անդրադառնալ առաջին 3 սերիաներին՝ որովհետեւ որակական առումով դրանք չեն համապատասխանում մյուսներին: Մուլտֆիլմի նկարահանումները սկսվել են 2002-ին: Գ. Գեւորգյանի խոսքով, քանի որ ժամանակին զուգընթաց զարգացել է տեխնոլոգիան, փոխվել են մոտեցումները, ձայնային, որակական չափանիշները, անհրաժեշտություն է առաջացել վերադառնալ առաջին 3 սերիաներին ոչ թե նորից նկարահանելու նպատակով, այլ փոփոխելու: Բոլոր մասերը մեկ ֆիլմում ներկայացնելու համար անհրաժեշտ է եւս 5 րոպե տեւողությամբ նյութ նկարահանել: «Հիմա այդ աշխատանքներն ընթացքի մեջ են, որոնք շուտով կավարտվեն, եւ մուլտֆիլմը վերջնական տեսքով կներկայացնենք ՀՀ Մշակույթի նախարարությանը: Սերիաներն առանձին ցուցադրելն այն ազդեցությունը չէր ունենա, ինչ ամբողջությամբ: Այդ պատճառով որոշեցինք այն հասարակությանը ներկայացնել ամբողջությամբ պատրաստ լինելուն պես»,- ասաց Գ. Գեւորգյանը: Նախատեսվում է մուլտֆիլմը ցուցադրել ամռանը: