Ռուսական «անվտանգություն»

24/01/2009

«Իրողությունն այն է, որ այսօր Հայաստանն էներգետիկ անվտանգության տեսակետից շատ ավելի անվտանգ է, քան եվրոպական երկրներից շատերը: Եվ սա՝ այն պարագայում, երբ թվում էր, թե գազի եւ այլ էներգակիրների ներկրումն այնտեղ շատ ավելի դիվերսիֆիկացված է, քան մեզ մոտ»,- պատասխանելով ռուս-ուկրաինական գազային վերջին տարաձայնությունների եւ ընդհանրապես այդ ոլորտում ընթացող գործընթացների` Հայաստանի վրա հնարավոր ազդեցության մասին հարցին, «Արմենպրեսին» ասել է «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը: Ըստ նրա, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ էներգետիկ անվտանգության համակարգում շատ սուր խնդիրներ կան: Եվ այդ համատեքստում, նրա կարծիքով, կարելի է արձանագրել, որ էներգետիկ անվտանգության տեսանկյունից Հայաստանն էապես առաջ է անցել: Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանը յուրաքանչյուր տարի ձմռանն ունեցել է գազամատակարարման դադարեցում, ինչը, սակայն, բաժանորդներն ընդհանրապես չեն զգացել: «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենի խոսքերով, այս տարվա հունվարյան անջատումն էլ չէր զգացվի, եթե այդ փաստը չարձանագրեին լրատվամիջոցները: Ըստ նրա` գազային միջազգային համաժողովում հնչած խնդիրները մտածելու տեղիք են տալիս, եւ այդ առումով կարելի է արձանագրել, որ այն ճանապարհը, որով Հայաստանն անցնում է էներգետիկ անվտանգության հարցի լուծման համար, արդյունավետ է։ «Սա հերթական ապացույցն է, որ մենք ճիշտ ուղով ենք ընթանում, քայլերը ժամանակին ենք անում եւ չենք ուշանում»,- ասել է Կ. Կարապետյանը: Ներկայումս Հայաստանի 93 տոկոսը գազիֆիկացված է, եւ այդ ցուցանիշով ՀՀ-ն աշխարհում գտնվում է առաջին եռյակում, իսկ 2006 թվականից սկսած` առաջինն է ԱՊՀ տարածքում: Աշխարհի այն երկրների շարքում, որոնք չունեն սեփական գազային պաշարներ, Հայաստանը գազիֆիկացման մակարդակով առաջին տեղում է: Հայտնի է, որ սեփական գազային պաշարներ չունեցող երկրներում գազիֆիկացիայի առավելագույն տոկոսը 40 է: Վերջին երկու տարում «ՀայՌուսգազարդի» կատարած ներդրումները կազմել են 550 մլն դոլար: Կ. Կարապետյանի հավաստմամբ, առաջիկա 3 տարում նախատեսվում է կատարել եւս շուրջ 600 մլն դոլարի ներդրումներ, որոնք կուղղվեն էներգետիկ ոլորտին, անվտանգության բարձրացմանը, գազատրանսպորտային համակարգի բարելավմանը: Կշարունակվեն աշխատանքները գազապահեստարանի ծավալների մեծացման, Իրան-Հայաստան գազամուղի շահագործման ապահովման, մի շարք այլ ուղղություններով: