Թեժ է լինելու

18/01/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ օրենքների, ստորագրել է նաեւ անցած տարեվերջին ԱԺ արտահերթ նիստում ընդունված Երեւանի մասին օրենքը («Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենք): Ամենայն հավանականությամբ, Երեւանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հունիս-հուլիս ամիսներին, իսկ մինչ այդ քաղաքական շրջանակներում արդեն քննարկվում են քաղաքապետի հավանական թեկնածուների անունները: Ընդ որում, Ամանորյա տոների ընթացքում եւ այժմ էլ խոսակցություններ են շրջանառվում, թե Երեւանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունը կարող է առաջադրել նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, սակայն, չցանկացավ մեկնաբանել այդ խոսակցությունները: «Ես անլուրջ բաներ չեմ մեկնաբանում»,- ասաց նա: Իսկ Հայ Ազգային կոնգրեսը (ՀԱԿ) մասնակցելո՞ւ է Երեւանի քաղաքապետի ընտրություններին, որեւէ թեկնածու առաջադրելո՞ւ է: Այս հարցին ի պատասխան՝ Ա. Մուսինյանը նշեց. «Անպայման, ընտրապայքարին մասնակցելու ենք, բայց առայժմ վաղ է այդ մասին խոսելը: Մինչ այդ դեռեւս շատ բաներ են փոխվելու»:

Տեղեկություններ կան նաեւ, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրելու նաեւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը չբացառեց այդ հնարավորությունը եւ նույնպես ավելացրեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը: «Այս պահի դրությամբ որոշված չէ, թե ավագանու ընտրություններին «Ժառանգությունն» ինչ ցուցակով կմասնակցի, ուստի որեւէ բան ասել, բնականաբար, չեմ կարող: Բայց կարծում եմ, որ «Ժառանգությունն» այդ ընտրություններին շատ ակտիվ մասնակցություն կունենա»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Մինչ այդ, իշխանական կուլիսներում համոզված նշում են, թե մոտ ժամանակներս (նույնիսկ` առաջիկա շաբաթվա ընթացքում) Երեւանի քաղաքապետ է նշանակվելու Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, թեեւ տեսակետ կա նաեւ, որ այդ լուրերի հեղինակը հենց Գագիկ Բեգլարյանն է, ում վաղեմի երազանքն է Երեւանի քաղաքապետ դառնալը: Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետի ընտրություններին, ապա իշխանական շրջանակներում համոզված են, որ այդ ընտրություններում պայքարը պակաս լարված չի լինելու, քան նախագահական ընտրությունների ժամանակ: Այդ պատճառով, իշխանությունները շատ լրջորեն են վերաբերվում Երեւանի քաղաքապետի իրենց թեկնածուի ընտրության հարցին: Քանի որ, եթե նախագահական ընտրությունների ժամանակ իշխանական բոլոր ուժերը` կուսակցությունները, ՏԻՄ մարմինները, գործարարները աշխատում էին իշխանության մեկ թեկնածուի համար, ապա այս դեպքում բացառված չէ, որ յուրաքանչյուրն իր թեկնածուին առաջադրի: Այսինքն` իշխանական ռեսուրսը կարող է կիսվել: Ավելին` այսօր էլ իշխանության ներսում շատերը դեմ են Գ. Բեգլարյանի թեկնածությանը, քանի որ կարծում են, որ նա չի կարող համապատասխանել այդ պաշտոնին. Երեւանի ընտրովի քաղաքապետը լուրջ քաղաքական ֆիգուր է դառնալու` օժտված հսկայական լիազորություններով: Երեւանում է կենտրոնացած ոչ միայն հանրապետության բնակչության մոտ կեսը, այլեւ քաղաքականապես ակտիվ հատվածը: Իսկ Երեւանի քաղաքապետի հնարավոր թեկնածուների շարքում նշվում են նաեւ Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանի, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի անունները: Վերջին օրերին նշվում էր նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի անունը, ով, սակայն, նման խոսակցություններին վերջ տալու համար օրերս մամուլում կտրականապես հերքել է նման տեղեկատվությունը: