«7-ի գործով» դատավոր Մնացական Մարտիրոսյանը երեկ կայծակնային արագությամբ հերթական անգամ հետաձգեց դատական նիստը: Այս անգամ նույնպես նրա ներս մտնելու ժամանակ քաղբանտարկյալներ Ալեքսան Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, Շանթ Հարությունյանը, Սուրեն Սիրունյանն ու Գրիգոր Ոսկերչյանը ոտքի չկանգնեցին: Եվ դատավոր Մարտիրոսյանը շատ արագ կարդաց իր որոշումը` թվարկեց նախորդ դատավարությունների օրերը, երբ քաղբանտարկյալներն իրենց բողոքն արտահայտելու համար ոտքի չեն կանգնել, հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է մինչեւ հունվարի 30-ը, ու շատ արագ անհետացավ: Իսկ «7-ի գործով» վեցերորդ դատական նիստը տեւեց ընդամենը 5 րոպե:
Իհարկե, նախորդ նիստերի ժամանակ էլ Մ. Մարտիրոսյանը նույն պատճառաբանությամբ հետաձգում էր դատը, սակայն այդ նիստերի ժամանակ քաղբանտարկյալներն ու մեղադրող կողմը հասցնում էին հայտարարություններ անել: Այս անգամ դատավորը, կամ, ավելի շուտ, իշխանությունները որոշել էին նիստ անցկացնելու ավելորդ ձեւականությունների հետեւից չընկնել եւ դատը միանգամից հետաձգել այնքան, մինչեւ ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանում կավարտվի 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքի ու Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցի քննարկումը:
Քաղբանտարկյալների պաշտպաններն ու իրավապաշտպաններն անակնկալի էին եկել այս հապճեպ որոշումից: Նրանք բոլորն էլ պատահական չեն համարում դատի հետաձգումը մինչեւ հունվարի 30-ը եւ դատավորի այդ քայլը պայմանավորում են ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանով: «Ամսի 19-ից սկսած որոշումը դրսում է կայացվում` սկսել, շարունակել, ինչպես վարվել եւ այլն: Նկրտումն այն էր, որ առկախեցին դատավարությունը մինչեւ ԵԽ ԽՎ նստաշրջանում հայկական հարցի քննարկումը»,- ասաց «7-ի գործով» փաստաբանական խմբի անդամ Հովիկ Արսենյանը:
ԱԺ պատգամավոր եւ նախկին փաստաբան Զարուհի Փոստանջյանն էլ համոզված է, որ դատարանը հայտնվել է փակուղում եւ չգիտի` ինչպե՞ս շարունակել նիստը: «Կարծում եմ, դատարանը գիտակցում է, որ մեղադրանքը ապօրինի է, եւ չգիտի, թե ինչպես շարունակի դատավարությունը: Հետեւաբար նման հետաձգումների միջոցով ճանապարհ է փնտրում դուրս գալ փակուղուց: Հաշվի առնելով Հայաստանի իրականությունը, կարելի է ասել, որ դատարանը կարող է անընդհատ հետաձգել նիստը, բայց դրա արդյունքում է, անընդհատ գնահատականներ չտալու արդյունքում է, որ այսօր հայտնվել ենք այս վիճակում: Այս ամենի հետեւանքն է, որ ԵԽ ԽՎ-ն ցանկանում է մեր նկատմամբ կիրառել պատժամիջոցներ»,- ասաց Զ.Փոստանջյանը:
Երեկվա նիստից հետո դատական կարգադրիչներն անընդհատ խոչընդոտում էին լրագրողների աշխատանքը եւ փորձում էին հնարավորինս արագ բոլորին դուրս հանել դատարանից: «Ցինիզմ, ծաղր, հեգնանք, ես չգիտեմ, ամեն ինչ, այսինքն՝ անհասկանալի ու անմեկնաբանելի է: Դատավորը նույնիսկ չհարցրեց մարդկանց, թե ինչու չկանգնեցին ոտքի: Զուտ օրենքի տեսակետից պիտի հարցներ: Շատ հնարավոր է, որ այդ մարդիկ հարգելի կամ հիմնավոր պատճառներ ունեին: Նրա ցանկացած որոշում հակաօրինական է, միայն ոտքի չկանգնելու համար՝ ես չեմ կարծում, որ պետք է դատը այսքան երկար եւ հավերժ հետաձգել: Կարծում եմ, որ ուրիշ ճանապարհներ, ելքեր պետք է փնտրեն»,- ավելացրեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ «Ես համարում եմ, որ այս չկանգնելն ու կիրառված պատժամիջոցը խիստ անհամաչափ են: Մեր պետությունը կանգնել է խնդրի առջեւ, որովհետեւ այսպիսի ապացույցներով դատաքննությունը շարունակելը ոչ թե պաշտպանական, այլ մեղադրող կողմին ձեռնտու չէ: Համենայնդեպս, մեղադրող կողմը մեղադրանքն ապացուցելու բավարար նյութեր չի բերել, եւ սպասում են, թե Եվրախորհրդում Հայաստանի համար ինչ որոշում կկայացնեն: Ոտքի չկանգնելը արդարացի դատաքննության իրականացման համար լուրջ խոչընդոտ չէ, եւ մեր պաշտպանյալներին 20-25 օր է՝ անազատության մեջ են պահում այդ պատճառով: Դատարանը կարող էր փաստել, որ ամբաստանյալները ոտքի չեն կանգնում, բավարարվեր դրանով ու դատը շարունակեր»,- իր հերթին ասաց պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի ու Հակոբ Հակոբյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը: Տիկին Առուստամյանը նաեւ տեղեկացրեց, որ կտրուկ վատացել է Հ.Հակոբյանի առողջական վիճակը: «Նրան այսօր ստիպողաբար են դատարան բերել: Հ.Հակոբյանի որովայնի ցավերը սրվել են, եւ նա դժվարանում է շարժվել: Ասում է` տարեք ինձ ցանկացած հիվանդանոց»,- ավելացրեց պաշտպանը:
Նիստից հետո մեղադրական խմբի ղեկավար Կորյուն Փիլոյանը մի պահ դուրս եկավ միջանցք, սակայն խմբված լրագրողներին տեսնելով` անմիջապես ներս գնաց: Հիշեցնենք, որ նա նախորդ նիստի ժամանակ հայտարարել էր, թե հնարավոր է, որ քաղբանտարկյալներին դահլիճից հեռացնելու միջնորդություն ներկայացնի:
Երեկ նույնպես որպես տուժողի իրավահաջորդ՝ դատարան էր եկել մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը: Նա վրդովված էր դատավորի կեցվածքից: «Կոնկրետ ինձ պետք է, թե ո՞վ է սպանել իմ երեխային: Չնայած ինձ արդեն պարզ է, որ իմ որդին հատուկ միջոցի զոհ է, իսկ հատուկ միջոցը եղել է զինվորների ձեռքին: Ես չգիտեմ, թե այսպես ի՞նչ պետք է լինի: Հետաձգեցին հունվարի 30-ին, դա իմ տղայի ծննդյան օրն է, պիտի դառնար 24 տարեկան: Որքան էլ հետաձգեն, միեւնույն է, ես գալու եմ ու պետք է արդարության հասնեմ»,- ասաց Ա.Հովհաննիսյանը:
Ոստիկանների օպերացիան
Մինչ ներսում դատական կարգադրիչները լրագրողներին ու պաշտպաններին հրելով դուրս էին հանում դատարանից, դրսում ոստիկաններն էին հայհոյում, հրմշտում ու հարվածում հավաքված մարդկանց: Հարյուրից ավելի ոստիկանների խմբին հրահանգներ էին տալիս Ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը` հայտնի Բազազը, եւ Երեւան քաղաքի ծառայության գծով փոխոստիկանապետ Աղասի Կիրակոսյանը: Այնտեղ էր նաեւ հանրահավաքների ժամանակ իր անվայելուչ արտահայտություններով ու պահվածքով աչքի ընկած Վալերի Օսիպյանը: Հավաքվածները ցանկանում էին երթով գնալ մինչեւ Գլխավոր դատախազության շենք, բայց ոստիկանները թույլ չտվեցին` պատճառաբանելով, թե արտոնված չէ: Նրանք նախ հրելով ու հայհոյանքներ տեղալով հավաքվածներին անցկացրեցին դիմացի մայթ, այնուհետեւ նրանց մասնատեցին ու սկսեցին ոտքերի հարվածներով ուղղորդել տարբեր կողմեր: Այնպես, ինչպես դա անում էին մարտի 1-ի առավոտյան Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքում: Ոստիկանները պատ էին կազմել եւ չէին թողնում, որ մարդիկ առաջ շարժվեն: Նրանցից շատերը ձեռնպահ էին մնում ագրեսիվ գործողություններից, փորձում էին իրենց ղեկավարների հրամանը կատարել` մարդկանց համոզելով, բայց Բազազն անձամբ էր ոստիկանության կազմած պատն առաջ հրում: Նա եւ Ա. Կիրակոսյանը անընդհատ խմբից խումբ էին վազում, գոռգոռում իրենց ենթակաների վրա, որ մարդկանց ցրեն: Մեր հարցին, թե ինչո՞ւ է անընդհատ վազվզում, հայհոյում ու խփում մարդկանց, Բազազն այսպես պատասխանեց. «Ի՞նչ եք ասում, ո՞վ է բրթում, ես ե՞րբ եմ հայհոյել»: Ընդ որում, այդ պատասխանը տալու պահին նա մի ձեռքով հրում էր արնոտած երեսով մի կնոջ: Երեկ ոստիկանները չշրջանցեցին նաեւ լրագրողներին` գրեթե բոլորի վրա գոռգոռացին ու հրմշտեցին: «Քեզ բռնելու եմ, սրա դեմքը լավ հիշեք»,- «Ա1+»-ի լրագրող Վարդան Վարդանյանին դիմելով` ասաց Ռ. Մելքոնյանը: Մարդկանց մի խմբի ոստիկանները ծեծելով հասցրել էին մինչեւ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ, մյուս մասն էլ փորձում էր ամեն կերպ դուրս պրծնել ոստիկանների պատնեշից: ՀԱԿ ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանն ու Վլադիմիր Կարապետյանը ոստիկաններին փորձում էին բացատրել, որ իրավունք չունեն խոչընդոտել իրենց երթը եւ մարդկանց նկատմամբ բռնություն գործադրել: Բայց, միեւնույն է, Մելքոնյանն ու Կիրակոսյանը մնացին անդրդվելի: Եվ այդ ամբողջ խառնաշփոթը Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի մոտ տեւեց մոտ մեկուկես ժամ: Ոստիկաններն այդպես էլ բռնի ուժով տապալեցին քաղբանտարկյալների աջակիցների խաղաղ երթը: Հավաքված մարդկանց մի խմբի, այնուամենայնիվ, հաջողվել էր դուրս պրծնել նրանց ճիրաններից ու հասնել Գլխավոր դատախազության շենքի մոտ, սակայն այստեղ էլ հայտնվեցին նույն ոստիկանները ու ցրեցին մարդկանց: