Զեկույցը` հունվարի 26-ին

18/01/2009

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն (Ֆրանսիա) եւ Ջոն Պրեսկոտը (Միացյալ Թագավորություն) ՀՀ-ում հունվարի 15-ին ունեցած իրենց հանդիպումների, երկրի կողմից ԵԽ ԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման մասին զեկույց հանձնաժողովին կներկայացնեն հունվարի 26-ին: «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում Մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնը, ով համազեկուցողների հետ ժամանել էր Հայաստան, ասել է, որ Ժ. Կոլոմբիեն եւ Ջ. Պրեսկոտը հրաժարվում են մեկնաբանել տպավորություններն այցից` նշելով, որ գնահատականները կներկայացնեն զեկույցում: Բ. Քլայնը նաեւ ասել է, որ համազեկուցողները ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպման անհրաժեշտություն չեն տեսել, քանի որ բանաձեւերի կատարման հիմնական հասցեատերը իշխանություններն են, եւ կարիք կար նրանցից տեղեկանալ բանաձեւերի կատարման առաջընթացի մասին: