Հեռացումի խոսքեր

18/01/2009

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հանդես է եկել երկրին հղած հրաժեշտի հեռուստաուղերձով, որտեղ նա պատմել է իր նախագահության մասին, շնորհակալություն հայտնել ամերիկացիներին վստահության համար: Հունվարի 20-ի կեսօրին Բուշն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռանում է ԱՄՆ նորագույն պատմության մեջ ժողովրդականության ամենացածր վարկանիշներից մեկով: «Ճիշտ մյուսների նման, ովքեր ինձնից առաջ զբաղեցրել են այս պաշտոնը, ես ունեցել եմ շեղումներ, եւ կան բաներ, որոնք ես կանեի այլ կերպ, եթե դրա հնարավորությունը ստանայի: Եվ, այնուամենայնիվ, ես միշտ գործել եմ՝ նկատի ունենալով մեր երկրի լավագույն շահերը: Ես հետեւել եմ իմ խղճին եւ արել այն, ինչ ճիշտ եմ համարել»,- հայտարարել է Բուշը: Նա հայտարարել է «Ամերիկայի նկատմամբ իր անհողդողդ հավատի» մասին: «Մեր առջեւ ծառացել են վտանգներ եւ փորձություններ, եւ դրանք կծառանան հետագայում էլ, բայց մեր մարդկանց արիությամբ եւ մեր իդեալների համոզվածությամբ մեր մեծ երկիրը երբեք չի հոգնի, երբեք չի ընկրկի եւ երբեք չի ձախողվի»,- ասել է Բուշը: Իր ելույթում նա հիշատակել է իր վարչակազմի նվաճումները, մասնավորապես՝ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում:

Բուշը նաեւ ջերմ խոսքեր է հղել Սպիտակ տան ապագա տիրոջ՝ Բարաք Օբամայի հասցեին, որն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը կստանձնի հունվարի 20-ի կեսօրին: «Դա հույսի եւ հպարտության պահ է մեր ազգի համար, եւ ես միանում եմ բոլոր ամերիկացիներին ամենայն լավագույնի մաղթանքներով` ընտրյալ նախագահ Օբամային, նրա տիկնոջը՝ Միշելին եւ նրանց երկու գեղեցիկ դուստրերին»,- հայտարարել է Բուշը: