Երեկ կոալիցիոն քաղաքական ուժերը Սահմանադրական բարեփոխումների
առնչությամբ Վենետիկի հանձնաժողովի դիտողություններին առնչվող երեք
հիմնական խնդիրներին լուծում գտնելու համար հանդիպել են Ռոբերտ
Քոչարյանին: Հանդիպումն, ըստ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի, արդյունավետ
է եղել, եւ երեք խնդիրներն էլ «լուծվել» են: Տ. Թորոսյանը հրաժարվեց
գտնված լուծումները հրապարակել` վստահեցնելով, թե դրանք կբավարարեն
Վենետիկի փորձագետներին: Հիշեցնենք, որ Վենետիկի փորձագետներին չէին
գոհացրել նախագծում ներառված քաղաքապետի նշանակման, Արդարադատության
խորհրդի եւ կառավարության ձեւավորման մասին գլուխները: Մեր հարցին, թե
գտնված լուծումների մասին ե՞րբ են տեղեկանալու Հայաստանի ընդդիմադիր
ուժերը, որպեսզի վերջիններս էլ իրենց կարծիքն արտահայտեն, Տ. Թորոսյանը
պատասխանեց. «Իհարկե, բոլորն էլ կարծիք արտահայտելու իրավունք ունեն, բայց
այս դեպքում խնդիրը Վենետիկի հանձնաժողովի հետ է եւ նրանց հետ պետք է այն
համաձայնեցվի: Իսկ մեր քաղաքական ուժերն այդ մասին կիմանան միայն
վերջնական ուղղումներն անելուց հետո, այսինքն` Վենետիկ ուղարկելուց հետո»:
Այսինքն` վաղը: