Որքան մոտենում է ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանն, այնքան ավելի իրատեսական է դառնում այդ կառույցում Հայաստանի` ձայնի իրավունքից զրկվելու հեռանկարը: Դրա հետ համակերպվել են նաեւ իշխանությունները, եւ որպես վերջին հուսահատ միջոց՝ սանձազերծել են «հակաեվրոպական հիստերիա»: Նույնիսկ մինչեւ վերջերս իշխանահաճո համարվող ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի ու Ժորժ Կոլոմբիեի այսօր Երեւան կատարելիք այցի հետ իշխանություններն այլեւս հույս չեն կապում: Որոշ տեղեկությունների համաձայն, իշխանության վերնախավում երեկ քննարկվում էր Պրեսկոտի ու Կոլոմբիեի դեմ «բողոքի ակցիաներ» կազմակերպելու հնարավորությունը: Եվ բացառված չէ, որ այսօր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի մերձակայքում կամ ճանապարհին երիտհանրապետականները, երիտդաշնակցականներն ու երիտբարգավաճները տարբեր «ազգային» կարգախոսներով դիմավորեն եվրոպացի պաշտոնյաներին: Թե իշխանություններն ինչի՞ են ուզում հասնել այդ ճանապարհով` դժվար է ասել: Առայժմ իշխանական կուլիսներում խոսում են միայն այն մասին, որ իշխանությունները ցանկանում են որդեգրել «պատժամիջոցներից օգուտներ քաղելու մարտավարություն». օգտվելով այն հանգամանքից, որ, այսպես թե այնպես, Հայաստանը զրկվելու է ձայնի իրավունքից, նրանք մտածում են, թե քաղբանտարկյալներին կարող են բանտերում պահել եւս մի քանի ամիս եւ համաներում հայտարարել միայն ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանից առաջ` դա ներկայացնելով որպես ձայնի իրավունքը վերականգնելու հիմնավորում: