Իշխանությունների վերջին «շուստրիությունը»

17/01/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ԵԽ ԽՎ առաջիկա նստաշրջանում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հեռանկարն այլեւս չի անհանգստացնում ՀՀ իշխանություններին: Վերջիններս որոշել են փոխել եվրոպացիներին համոզելու մարտավարությունը:

Համոզվելով, որ իրավիճակն այլեւս անհուսալի է, իշխանությունները որոշել են ԵԽ ԽՎ մոնիտորինգի համազեկուցողների այսօր ՀՀ կատարելիք այցից առաջ որքան հնարավոր է սուր եւ խիստ գնահատականներ հնչեցնել ԵԽ հասցեին: Դրանով ցանկանում են իբր եվրոպացիներին «վախեցնել»` հասկացնելով, որ Հայաստանի համար որեւէ եվրոպական կառույց չի կարող այնպիսի նշանակություն ունենալ, որպեսզի իշխանությունները ստիպված լինեն իրենց իսկ կամքին հակառակ որոշումներ ընդունել: Այսինքն` ազատ արձակեն քաղբանտարկյալներին: Այս «դիրոքորոշումն» ավելի ընդգծելու համար իշխանական կուլիսներում նույնիսկ քննարկվում է ՀՀ ժամանող Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին այսօր բողոքի ակցիաներով դիմավորելու հնարավորությունը: Հասկանալի է, որ դա չի կարող դիտվել որպես եվրոպացիներին շանտաժի ենթարկելու միջոց` հունվարի 27-ի նիստում Հայաստանի համար նպաստավոր որոշում ստանալու նպատակով. պարզապես իշխանությունն այլեւս պատժամիջոցներից խուսափելու որեւէ հեռանկար չունի եւ վերջին մեկ շաբաթվա ընթացքում սկսված «հակաեվրոպական հիստերիան» ընդամենը քարոզչական նպատակ ունի: Իշխանությունները վերջապես հասկացել են, որ հունվարի 27-ին Հայաստանն անխուսափելիորեն զրկվելու է ԵԽ ԽՎ-ում ձայնի իրավունքից, եւ եթե մինչեւ հիմա հույս ունեին, թե ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հասցեին հաթաթաներ հնչեցնելուց հետո վերջինս եվրոպացիներին ինչ-որ հրաշքով կհամոզի, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ապա այժմ գիտակցում են, որ դա վեր է ոչ միայն Դ. Հարությունյանի, այլեւ ՀՀ ողջ չինովնիկական ապարատի ուժերից: Դրա համար էլ իշխանությունները շրջանառության մեջ են դրել այն մտայնությունը, թե ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելը «համազգային ողբերգություն» չի լինի: Մեր տեղեկություններով` իշխանությունները որոշել են այժմ այլեւս ոչ մի ավելորդ ջանք չթափել եւ համազեկուցողներին եւ ԵԽ անդամ այլ պատվիրակներին չհամոզել, որպեսզի վերջիններս կողմ չքվեարկեն ՀՀ-ին ձայնից զրկելու վերաբերյալ հարցին: Ըստ նրանց սցենարի` Հայաստանն այժմ պետք է զրկվի ԵԽ ԽՎ-ում քվեարկելու իրավունքից, սակայն մինչեւ ԵԽ ԽՎ-ի` հունիսին կայանալիք նստաշրջանը կարող է շտկել իրավիճակը: Այսինքն` իշխանություններն ուզում են մինչեւ հունիս բանտերում պահել բոլոր քաղբանտարկյալներին` եւ միայն ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանից առաջ համաներում հայտարարել նրանց նկատմամբ: Որքան էլ՝ պարզունակ, այնուամենայնիվ, սա է իշխանությունների ծրագիրը:

Նշենք, որ ԵԽ ԽՎ յուրաքանչյուր նստաշրջանից առաջ տեղի է ունենում Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որտեղ էլ քննարկվում է յուրաքանչյուր երկրի պատվիրակության լիազորությունների հարցը: Եվ այն երկրի հարցը, որը զրկվել է ձայնի իրավունքից, սակայն անցած ամիսների ընթացքում կատարել է ձայնի իրավունքից զրկվելու պատճառ դարձած պարտավորությունները, ընդգրկվում է նստաշրջանի օրակարգ, եւ քննարկվելուց հետո դարձյալ վերականգնվում է իր ձայնի իրավունքը: Այնպես որ` գործող իշխանությունների «համառ» ջանքերի շնորհիվ Հայաստանին ԵԽ ԽՎ-ում հենց այսպիսի հեռանկար է սպասվում: Մեր տեղեկություններով` այս սցենարն իրականացնելու համար իշխանական վերնախավում թիմ է ձեւավորվել, որի կուրատորը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն է: Վերջինս, սակայն, այժմ դեռեւս փորձեր է անում իր «եվրոպական կապերով» որոշ երկրների պատվիրակների «հարց լուծել», որպեսզի վերջիններս հունվարի վերջին կայանալիք նստաշրջանում ՀՀ-ի մասին մի երկու լավ բան ասեն: Այդ նպատակով ամանորյա տոներից առաջ ԵԽ անդամ մի քանի երկրներ է մեկնել նաեւ ԱԺ ՀՅԴ-ական նախկին փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Սակայն նրան չի հաջողվել որեւէ դրական պատասխան ստանալ նրանցից, ու նա Հայաստան է վերադարձել առանց «արդյունքի»: Դավիթ Հարությունյանն ընդհանրապես ոչինչ չի անում` հասկանալով, որ ցանկացած փորձ ի սկզբանե դատապարտված է: Նա, մեր տեղեկություններով, արդեն պատրաստվում է հունվարի վերջին` ԵԽ-ից վերադառնալուն պես, հրաժեշտ տալ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարի պաշտոնին:

Ի դեպ, երեկ ԱԺ պատգամավորներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակ-խնդրանքը` ուղղված ԵԽ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներին (որտեղ նա նրանց հորդորում էր իրենց պատվիրակներին համոզել, որպեսզի դեմ քվեարկեն Հայաստանին ձայնից զրկելու մասին հարցին), բավական մեծ դժգոհություն է առաջացրել այդ երկրների մեծ մասում: Այդ նամակը ստացած խորհրդարանների ղեկավարները զարմացել են առաջին հերթին այն փաստի վրա, որ մեկ այլ երկրի խորհրդարանի ղեկավար դիմել է իրենց, որպեսզի իրենք իրենց պատգամավորներին (որոնք, ըստ իրենց երկրների սահմանադրության` ազատ են իրենց քվեարկություններում) պարտադրեն, որպեսզի նրանք հակառակ իրենց կամքի՝ քվեարկություն կատարեն ԵԽ ԽՎ-ում: Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` այդ նամակը գրել է այդ գործով կուրատոր նշանակված Արթուր Բաղդասարյանը: Այսինքն` դա եւս մտել է իշխանությունների «սցենարի» մեջ: Իսկ թե ինչպիսին կլինի հետեւանքը, իշխանություններին այլեւս չի հուզում, քանի որ նրանց խնդիրն ամենեւին էլ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հեղինակությունը չէ: Այսօր ԱԺ-ում հատուկենտ պատգամավորներ են խոսում այն մասին, թե ինչպիսի վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ ԵԽ ԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելը: Նրանց գնահատմամբ` եթե Հայաստանն այսօր համարվում է 4-5-րդ կարգի երկիր, ապա հունվարից հետո դառնալու է 10-րդ «սորտի» երկիր, որի վրայից այլեւս այդ խարանը չի մաքրվելու: