Հայկական հարցին կանդրադառնան

17/01/2009

ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամայի կառավարությունում պետքարտուղարի պաշտոնում առաջադրված դեմոկրատ սենատոր Հիլարի Քլինթոնը Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում արտաքին քաղաքականության թեմաների շուրջ հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելիս հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին կանդրադառնան ամենամոտ ժամանակում: Թուրքական մամուլի փոխանցմամբ, դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսի՝ «Հուսով եմ, որ 1915-ի իրադարձությունների եւ Կիպրոսի խնդրի լուծմանը հետաքրքրություն կդրսեւորեք եւ չեք շեղվի սենատոր եղած ժամանակ Ձեր նախկին դիրքորոշումներից» հիշեցմանն ի պատասխան՝ Հիլարի Քլինթոնն ասել է. «Այդ հարցերում առաջընթաց ապահովելու եւ օրինական անհանգստություններին ազդու պատասխան գտնելու մտադրությամբ թեմային կանդրադառնանք ամենամոտ ժամանակում»: Հիլարի Քլինթոնի՝ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ է ԱՄՆ Սենատի թույլատրությունը: Քլինթոնը հայտնի է ԱՄՆ Կոնգրեսում 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն ճանաչող որոշման նախագծին իր աջակցությամբ: