Միջազգային հեղինակավոր «Human Rights Watch» կազմակերպությունը երեկ հրապարակել է 2008 թվականի տարեկան զեկույցը, որում բավական մեծ հատված է նվիրված նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին:
Դրանք թվարկելով՝ այս կազմակերպության փորձագետներն արձանագրել են, որ 2008 թվականին անկախացումից հետո Հայաստանն ապրել է ամենախորը քաղաքական եւ քաղաքացիական ճգնաժամը: «Փետրվարի 19-ի ընտրություններում հաղթեց վարչապետ Սերժ Սարգսյանը, սակայն այդ ընտրության վրա ստվեր գցեցին քվեարկության օրը տեղի ունեցած բռնություններն ու կեղծիքները»: Արձանագրելով, որ քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում ընդդիմադիր ակտիվիստները, լրագրողներն ու տեղացի դիտորդները հարձակման են ենթարկվել հակառակորդ ճամբարի կողմից, «Human Rights Watch»-ը նշել է. «Հարձակման որոշ դեպքեր արձանագրվել են Ոստիկանության եւ ընտրական գործընթացում ներգրավված պաշտոնյաների ներկայությամբ: Վերջիններս, սակայն, տեղի ունեցածին չեն միջամտել, ավելին` մեկ դեպքում ոստիկանը աջակցել է հարձակվողներին: Միջազգային դիտորդները հաղորդել են ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների, այդ թվում` քվեարկության օրը իրականացված քարոզչության, քվեաթերթիկների լցոնման, ընտրակաշառքների եւ հաշվարկման ժամանակ տեղ գտած սխալների մասին: Դիտորդները միաժամանակ քննադատել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` բողոքների հավուր պատշաճի հետաքննումը ակնհայտորեն ձախողելու համար»: Իսկ հետընտրական գործընթացների վերաբերյալ «Human Rights Watch»-ը գրում է. «Ընդդիմության հիմնական թեկնածուի` Lեւոն Տեր-Պետրոսյանի հազարավոր աջակիցներ ընտրություններից հետո սկսեցին բողոքի ցույցեր անցկացնել Երեւանի կենտրոնում, որոնք 10 օր շարունակ խաղաղ բնույթ էին կրում: Մարտի 1-ին, սակայն, Ոստիկանության հատուկ ուժերը հակամարտության մեջ մտան ցուցարարների հետ, նրանց նկատմամբ անհամաչափ ուժ գործադրեցին, մահակներով ծեծի ենթարկեցին եւ հարձակվեցին խույս տվող ցուցարարների վրա»: Ըստ զեկույցի, բռնություններ են արձանագրվել նաեւ ցուցարարների կողմից. մի քանիսը քարեր են նետել եւ մեքենաներ այրել: Հարյուրավոր ընդդիմադիրների ձերբակալելուց հետո, իրավապաշտպան կազմակերպության գնահատմամբ, ոստիկանները մի շարք ընթացակարգային խախտումներ են թույլ տվել, այդ թվում` ազատազրկվածներին զրկել են արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից, փաստաբանից: Իսկ արդեն դատաքննության ընթացքը կասկածներ է առաջացրել արդար դատավարության վերաբերյալ: «Մի շարք կալանավորներ դատապարտվեցին բացառապես Ոստիկանության ցուցմունքների վրա եւ արագացված դատավարությամբ»,- նշված է զեկույցում: Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննությանը` զեկույցի հեղինակները գրում են. «Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ճնշումների տակ Հայաստանի իշխանությունները որոշակի քայլեր են կատարել այս ուղղությամբ, սակայն մինչ օրս արձանագրված զոհերի համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»: Զեկույցի համաձայն, անցած տարվա ընթացքում ոտնահարվել է նաեւ խոսքի ազատության իրավունքը, բռնություններ են կիրառվել իշխանություններին քննադատող լրագրողների նկատմամբ: «Փետրվարյան բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողները թիրախ էին դարձել Ոստիկանության համար: Մասնավորապես, իրավապահների կողմից հարձակման է ենթարկվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով ավելի ուշ` մարտի 1-ին, արդեն ծեծվել է ոստիկանների կողմից, ձերբակալվել, ստացած վնասվածքների պատճառով տեղափոխվել հիվանդանոց եւ ազատ արձակվել միայն Հայաստանի օմբուդսմենի միջամտությունից հետո: Մարտի 1-ին Ոստիկանությունը խոչընդոտել է նաեւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի աշխատանքը, ծեծել վարորդին, ինչպես նաեւ ձերբակալել երկու լրագրողների` Գյումրիում եւ Երեւանում տեղի ունեցած ցույցերի ժամանակ»: Զեկույցն անդրադառնում է նաեւ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունում հարկային մարմինների կատարած ստուգումներին եւ հայտնաբերած չարաշահումներին` արձանագրելով. «Այս քայլերը լայնորեն ընկալվում են որպես հաշվեհարդար` առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանի` կառավարության գործունեությունը քննադատող ելույթները հեռարձակելու համար»:
Զեկույցի համաձայն, մասնագիտական գործունեության համար բռնությունների են ենթարկվել նաեւ մի շարք լրագրողներ, այդ թվում` «Հայկական Ժամանակի» թղթակից Lուսինե Բարսեղյանն ու «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի ղեկավար Հրաչ Մելքումյանը: «Human Rights Watch»-ի գնահատմամբ, 2008 թ. ընթացքում ոտնահարվել է նաեւ մարդկանց` ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը: Փաստելով, որ մարտին հայտարարված արտակարգ դրության օրերին Ազգային ժողովը սահմանափակումներ է մտցրել այս դաշտը կարգավորող օրենքում, ապա, միջազգային հանրության ճնշումների տակ` վերանայել դրանք, զեկույցը արձանագրում է. «Կառավարությունը մերժել է ընդդիմության բազմաթիվ դիմումները` մարտի վերջին հրապարակային ցույցեր անցկացնելու վերաբերյալ, առնվազն 90 մարդ ձերբակալվել է` խաղաղ քաղաքական զբոսանքների մասնակցելու համար»:
«Բացի այդ, հայաստանյան իրավապաշտպանների համաձայն, մարտի 1-ի կապակցությամբ ազատազրկվածներից մի քանիսը ֆիզիկական ճնշումների են ենթարկվել ձերբակալության ժամանակ, Ոստիկանության մեկ բաժանմունքից մյուսը տեղափոխելիս կամ մեկուսարանում, մինչդեռ պաշտոնյաները չեն հետաքննել այս բողոքները»,- նշված է զեկույցում: Ընդհանուր առմամբ, ըստ իրավապաշտպան կազմակերպության, խոշտանգումներն ու ազատազրկվածների նկատմամբ վատ վերաբերմունքը մնում են լայնորեն տարածված երեւույթ Հայաստանի բանտերում: Իսկ զեկույցի ամփոփիչ հատվածում «Human Rights Watch»-ը արձանագրում է. «Միջազգային դիտորդները փետրվարյան նախագահական ընտրությունները գնահատեցին հիմնականում երկրի ստանձնած պարտավորություններին համապատասխան, սակայն մտահոգություններ հայտնեցին ընտրական գործընթացի վերաբերյալ: Իշխանությունների կողմից օգտագործված ուժի եւ ցուցարարների ձերբակալությունների կապակցությամբ բազմիցս մտահոգություն է արտահայտել նաեւ Եվրամիությունը, իսկ Միացյալ Նահանգները սառեցրել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի 5-ամյա ծրագրի հետագա հատկացումները»: