Եվս մեկ այց

17/01/2009

Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆերրերո Վալդները հունվարի 19-ին կժամանի Հայաստան: Այդ մասին հայտնել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նախատեսված են հանձնակատարի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանի հետ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Եվրահանձնաժողովն ազդարարել է Արեւելյան նոր գործընկերության վերաբերյալ իր առաջարկի մասին, որով Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ Եվրամիության հարաբերությունների փոփոխություն է նախատեսվում: Գործընկերությունը ենթադրում է քաղաքական ներգրավվածության աստիճանի էական բարձրացում, ներառյալ Գործակցության վերաբերյալ նոր համաձայնագրեր, ԵՄ տնտեսության հետ հեռահար ինտեգրում, քաղաքացիների համար ԵՄ տարածքով դյուրին ճանապարհորդելու հնարավորություն, էներգետիկ անվտանգության ընդլայնված միջոցառումներ, որից կօգտվեն շահագրգիռ բոլոր կողմերը, նաեւ` լրացուցիչ ֆինանսական օժանդակություն: Ծրագրվում է, որ հանձնակատարի այցը կկրի տարածաշրջանային բնույթ. նա կայցելի նաեւ Վրաստան եւ Ադրբեջան: Ուշագրավ է, որ ԵՄ պաշտոնյան Հայաստան է այցելելու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի այցից ընդամենը երկու օր անց: