Դատախազությունը «հոգում է անձնական կարիքները»

17/01/2009

Մարտի 1-ի նախաքննական մարմինը վերջապես պարզել է ընդդիմության տարածած տեսաերիզում զինվորականների ներկայությամբ զինվող անձի ինքնությունը:

«Նա ՀՀ ՊՆ թիվ N զորամասի վարորդ Անդրեասյանն է, ով որպես վարորդ, իրեն ամրակցված ավտոմեքենայով, օգնության կարգով ներգրավված է եղել ՀՀ Ոստիկանության ուժերի տեղաբաշխման գործընթացին: Իսկ ինքնաձիգը նրանը չէ, այլ շարասյան ավագինը, ով տվյալ պահին իր անձնական կարիքները հոգալու համար հեռացել էր՝ ինքնաձիգը թողնելով վարորդի մոտ»,- «Ա1+»-ին ասել է Հատուկ քննչական ծառայության Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը: Ըստ նրա, Անդրեասյանը եղել է զորամասի վարորդը եւ վարել «Զիլ» մակնիշի ավտոմեքենա: Պարզվե՞լ է, թե ինչ զենք է եղել նրա տրամադրության տակ, եւ արդյո՞ք օգտագործվել է այն: Այդ հարցին ի պատասխան՝ Վ. Հարությունյանը ասել է. «Նա ամրակցված զենք չի ունեցել, շարասյան ավագը, անձնական կարիքները հոգալու համար, ինքնաձիգը թողել էր վարորդի մոտ, ապա վերցրել: Տվյալ ինքնաձիգը չի օգտագործվել, եւ որեւէ կրակոց չի արձակվել»: Հիշեցնենք, որ տեսանյութում վարորդ Անդրեասյանը «իրեն պահ տված» զենքը գցում է ուսին եւ վրայից հագնում կաշվե բաճկոնը: Իսկ զինվորական սահմանված կարգի համաձայն, զենքը ստորագրում-ստանում եւ ստորագրում-հանձնում են: Իսկ թե ինչու է մարտի 1-ի լարված իրավիճակում «շարասյան ավագը» զենքը թողել իր վարորդի մոտ` կարելի է միայն կռահել: Իսկ «Ա1+»-ի հարցին, թե ինչու էր այդ ժամին Պաշտպանության նախարարության վարորդը գտնվում այդտեղ, այն դեպքում, երբ այդ ժամին արտակարգ դրություն քաղաքում դեռեւս հայտարարված չէր, եւ արդյո՞ք նա սադրելու դիտավորությամբ չի զինվում, ինչի մասին բազմիցս ակնարկել են ընդդիմադիր գործիչները` Վահագն Հարությունյանը պատասխանել է. «Նման սադրողների առկայության մասին նախաքննական մարմնին ոչինչ հայտնի չէ, եւ եթե կան անձինք, ովքեր ունեն նման տվյալներ, ապա շնորհակալ կլինենք, եթե կոնկրետ տվյալներ ներկայացնեն եւ ոչ թե մերկապարանոց հայտարարություններով հանդես գան: Ինչ վերաբերում է տվյալ վարորդին, ապա, այո, նա կառավարության շենքի մոտ է եղել ավելի վաղ, մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը, նրա հետ միասին՝ այլ վարորդներ, ովքեր իրականացրել են Ոստիկանության ուժերի տեղափոխումը»: Այսինքն, ինչպես նկատում է «Ա1+»-ը, ըստ էության, Վահագն Հարությունյանը հաստատում է մարտիմեկյան իրադարձություններում ՊՆ-ի մասնակցության փաստը, ինչը բազմիցս հերքել են պաշտոնատար անձինք: Մնում է ճշտել, թե ով է հրաման տվել բացառապես երկիրը արտաքին ագրեսիայից պաշտպանելուն կոչված բանակը ներգրավել քաղաքական խնդիրների լուծման գործընթացում: Վահագն Հարությունյանը ասել է, որ մայրաքաղաքում այդ օրը հասարակական անվտանգությունը, կառավարական շենքերի պահպանությունն ապահովելու գործընթացին ներգրավված են եղել Ոստիկանության ուժերը, որոնց տեղափոխումն ու տեղաբաշխումը լիարժեք ապահովելու նպատակով Ոստիկանության տրանսպորտային միջոցները չեն բավականացրել, եւ օգնության համար Ոստիկանությունը դիմել էր Պաշտպանության նախարարությանը` խնդրելով տրամադրել ավտոմեքենաներ` իրենց վարորդներով: «Անդրեասյանն իրենց զորամասի մնացած վարորդների եւ ավտոմեքենաների ավագների` պատասխանատուների հետ միասին եղել են Ոստիկանության ուժերի տրամադրության տակ եւ կատարել Ոստիկանության զորքերի հրամանատարության հանձնարարությունները»,- ասել է Վ. Հարությունյանը: Նա նաեւ շեշտել է, որ «զանգվածային անկարգությունների վայրում այդ երիտասարդը չի եղել»: Ըստ նրա, կառավարության շենքի մոտ գտնվող ուժերը Ոստիկանության տարբեր ծառայությունների ստորաբաժանումների ներկայացուցիչներ են եղել: «Մասնավորապես՝ Պետական պահպանության վարչության ծառայողներ, ովքեր տվյալ պահին իրականացնում էին ՀՀ կառավարության շենքի պահպանությունը եւ Պարեկապահակետային ծառայության գնդի եւ Ոստիկանության զորքերի ծառայողներ, ովքեր ներգրավված են եղել հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման միջոցառումներին»: Սակայն մարտի 1-ին եւ երկուսին նույն այդ կառավարության շենքի հարակից հատվածում էին գտնվում ինչպես ՊՆ-ին պատկանող համազգեստով զինվորականներ, այնպես էլ կուրսանտներ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից: Իսկ հարցին` նախաքննությունը պարզե՞լ է, թե ովքեր են դիմակավորված անձինք, որոնք դիմահար կրակ են բացում Լուսավորչի փողոցից դեպի Մաշտոցի պողոտա, Վահագն Հարությունյանն ասել է. «Ձեր կողմից հիշատակված տեսագրություններում պատկերված անձինք ոչ թե դիմակավորված են, այլեւ կրում են սաղավարտներ, ինչը Ոստիկանության Ներքին զորքերի հանդերձանքի մաս է կազմում: Այսինքն՝ Ոստիկանության զորքերի ծառայողներ են, ովքեր օգտագործել են անգնդակ փամփուշտներ»: Իսկ արդյո՞ք միայն իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են մասնակցել մարտի 1-ի օպերացիային. այս հարցին ի պատասխան՝ Վ. Հարությունյանն ասել է. «Այո, իհարկե»: Իսկ օլիգարխների թիկնազորերի մասնակցության մասին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ Հարությունյանն ասել է. «Ես նման տվյալի չեմ տիրապետում»: