Վրաստանի միավորված ընդդիմությունը պատրաստ է հրաժարվել նախազգուշական ակցիաներից եւ հունվարի 25-ին նշանակված հանրահավաքից, որպեսզի Վրաստանի ներկայիս իշխանությունների դեմ հանդես գա ընդդիմադիր բոլոր ուժերի միասնական ճակատով: Այդ մասին ասված է միավորված ընդդիմության` երեկ հրապարակված հայտարարության մեջ: «Այդ պատճառով մենք չեղյալ ենք հայտարարում ավելի վաղ նախատեսված նախազգուշական ակցիաները եւ կոչ ենք անում ընդդիմադիր ուժերին՝ ամենակարճ ժամկետում ավարտել խորհրդակցությունները բողոքի միասնական շարժում սկսելու շուրջ»,- նշված է հայտարարությունում: «Ներկայիս իշխանությունների առկայության պայմաններում Վրաստանում անկարելի է արդար ընտրություններ անցկացնել, ուստի միակ ելքը նախագահ Սահակաշվիլիին պաշտոնաթողության հարկադրելն է եւ դրանից հետո ազատ ընտրությունների նշանակումը»,- ասված է փաստաթղթում: Ներկայումս վրացական ընդդիմադիր բոլոր ուժերի միջեւ խորհրդակցություններ են ընթանում համատեղ հուշագիր մշակելու շուրջ, որում պահանջ է առաջադրվելու նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին՝ մինչեւ մարտի 15-ը հրաժարական տալ: Այդ պահանջը չկատարելու դեպքում վրացական ընդդիմությունը մտադիր է լայնածավալ հակակառավարական ակցիաներ սկսել ամբողջ Վրաստանում: