Մշտապես կիսատ ու մշտապես անավարտ վեպը

17/01/2009

Չգիտեմ՝ «Երեւան հյուրանոց» պոեմից հետո քանի նոր մարդ ճանաչեց Արմեն Շեկոյանին, բայց փոխարենը` շատերն իմացան, թե ովքեր էին մինչ այդ պոեմը ճանաչում նրան: Չեմ հաշվել ճանաչողների թիվը, բայց կասկածում եմ, որ անվերջ թվացող մարդահամարի այդ ցանկում է թաքնված իր կյանքը «անավարտ վեպի» հղացքով գրականություն դարձնելու Շեկոյանի արկածախնդրությունը:

Գրականագետների ձեռամբ կնքված «արդի հայ թերթոն վեպը» չի տեղավորվում թերթոնային սահմանումների մեր պատկերացումներում, ինչն ընդունում են հենց իրենք` գրականագետները:

Շեկոյանը հընթացս ուղղորդում ու խմբագրում է ժանրային բնութագրումներ փնտրող գրականագետների ջանքերը` անվանելով իր գործը «ինքնակենսագրական վեպ», «պատմավեպ», «մեր նորագույն պատմության մի հերթական ձեռնարկ» եւ այլն (Արմեն Շեկոյան, «Հայկական ժամանակ», գիրք 4-րդ, գլուխ 1-ին, այսուհետեւ կնշենք միայն գիրքն ու գլուխը): Հոդվածի գրելու ժամանակ գրքով լույս են տեսել վեպի չորս հատորները, իսկ «Առավոտ» օրաթերթի շաբաթօրյա իր բաժնում Շեկոյանն ավարտում է արդեն անավարտի վեցերորդ հատորը: «Անցյալ», «միջանկյալ», «միջանցիկ» ու «թափանցիկ» ժամանակների սերտաճումների ընթացքում ընթերցողը հասցրել է հեղինակի հետ ջուր վաճառել «Հանրապետական մարզադաշտի» մատույցներում, ընդունվել մանկավարժական ինստիտուտ, լինել ծովափնյա հանգստավայրում, Թիֆլիսում ու գյուղական դպրոցում, ծառայել Սումգայիթում, թափառել յոթանասունականների Երեւանի փողոցներով ու խինկալիանոցներով, կիսել Շերենցի մտահոգությունները թոռան ընդունվելու հետ կապված, Լիզայի ու Թամրազյանի հետ պարել «Սեւան» ռեստորանում, չլսել Դանիկի դարակազմիկ հայհոյանքը, ընդունվել աշխատանքի բժշկական ինստիտուտի թերթում եւ այս ողջ ընթացքում դուրս չգալ բուքմեյքերական գրասենյակներից ու շարունակել եկեղեցում մոմ վառել մեծ ու փոքր հաջողությունների հասնելու եւ անհաջողություններից խուսափելու համար:

Թեեւ փորձեցի դասավորել վեպի հնարավորինս ներկայացնելի ընդհանուր դիպաշարը, բայց, հաստատ, ավելի շատ բան բաց թողեցի, քան ներկայացրեցի, որովհետեւ արձանագրել Շեկոյանի անցումներն ու թռիչքները, ընդհանրապես, անշնորհակալ գործ է, ու եթե Մաթեւոսյանի մոտ գյուղից քաղաք հասնելու համար «պետք է գնալ մի ցերեկ ու մի գիշեր», ապա Շեկոյանը մի վայրկյանում ոչ միայն հաղթահարում է կիլոմետրանոց տարածությունները, այլեւ կարճում նաեւ տասնամյակների միջեւ ընկած ժամանակային հեռավորությունը:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ ոչ մեկի մտքով չի անցնի քննադատել հեղինակի թռի-վռի գիրը, որովհետեւ հենց ինքը` Շեկոյանը, այդ քննադատությունն իր «անավարտի» հասցեին մեզնից շատ ու մեզնից լավ է անում: Ես մինչեւ այսօր չեմ լսել ու կարդացել այս վեպը քննադատող մի կարծիք, որը մինչ այդ նկատած ու վեպում անմահացրած չլիներ հեղինակը: Ճիշտ է, մեկ-մեկ էլ Շեկոյանն այնքան է տարվում քննադատների սպասվող արձագանքներն ու հենց իրենց` քննադատներին քննադատելով, որ սպասվող հոդվածներն այդպես էլ լույս աշխարհ չեն գալիս:

Շեկոյանը երկար-բարակ շատ է պատմում պոեզիայից արձակին անցնելու եւ «անավարտը» հղանալու մասին, բայց վեպի մտահղացումը ոչ միայն իր` հեղինակի անձով ու աշխարհընկալմամբ է պայմանավորված, այլ նաեւ մեր ժամանակով: Եթե փորձենք բնութագրել մեր այս նոր ժամանակը գրական տեսանկյունից, ապա, ըստ պատշաճի, առաջինը կնշենք անկախության ու խոսքի շատ թե քիչ ազատության մասին, հետո կհիշենք տեղեկատվական տարափի ու այդ տարափն ապահովող «փոխադրամիջոցների» մասին` հեռուստատեսություն, մամուլ, համացանց եւ այլն, չենք մոռանա վերջիններիս ազդեցությամբ պայմանավորել նաեւ «ընթերցասեր մեր ժողովրդի», մեղմ ասած, հեռացումը գրքից ու գրականությունից, երեւի կարոտով հիշենք նաեւ գրականությամբ գումար վաստակելու խորհրդային տողածին ու էջածին հոնորարների ու դրանց վերացման մասին եւ վերջում կարձանագրենք ամենակարեւորը` մեր նոր կյանքի հարափոփոխ ռիթմերի ու գրականության «դանդաղ ժամերի» աչքածակող հակադրությունը:

Հիմա տեսեք` Շեկոյանն ամբողջությամբ օգտվում է մեր նորանկախ պետականության երազած խոսքի ազատությունից, տեղեկատվական տարափի «փոխադրամիջոցներից»` տպագիր մամուլից ու համացանցից (վեպը կարելի է ընթերցել նաեւ «Առավոտ» օրաթերթի համացանցային կայքում)՝ ոչ միայն չկաշկանդվելով, այլեւ օգտագործելով դրանք ի շահ գրականության, ու չի նեղանում, երբ վեպից կարդացած հատվածը մեկ-մեկ թերթային հոդվածի հետ են շփոթում, պարբերականության միջոցով հաջողացրել է գրականությունը համատեղել աշխատատեղի ու դրանով պայմանավորված հոնորարի հետ (բայց երեւի գրականությամբ տուն պահելու հարցը նույնիսկ այս հնարամտություններով դժվար թե կարելի լինի լուծված համարել) եւ, ամենակարեւորը` պատմելով «անցյալ ժամանակի» մասին` ձեռքը պահել նաեւ ներկայի զարկերակի վրա ու անցյալի վիպումը համատեղել համաժամանակյա հղումներով ու արձագանքներով:

Փաստորեն, Արմեն Շեկոյանը եթե չի էլ գրում «մեր ժամանակի վեպը», ապա կարելի է ասել, որ հյուսում է մեր ժամանակների ամենաժամանակակից վեպը, իսկ ըստ Վահան Իշխանյանի` «Թերթի շնորհիվ Շեկոյանի վեպը Հայաստանի ամենաընթերցվող գործն է»: Նույն Վահան Իշխանյանը վեպի անավարտ հղացքի ու դրա շարունակականությունն ապահովող ընթերցողական գործոնի մասին նկատում է. «Վեպի ամեն հաջորդ գլուխ գոյություն ունի ապագայում, եւ դեռեւս ինքը հեղինակն էլ չգիտի, թե ինչ պիտի լինի այնտեղ: … Ընթերցողները դառնում են խորհրդատու, պատումը լրացնողներ ու պատումի հեղինակներ»:

Հակադրվելով որոշակիորեն ընդունված գրական ճաշակին եւ այս կամ այն օրինաչափություններին` վեպը դառնում է նաեւ նոր ճաշակի ձեւավորող ու թելադրող միաժամանակ, որովհետեւ կենդանի կապի մեջ է հենց ընթերցողների պահանջների, կարծիքների ու վերաբերմունքի հետ: Եթե Պարգեւը կամ Դանիկը հեղինակին հորդորում են գրի առնել այս կամ այն պատմությունը ու մինչեւ այդ դժգոհում էին վեպի այս կամ այն հատվածի ձգձգվածությունից, ապա «պատվերի» կատարմամբ Շեկոյանը ոչ միայն փարատում է դժգոհություններն ու ապահովում վեպի շարունակականությունը, այլեւ, ըստ էության, շարունակելով այն, ինչ ինքն անում էր, վեպ գրելու իր օնլայն խաղարկմամբ խմբագրում նաեւ գրականության հանդեպ ընթերցողական հայեցող վերաբերմունքի ավանդական կարծրատիպերը:

Շեկոյանի սայթաքումներից եւ ոչ մեկը, փաստորեն, վեպի համար ճակատագրական նշանակություն չի ունենում, որովհետեւ դրանք նաեւ ընթերցողների սայթաքումներն են, կամ հեղինակը նախօրոք ապահովագրել է իրեն ձախողումից` ընթերցողի հետ կիսելով անհաջողությունների «մեղքը», ու դրանով նա ոչ միայն չի կորցնում իր ընթերցողին, այլեւ ավելի հասկանալի ու ընդունելի է դառնում նրա կողմից: Շեկոյանը վեպում այսպես է ձեւակերպում. «… գլխիցս մեծ գործեր եմ բռնում` փորձելով գրել ոչ միայն բոլորի մասին, այլ բոլորի համար» (գիրք 1-ին, գլուխ 13-րդ):

Անավարտ վեպը շարահյուսվում է հար եւ նման մարաթոնյան վազքի սկզբունքներին, երբ ընթացքում կարեւորը ոչ թե վազքատարածքի առաջատարը լինելն է, այլ վազորդների մեծ խմբից հետ չմնալն ու մշտապես նրանց մեջ գտնվելը, ուր ոչ միայն դու ես տանում խմբին, այլ նաեւ ու հատկապես խումբն է տանում քեզ:

«Ընդհանրապես նայող տոհմի» ու «ամեն ինչ զննող ու տեսնող ազգուտակի» տղա Արմեն Շեկոյանն իր «անավարտի» համար երկու հիմնական սկզբունք է որդեգրել, որոնք տատից ու հորից են գալիս, եւ որոնց մասին հեղինակն առաջին հայացքից իմիջիայլոց, բայց խորքում` շատ էլ դիպուկ ու տեղին հիշատակում է հենց վեպի առաջին էջերում։

Շեկոյանի վեպն էլ հենց անցյալին ուղղված տատի ու ներկան տեսնող հոր հայացքների համաժամանակյա պարբերականության ձուլածո է: Հեղինակը իր վեպի ինքնաքննադատական «պոռթկումներից» մեկում խոստովանում է. «… անփույթ թռնելով էլ հիմա իմ իսկ կյանքի դեպքերն եմ շարադրում ու գրի առնում` կարեւորն ու անկարեւորը, հետաքրքիրն ու անհետաքրքիրն իրարից չջոկելով, չառանձնացնելով ու իրար խառնելով» (գիրք 1-ին, գլուխ 4-րդ): Բայց կյանքը չվիպականացնելով, այլ ընդհակառակը` ժանրային կաղապարներից հետեւողականորեն ազատվելով, Շեկոյանը ձգտում է բաց տեքստ ստանալ, ուր ոչ թե կյանքն է խմբագրվում ըստ վեպի կանոնների, այլ կանոններն են շրջանցվում` ըստ կյանքի թելադրանքի:

Ինչպես կյանքի, այնպես էլ վեպի հիմնական «խմբագիրներից» եւ ուղղորդողներից մեկը դառնում է անակնկալը, որը փոխում է կարեւորի ու անկարեւորի, հետաքրքիրի ու անհետաքրքիրի ընդունված հարաբերակցությունը: Չէ՞ որ ոչ մի օրաթերթի կամ այլ լրատվամիջոցի խմբագիր չի կարող ասել, թե ինչ լուր է լինելու իր թերթի առաջին էջին մի շաբաթ հետո: Պատահական չէ, որ Շեկոյանը «նախ գրում է այն մասին, թե ինչ եղավ, եւ հետո նոր միայն այն մասին, թե ինչպես եղավ» (գիրք 1-ին, գլուխ 10-րդ):

Այստեղ պատճառն ամենեւին էլ սկսնակ արձակագիր լինելը չէ, ինչպես արդարանում է հեղինակը, այլ պարզապես բաց տեքստի դեպքում «ինչը» միշտ էլ առաջ է ընկնում «ինչպեսից»: Շեկոյանը գիտի նաեւ, որ վիպական բոլոր ֆորմաներից շեղվելն իր բռնած գործի բնույթով է պայմանավորված. «… պայմանականորեն ու հարաբերականորեն եմ վեպ անվանում, քանի որ մեր էս խառն ու անհեթեթ ժամանակներում շատերն են իրենց անհեթեթությունների անունը վեպ դնում…» (գիրք 1-ին, գլուխ 13-րդ): Բայց ի տարբերություն «շատերի անհեթեթությունների»` Շեկոյանինը կարդում են: «Հայկական ժամանակի» շարահյուսման երկու տարբերակիչ առանձնահատկություններից են երկար դիալոգներն ու բազմաբարդ նախադասությունները: Հեղինակն ունի նաեւ սրանց բացատրությունն ու պատվիրատուն. «Էդ դիալոգներդ շատ չե՞ս երկարացնում»,- մեր վերջին հանդիպման ժամանակ ասաց Կարոն: «Առաջ էլ քննադատում էիր, որ դիալոգ քիչ եմ գրում»,- ասացի ես» (գիրք 2-րդ, գլուխ 23-րդ): Մի կողմից, փաստորեն, հեղինակը հետեւում է ընթերցողների պահանջին, մյուս կողմից` ունի իր անձնական պատճառներն ու արդարացումները: Եթե ուշադիր լինենք, ապա կնկատենք, որ դիալոգների ժամանակ ամենաքիչ խոսողն ու իր կարծիքը հայտնողը հենց հեղինակն է:

Շեկոյանը զրույցների համբերատար լսողի իր կարգավիճակն ու կուլտուրան փոխանցում, հաճախ նաեւ պարտադրում է ընթերցողին` լուռ ու չբողոքող ունկնդրի իր օրինակով «ստիպելով» նաեւ ընթերցողին` հետեւել արդեն իր երկար ու անվերջ թվացող բազմաբարդ նախադասությունների շարանին: Երկար դիալոգների կապակցությամբ Վահան Իշխանյանը նկատում է. «… խոսակցության երկարությամբ իրականության պատրանք ստեղծելը, գրականության ժամանակը եւ իրականության ժամանակը համընկեցնելը, որ առաջին հայացքից ասես հեղինակի «բացակայություն» է հիշեցնում, իրականում, հեղինակի մի այնպիսի միջամտություն է, որի շնորհիվ իրականությունն ավելի, անհեթեթության չափ իրական է դառնում, միջամտություն, որ իրականության պատրանքի տակ անհետանում է»:

Նույնը կարելի է ասել բազմաբարդ ու անվերջակետ պարբերությունների մասին, երբ հեղինակի խոհն ու դատողությունները ներկայացվում են ոչ թե եզրակացությունների ձեւով, այլ մտքի անխմբագիր հոսքերով, երբ ընթերցողը համբերատար պիտի անցնի հեղինակի մտածողության բոլոր փուլերով` նրա հետ գտնելով կամ այդպես էլ չգտնելով անհրաժեշտ պատասխանները, այսինքն` ընթերցողը ոչ թե ստանում է իրեն կամ հեղինակին «տանջող» այս կամ այն հարցի պատասխանը, այլ «տանջվում» հեղինակի հետ` այդ պատասխանը գտնելու համար: Երկու դեպքում էլ բացակայում կամ գրեթե բացակայում է հեղինակային մոնտաժը, եւ վիպական տարածությունը հագեցվում է «հում նյութով»:

Գրականագետ Հայկ Համբարձումյանը խոսելով վեպի հերոսների ու նրանց կապող հիմնական հերոսի` հեղինակի մասին, նկատում է. «… բայց գլխավորապես վեպը նվիրված է հայկական ժամանակին, որի մեջ էլ տեղի են ունենում գործողությունները: Ըստ այդմ էլ` հայկական ժամանակը հավակնում է լինել վեպի գլխավոր հերոսը…»:

Հեղինակի ժամանակային ընկալման ու վիպամտածողության տրամաբանությունը ենթադրել է տալիս, որ պարտադիր ավարտի միակ հոմանիշը մահն է, որ անդին է հեղինակի տնօրինման սահմաններից, իսկ սեփական ձեռքով ավարտելու երկվորյակը` ինքնասպանությունը, որի գաղափարից եւս շատ հեռու է հեղինակային տեքստը: Ժամանակի հետ հեղինակի «սիրավեպի» մյուս դրսեւորումը նրա` պարբերական կրկնությունների խաղարկումն է:

Շեկոյանը որոշակի օրերի ու ժամերի համընկնում-կրկնությունները մի դեպքում օգտագործում է անցյալի ու ներկայի կտրված թելերն ագուցելու համար, այսպես` տարօրինակ օրինաչափությամբ բանակային պատմությունների շարադրման օրը համընկնում է բանակ գնալու օրվա հետ, մեկ այլ դեպքում ժամանակային համընկնումը վերածվում է ողբերգական ճակատագրի անհաղթահարելիությունն ընդգծող խորհրդանիշի, ինչպես «Տասնութ պակաս» գլխում (Գիրք 3-րդ, գլուխ 13-րդ):

Եթե վեպը, թերթոնի ձեւաբանության թելադրանքով, կոչված է ապահովել ժամանցային նախապայմանը, ապա այդ ժամանցը եւս հեղինակային խաղի կանոններից է, որովհետեւ Շեկոյանը մի կողմից շարահյուսում է իր կյանքի ժամ-անցումները, զուգահեռ տալիս հայկական ժամանակն ընդգրկող վերջին 40-ամյակի ժամ-անցումները, իսկ, ասենք, երկրում ստեղծված արտակարգ իրավիճակի ռեժիմով թելադրված ժամանակի պայմանական կանգառը համաբանում սեփական վեպի ժամ-անցումի դադարեցմամբ: Ասել է թե՝ Շեկոյանի վեպն ապրում է մեր պես ու մեր ռիթմով, եւ շատ հեշտ է հենց վիպումի բոլոր թերացումների մեջ տեսնել նաեւ մեր թերացումները: Իսկ գրողի վարպետությունն այդ բոլոր «թերացումները» համեմելու մեջ է: Ընդհանրապես, Շեկոյանի վեպի թե՛ ներժանրային խաղերը, թե՛ շարահյուսման ձեւերն ու ընթերցման կոդերը շատ լավ են արտահայտվում հեղինակի առանձնացրած գլուխների վերնագրերում:

Երկխոսությունների «տարափի» շարունակականությունը հեղինակը հաճախ վերնագրում է գեղարվեստական ֆիլմերի անվանումներով, որոնք նաեւ ապահովում են նոստալգիկ մթնոլորտը` «Նվագախմբի տղաները», «Երջանկության մեխանիկան», «Մենք ենք, մեր սարերը» եւ այլն, վեպի սերիալային համաբանությունն ընդգծելու համար էլ մի գլուխը վերնագրել է «Սուրճ կնոջ բուրմունքով»:

Գրական հանդիպումների ու գրողական կենցաղի ցուցիչները հաճախ դառնում են տարբեր գրական ստեղծագործությունների վերնագրերով գլուխները, որոնք մեկ-մեկ բառախաղային տարբերակներով են համեմվում` «Երկրի ջիղը», «Ծերունին եւ ծովը», «Թաց օգոստոս», «Չե՛ս ծերանում, Պարո՛ւյր Սեւակ» եւ այլն: Հրապարակագրության վկայությունների գործառույթը ապահովում են քաղաքական գործիչների ու տարբեր կուսակցությունների լոզունգներից վերցված վերնագրերը`«Աշխատենք միասին», «Հին ընկերները չեն դավաճանում» եւ այլն: Պարտադիր չէ, որ կոնկրետ ենթատեքստ ունեցող վերնագրով գլուխը ամբողջությամբ ընդգրկի կամ արտահայտի ընտրված վերնագիրը: Խոսուն վերնագրերը ավելի շուտ բացահայտում են վեպի գրավոր տրամադրությունները եւ մատնանշում «ժամ-անցի» հիմնական մոտիվները:

Գլուխների ինքնատիպ վերնագրումներն ասվածից զատ աչքի են ընկնում նաեւ վիպական կառույցի մեջ առանձին նովելային պատմություններ ստեղծելու հատկականությամբ:

Նովելային այդ պատմությունները, որոնցից կարելի է առանձնացնել մի քանիսը` «Սուրճ կնոջ բուրմունքով», «Մի՛ վշտանա», «Մայակովսկու մրցանակակիրը», «Հաջողությո՜ւն, պարոն Գրեցկի», «Պատմություն փուչ պոպոքների մասին», «Երջանկության մեխանիկան» եւ այլն, թեեւ օրգանապես ներհյուսվում են վիպական հյուսվածքին ու նրա մասերից են, սակայն առանձնանում են ամբողջից նրանով, որ սկսվում են եւ ավարտվում: Սրանցով եւս հեղինակը պահպանում է կյանքի ու այդ կյանքը գրի միջոցով վերապրելու տրամաբանությունը:

Ավարտվում են առանձին պատմությունները, բայց ինքը Պատմությունը անավարտ մեծություն է, ինչպես որ ավարտվում է ժամը, օրը, տարին, բայց անավարտ է մնում Ժամանակը: Այս տրամաբանությունը հեղինակի իրականացմամբ նաեւ ժանրային սահմանում գտնելու որոշակի հեռանկար է հուշում, որն, անշուշտ, չի հավակնում վերջնական ու սպառիչ լինել, բայց մեկնում է գրողի աշխարհայացքը:

Կարելի է ենթադրել, որ, ըստ Շեկոյանի, պատմվածքն՝ ավարտվող, իսկ վեպը` անավարտ ֆորմա է. «… ո՞վ է այսինչ կամ այնինչ գրողին արգելում իր թեկուզ հակասական ու բազմափուլ կյանքը ներառել ընդամենը մի վեպի մեջ կամ, որ իմ դեպքում է ցանկալի ու հնարավոր, բազմահատոր մի վեպում. եւ եթե մյուս գրողները դա չեն արել, բավարար պայման չէ, որ դու էլ չանես, մանավանդ որ` ժանրիդ հնարավորություններն էդ առումով անսահմանափակ են…» (Գիրք 2-րդ, գլուխ 1-ին):

«Հայկական ժամանակը» ընթերցման իր տարբերակներն ունի` ընթերցել իբրեւ ժամանց, իբրեւ վավերագրություն եւ իբրեւ հորինվածք:

Վավերագրության ու հորինվածքի մասին շատ է խոսում նաեւ հեղինակը` վեպում մի քանի անգամ նկատելով, որ հաճախ իր հորինածն ընդունվում է իբրեւ ճշմարտություն, իսկ իրականը` իբրեւ հորինվածք: Սրանից Շեկոյանը ամենեւին չի նեղվում, այլ նկատում է. «… ես, փաստորեն, գրի եմ առնում ոչ միայն այն ամենը, որ տեղի ունեցավ իմ կյանքում, այլեւ այն ամենը, որ կարող էր իմ կյանքում տեղի ունենալ» (Գիրք 2-րդ, գլուխ 8-րդ):

Վավերագրությունը դառնում է այն քարտեզը, որով առաջնորդվում է հեղինակը, իսկ հորինվածքի միջոցով փորձում է լրացնել ու հարստացնել այն: Այսինքն` ոչ միայն «վերապրում» է իր կյանքը, այլ ձեռքի հետ նաեւ «ապրում» այն, ինչն այս կամ այն հանգամանքի բերումով չէր հաջողվել կյանքի կոչել: Եթե մի քիչ հեռու գնանք, ապա կարող ենք ենթադրել, որ Շեկոյանը գրում է իր կյանքի «իդեալական պատմությունը», ուր անկատար ոչինչ չի մնացել կամ չի մնալու:

Վահրամ Դանիելյան

www.hetq.am
Տպագրվում է որոշ կրճատումներով