«Շա՛տ, շա՛տ վատ են վերաբերվում»

03/07/2005 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Տիգրան
Նաղդալյանի հայրը, որը դատական հայց է ներկայացրել դատարան` Արմեն
Սարգսյանի ընտանիքից որպես բարոյական փոխհատուցում պահանջելով 100 հազար
ԱՄՆ դոլար։ Սա, շատերի գնահատմամբ, իշխանությունների հերթական պատվերն է,
որով վերջիններս ցանկանում են Արամ Սարգսյանին հասկացնել, թե ինչ
հետեւանքներ կարող է ունենալ իր ԱՄՆ մեկնելն ու այնտեղ հանդիպումներ
ունենալը:

Նշենք, որ Տ. Նաղդալյանի հայրն իր պահանջը հիմնավորել է նրանով, թե
Սարգսյանների «հանցագործ ընտանիքը», որը երկար տարիներ «թալանել է մեր
երկիրը», պետք է փոխհատուցի իր եւ իր ընտանիքի բարոյական վնասը:
ԱԺ պատգամավոր, «Ոգու փորձություն» կազմակերպության փոխնախագահ Սասուն
Միքայելյանն այս առնչությամբ մեզ հետ զրույցում ասաց. «Վազգեն Սարգսյանի
ընտանիքին ես ճանաչում եմ երկար տարիներ: Վ. Սարգսյանը եղել է ու կա մեր
Սպարապետը: Բոլորիս է հայտնի, թե նա ինչեր է արել մեր երկրի համար` սկսած
ազատագրական պայքարից: Ի՞նչ թալանի մասին է խոսքը,- զարմացած ասաց Ս.
Միքայելյանը` հավելելով,- վերջին տարիներին, երբ Վազգեն Սարգսյանը
վարչապետ էր, բոլորս տեսանք, թե ինչպես էր նա ուզում զարգացնել մեր
տնտեսությունը, որպեսզի թալան չլինի մեր երկրում: Ամոթ էլ է նման բանի
մասին խոսելը»: Իսկ ինչ վերաբերում է «բարոյական փոխհատուցման» պահանջին,
ապա պատգամավորն ասաց. «Իմ ուղեղի մեջ չի էլ տեղավորվում, թե դա ինչ
պահանջ է»: Իսկ մեկ այլ պատգամավորի՝ Էմմա Խուդաբաշյանի գնահատականն այս
առնչությամբ հետեւյալն էր. «Ես բարոյական չեմ համարում, երբ որեւէ զոհի
կամ մեռելի տերը ֆինանսական փոխհատուցում է պահանջում: Ոչ մի զոհ կամ
մեռել գին չունի. նա անգին է»: «Արդարություն» դաշինքի պատգամավոր Գրիգոր
Հարությունյանը նույնպես այն համոզմունքն ունի, որ Նաղդալյանների ընտանիքի
այս քայլն ուղղորդված է իշխանությունների կողմից. «Ես շա՛տ վատ եմ
վերաբերվում այդ քայլին: Շա՛տ: Ցավալին այն է, որ մենք այս
իշխանություններից ուրիշ բան չէինք էլ սպասի: Ես համոզված եմ, որ սա
ուղղորդվող գործընթաց է, ձեռագիրը նույնն է, եւ սրանով մեկ անգամ եւս
բացահայտվում են այդ մարդկանց դեմքերը: Ես համոզված եմ, որ Արմեն
Սարգսյանը որեւէ մեղավորություն չունի Տ. Նաղդալյանի սպանության մեջ:
Այնպես որ` այս ամենն ինձ դարձյալ հիշեցնում է 37 թիվը,- ասաց Գրիգոր
Հարությունյանը` շարունակելով,- այդ մարդիկ ի՞նչ բարոյական իրավունք ունեն
կպնելու մի ընտանիքի, որն իր լուրջ ներդրումն ունի թե՛ մեր անկախության
ձեռքբերման, թե՛ բանակաշինության, եւ թե՛ ազգային այլ հարցերում»:
Այս հարցի նկատմամբ խիստ չեզոք դիրքորոշում արտահայտեց միայն «Ազգային
Միաբանություն» խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանը, որի
կարծիքով՝ «դա Նաղդալյանների ընտանիքի բարոյական իրավունքն է, իրենց գործն
է, թող դատարանը որոշի` ինչ անել»:
Իսկ ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, որը տարբեր առիթներով
հայտարարում է, թե որքան մտերիմ հարաբերությունների մեջ է Սարգսյանների
ընտանիքի հետ, անկախ նրանից, թե այդ ընտանիքի անդամները քաղաքական ինչպիսի
հայացքներ ունեն, դեռեւս չի արտահայտել իր դիրքորոշումն այս առնչությամբ:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վազգեն Կարախանյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ինքը
շատ վատ է վերաբերվում այդ ընտանիքի նկատմամբ իրականացվող
հետապնդումներին. «Կարծում եմ, որեւէ մեկն իրավունք չունի նման
անպատասխանատու հայտարարություններ անելու (նկատի ունի «հանցագործ
ընտանիք» արտահայտությունը:- Լ.Ս.), առավել եւս մեծագույն մարդու ընտանիքի
մասին, որն իր ողջ կյանքը նվիրաբերել է իր հայրենիքին: Ով ուզում է դա
լինի»,- ասաց Վ. Կարախանյանը: Մեր հարցին` արդյոք ՀՀԿ-ն չի՞ պատրաստվում
նման որակումները դատապարտող հայտարարությամբ հանդես գալ, Վ. Կարախանյանը
պատասխանեց. «Տեղյալ չեմ, մենք ունենք կուսակցության խորհուրդ, եւ նման
հարցերն այնտեղ են քննարկվում: Դեռեւս նման հայտարարություն չկա»: