ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, թե ՀՀ իշխանությունները՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, «բավականաչափ աշխատանք կատարել են, որպեսզի ԵԽ ԽՎ-ն ձայնի իրավունքից չզրկի հայաստանյան պատվիրակությանը»: «Ես կարծում եմ, որ իշխանությունները, նախագահի գլխավորությամբ, բավականաչափ գործ արել են, որպեսզի պատժամիջոցներ չլինեն: Մշուշոտ եմ համարում այն հեռանկարը, որ ՀՀ-ն կզրկվի ձայնի իրավունքից, որովհետեւ չեմ տեսնում դրա համար շատ լուրջ հիմքեր,- ասել է նա` հավելելով,- Ամենակարեւորը` նախագահ Սարգսյանը ՀՀ-ում ստեղծել է բավականին դրական քաղաքական իրավիճակ: Եվ շատ հայտնի գործիչներից մեկը` տիկին Կոնդոլիզա Ռայսը, ասաց, որ ՀՀ-ն թեւակոխել է քաղաքական բարեփոխումների առաջընթացի ժամանակաշրջան: Մարտի 1-ի հանձնաժողովի մասին կարող եմ ասել. բոլորս տեսանք, որ Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովը չդարձավ իշխանությունների կամակատարը»: Հարցին, թե արդյոք ձայնի իրավունքից զրկելու համար լուրջ հիմք չէ՞ այն, որ ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովն արդեն արձանագրել է Հայաստանում քաղաքական բանտարկյալների գոյության փաստը եւ կոնկրետ պահանջներ է դրել նրանց ազատ արձակելու ուղղությամբ, նա պատասխանել է. «Խորհրդարանական դիվանագիտությունն ավելի ազատ է, քան պաշտոնական դիվանագիտությունը, ուստի խորհրդարանական դիվանագիտությունը կարող է տարբեր որակումներ իրեն թույլ տալ, եւ դա չի նշանակում, որ եթե խորհրդարանական եվրոպական դիվանագիտությունը օգտագործում է «քաղբանտարկյալներ» տերմինը, ուրեմն` ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ կամ չկան: Եթե Հայաստանը զրկվի կոնկրետ այդ ՀՀ շահերից, որովհետեւ այստեղ կա եւ՛ հեղինակության խնդիր, եւ՛ տարբեր խնդիրներ են առաջանում: Բայց ես նաեւ այն կարծիքին չեմ, որ եթե մեզ ձայնից զրկեն, ուրեմն սկսվում է խավարի ժամանակաշրջան, եւ ամեն ինչ վերջանում է»: