Մնաց երկու շաբաթ

14/01/2009

Այսօր Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է «7-ի գործով» հերթական դատավարությունը, որը, դատելով իրադարձությունների ընթացքից, կրկին անգամ հետաձգվելու է: Ընդ որում, հետաքրքիր զուգադիպությամբ՝ այսօրվա հերթական խայտառակ նիստի ավարտից մի քանի ժամ անց Հայաստան են ժամանելու Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլումբիեն` հունվարի 27-ի նիստից առաջ Հայաստանի կողմից ԵԽ ԽՎ հայտնի բանաձեւերի կատարման ընթացքը գնահատելու նպատակով: Թե ինչպե՞ս են իշխանությունները համազեկուցողներին փորձելու համոզել, որ «կատարել» են ԵԽ ԽՎ բանաձեւերի պահանջները, մասնավորապես` քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով, նույնիսկ իշխանության ներկայացուցիչները չգիտեն: Ավելին` դատելով վերջին օրերին նույն իշխանական գործիչների կողմից հնչող հայտարարություններից, թե «ԵԽ ԽՎ-ում ձայնի իրավունքից զրկվելով աշխարհը շուռ չի գա», թվում է, որ ՀՀ իշխանություններն արդեն համակերպվել են ԵԽ ԽՎ-ի կողմից պատժամիջոցների կիրառման հեռանկարի հետ եւ դրա համար հող են նախապատրաստում: Այսինքն` քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ Հայաստանը վերջնականապես «իզգոյ» երկրների շարքին դասելու երկու հնարավորությունների միջեւ իշխանությունը սկզբունքորեն արդեն ընտրությունը կատարել է: