Մեղադրել են

14/01/2009

Թուրքական «Էրգենեկոն» խմբավորման աղմկահարույց գործի շրջանակներում Թուրքիայի դատարանը հանգստյան օրերին մեղադրանք է առաջադրել 10-ից ավելի մարդու` ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու եւ պետական հեղաշրջում ծրագրելու հատկանիշներով: Նրանց թվում են նախկին ոստիկանապետը, թուրքական բանակի պաշտոնաթող գեներալներ եւ բարձրաստիճան զինվորականներ: Շաբաթ օրը մեղադրանք է առաջադրվել 4 հոգու նկատմամբ, իսկ կիրակի օրը` եւս 9-ի: Նրանցից մեկը պաշտոնաթող գեներալ Քեմալ Յավուզն է, որը վերջին շրջանում հանդես էր գալիս կառավարության դեմ ուղղված խիստ քննադատական հարցազրույցների շարքով: Ըստ թուրքական լրատվամիջոցների, բոլոր մեղադրյալները աշխարհիկ կարգերի կողմնակիցներ են: Անցյալ շաբաթվա կեսերին վերսկսված օպերատիվ գործողությունների արդյունքում «Էրգենեկոնի գործով» ձերբակալվել է շուրջ 40 մարդ, այդ թվում` Ստամբուլի նախկին քաղաքապետ Բեդրեթին Դալանը, նախկին գլխավոր դատախազ Սաբիհ Քանադօղլուն: «Ֆրանսպրեսի» եւ «Ասոշիեյթիդ փրեսի» փոխանցմամբ, թուրքական դատարանը կիրակի օրը միաժամանակ որոշել է ազատ արձակել կասկածյալներից 10-ին: Միաժամանակ նշվում է, որ շաբաթավերջին Թուրքիայի մի շարք շրջաններում իրականացված օպերատիվ գործողության արդյունքում Անկարայի շրջակայքում հայտնաբերվել է գաղտնի զինապահեստ: Ենթադրվում է, որ ձերբակալվածներն առնչություն ունեն դրա հետ: Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները ձերբակալությունները համարում են քաղաքական հետապնդման դասական օրինակ եւ հայտարարել են, որ Ռեջեփ Էրդողանի կառավարությունը պարզապես հաշվեհարդար է տեսնում այն բոլոր անձանց հետ, ովքեր երբեւէ քննադատել են իշխանություններին: Էրդողանն ընդդիմադիրներին խորհուրդ է տվել չմիջամտել քրեական գործընթացներին: «Էրգենեկոն» անվանումը կրող ընդհատակյա ցանցի շուրջ սկանդալը սկիզբ առավ 2008 թվականի գարնանը:

Գործի շրջանակներում ձերբակալվածների թիվն այժմ անցնում է 100-ից: