Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը տեղեկացրել է, որ Ուկրաինան երեկ վերաստորագրել է Եվրոպային գազ մատակարարելու պայմանագիրը՝ առանց հավելյալ պայմանների: ԵՄ միջնորդությամբ նախօրեին 2 երկրների միջեւ պայմանագիր էր ստորագրվել` ռուսական գազը Ուկրաինայի տարածքով Եվրոպա մատակարարելու վերաբերյալ, սակայն ՌԴ-ն պայմանագիրը չեղյալ էր հայտարարել, պնդելով, որ Ուկրաինան, առանց ռուսական կողմի հետ համաձայնեցնելու, փոփոխություններ է մտցրել համաձայնագրում: «Ռոյթերզի» փոխանցմամբ, «Գազպրոմի» տարածած տեղեկատվության համաձայն, ընկերության ներկայացուցիչները երեկ բանակցություններ են վարել Կիեւի հետ, որոնց արդյունքում պայմանագիրը վերակնքվել է «առանց հավելյալ դրույթների»: Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Ռուսաստանը դադարեցրել է գազամատակարարումը Ուկրաինային` այդ երկրի կողմից օգտագործված գազի դիմաց կատարվելիք վճարումների, ինչպես նաեւ՝ հետագա մատակարարումների գնի շուրջ ծավալված վեճի արդյունքում: Անցյալ չորեքշաբթի ՌԴ-ն նաեւ կասեցրել է Ուկրաինայի տարածքով գազամատակարարումները Եվրոպա` Ուկրաինային մեղադրելով իր տարածքով անցնող տրանզիտային գազի գողության մեջ, սակայն Ուկրաինան հերքում է այդ մեղադրանքները: