Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում պարզ կդառնա Հայաստանի Սահմանադրական
բարեփոխումների նախագիծը: Հունիսի 21-ին հրավիրվելու է ԱԺ արտահերթ նիստ,
որի ընթացքում նախագիծը պետք է քննարկվի եւ երկրորդ ընթերցմամբ ընդունվի:
Դրանից կախված կլինի նաեւ՝ արդյոք հունիսի 23-24-ին ԵԽ ԽՎ լիագումար
նիստում որպես հրատապ հարց կքննարկվի՞ Հայաստանի սահմանադրական
բարեփոխումների հարցը, թե՞ ոչ: Այսինքն՝ իշխանություններին ընտրություն
կատարելու համար մնացել է ընդամենը մեկ շաբաթ՝ կամ ընդունել Սահմանադրական
բարեփոխումների հարցով Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկները եւ
հանրաքվեի ներկայացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող
Սահմանադրություն, կամ խորացնել եվրոպական կառույցների հետ առանց այդ էլ
սրված հարաբերությունները՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ընդ որում,
եվրոպացիներին այս կամ այն ձեւով «ֆռռացնելու» ռեսուրսներն ու ժամկետները
սպառվել են: Վենետիկի հանձնաժողովը Հայաստանի իշխանություններից սպասում է
Սահմանադրական փոփոխությունների վերջնական տարբերակ եւ այլեւս միջանկյալ
զեկույցներով կոչեր անելու ու բացթողումները վերացնելու առաջարկություններ
ներկայացնելու ոչ ժամանակ ունի, ոչ էլ ցանկություն:
Մայիսի 10-ին առաջին ընթեցմամբ ընդունված Սահմանադրական փոփոխությունների
վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի անդամների Երեւանում տված
գնահատականները եւ հունիսի 11-ի պլենար նիստում ընդունված վերջնական
եզրակացությունը, բացի «խոր հիասթափության» վերաբերյալ ոչ առարկայական
ձեւակերպումներից, պարունակում էին նաեւ կոնկրետ դիտողություններ ու
առաջարկություններ: Մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովն արձանագրել էր,
որ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում ներառված չեն դեռեւս նախորդ
տարվա դեկտեմբերին հանձնաժողովի միջանկյալ զեկույցում արված
առաջարկությունները՝ կապված իշխանության թեւերի տարանջատման (նաեւ՝
խորհրդարանին կառավարություն ձեւավորելու լիազորություն տալու
վերաբերյալ), Արդարադատության խորհրդի ձեւավորման եւ նրա նախագահի
նշանակման, Երեւանի քաղաքապետի ընտրովիության հետ: Վենետիկի հանձնաժողովի
դժգոհություններն ու վերապահումներն, ընդհանուր առմամբ, հանգում են
նախագահի լիազորությունների խնդրին՝ առաջարկվող Սահմանադրական
փոփոխություններով նախագահի լիազորությունները ոչ միայն չեն նվազեցվում եւ
հավասարվում Ազգային ժողովի լիազորություններին (իշխանության թեւերի միջեւ
հավասարակշռություն ապահովելու տրամաբանությանը), այլեւ՝ մի շարք
դրույթներով նախագահի լիազորությունների շրջանակն ընդլայնվում է:
Նույն գնահատականները Վենետիկի հանձնաժողովի անդամները կրկնել էին ԱԺ
Եվրոպական կառույցների ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Տիգրան
Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ, որը Երեւան վերադառնալով՝ այդպես էլ
հստակ չասաց՝ իշխանություններն ընդունելո՞ւ են Վենետիկի հանձնաժողովի
բոլոր առաջարկությունները, թե՞ ոչ: Բացառությամբ «Օրինաց երկրի»,
կոալիցիայի մյուս կուսակցությունները Վենետիկի հանձնաժողովի
առաջարկություններն ամբողջությամբ չընդունելու հակվածություն ունեն եւ
անգամ խոսում են այդ կառույցի կողմից մեր երկրի ներքին գործերին
միջամտելու մասին: Սակայն միամտություն կլինի կարծել, թե այս հարցում
կոալիցիան որոշիչ դեր է ունենալու: Վենետիկի հանձնաժողովի գրեթե բոլոր
առարկությունները վերաբերում են նախագահի լիազորություններին եւ, ինչպես
մնացած հարցերում, որոշողը Ռոբերտ Քոչարյանն է լինելու: Վերջինս Վենետիկի
հանձնաժողովի անդամների հետ անցած շաբաթ Երեւանում կայացած հանդիպման
ժամանակ երկու բառով ներկայացրել էր Սահմանադրության եւ սահմանադրական
փոփոխությունների վերաբերյալ իր պատկերացումները. մերի տիպի երկրներին
պետք է «հզոր նախագահ»: Այսինքն՝ Քոչարյանն ակամա խոստովանեց, որ
սահմանադրական բարեփոխումներն իրականում կատարվում են ոչ թե եվրոպական
արժեքներին ինտեգրվելու, այլ անձամբ իր կամ, լավագույն դեպքում, իր
իրավահաջորդի դիրքերը «հզորացնելու» համար: Այնպես որ, ամեն ինչ կախված է
լինելու Ռոբերտ Քոչարյանի անձնական որոշումից, եւ կոալիցիան այս հարցի
ընդամենը տեխնիկական կողմն է ապահովելու: Բացի այդ, հազիվ թե կոալիցիայի
ներկայացուցիչներից որեւէ մեկը համարձակություն ունենա Քոչարյանին
բարձրաձայն ասելու, որ պետք է ընդունել նախագահի լիազորությունները
կրճատող առաջարկությունները: Ինչ վերաբերում է Քոչարյանին, ապա քիչ
հավանական է, որ նա համաձայնի ընդունել Վենետիկի հանձնաժողովի բոլոր
առաջարկությունները եւ հրաժարվի «հզոր նախագահի» գաղափարից: Քոչարյանի
պաշտոնավարության անցած տարիները ցույց են տվել, որ հանուն պետական շահի
նա երբեք չի վտանգի իր անձնական իշխանությունը, եւ անգամ Հայաստանի
նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հեռանկարը նրան չի կարող ստիպել
հրաժարվել «ազգային մենթալիտետից»: Եվ հետո, եթե Ռոբերտ Քոչարյանն,
այնուամենայնիվ, մտադրություն ունի 2008 թվականի նախագահական
ընտրություններում երրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը (ինչը հենց
դրված է այս սահմանադրական բարեփոխումների տրամաբանության մեջ), ապա նա,
այսպես թե այնպես, լուրջ խնդիրներ է ունենալու միջազգային հանրության հետ:
Այնպես որ, իշխանությունների, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի համար
իրականում միեւնույն է, թե հանրաքվեի ներկայացվելիք Սահմանադրության
փոփոխություններին ինչ վերջնական գնահատական կտան եվրոպական կառույցները:
Չէ՞ որ, 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո նույն
եվրոպացիները հայտարարեցին, թե դրանք չեն համապատասխանել եվրոպական
չափանիշներին: Նույն ձեւով եվրոպական չափանիշներին կարող են
չհամապատասխանել նաեւ սահմանադրական փոփոխությունները, որոնք, սակայն,
կարող են ընդունվել այդ չափանիշներին նույնքան չհամապատասխանող հանրաքվեի
միջոցով: Կարեւորը, որ համապատասխանեն «ազգային մենթալիտետին»: