Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան երեկ շնորհեց կինոաշխարհում իր հեղինակավոր մրցանակները` «Ոսկե գլոբուսները»: Մրցանակաբաշխության բացառիկ հաղթող ճանաչվեց Դենի Բոյլի «Միլիոնատերը ետնախորշից» ժապավենը. այն լավագույնը ճանաչվեց բոլոր 4 անվանակարգերում, որոնցում ներկայացված էր` լավագույն ֆիլմ (դրամա), ռեժիսոր, սցենար, երաժշտություն: Նշենք, որ այս ֆիլմը, որն իսկապես վերջին տարիների ընթացքում համաշխարհային կինոյի լավագույն գործերից մեկն է, արդեն հասցրել էր տարբեր մրցանակներ ստանալ: Լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն ճանաչվեց Վուդի Ալենի «Վիկի Կրիստինա Բարսելոնա» ժապավենը: Իսկ ահա դերասանական անվանակարգերում մեծ անակնկալ տեղի ունեցավ: «Տիտանիկից» հետո տարբեր մրցանակների համար պայքարող Քեյթ Ուինսլետը միանգամից երկու «Ոսկե գլոբուս» ստացավ` որպես դրամային լավագույն դերասանուհի («Փոփոխությունների ճանապարհ») եւ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի («Ընթերցողը»): Դրամայի լավագույն դերասան ճանաչվեց երբեմնի սեքս-խորհրդանիշ Միկի Ռուրկը («Ռեստլեր»): Կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն դերասանի (դերասանուհու) համար մրցանակ ստացան Կոլին Ֆարելը («Պառկել հատակին Բրյուգում») եւ Սալի Հոկինսը («Անհոգ կինը»): Հիթ Լեջերը հետմահու ճանաչվեց երկրորդ պլանի լավագույն դերասան («Մութ ասպետը»):