2009 թվականը ՀՀ Մշակույթի նախարարությունը սկսեց հանդիսավոր միջոցառումով, որը կոչված էր գերատեսչության ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների կապերն ավելի սերտ ու բարի դարձնելու։
«Ես անսահմանափակ ժամանակ ունեմ ու պատրաստ եմ ձեզ հուզող բոլոր հարցերին պատասխանել»,- ասաց նախարար Հասմիկ Պողոսյանը Հովհաննես Թումանյանի թանգարանի սրահում, որտեղ իր բազմապիսի օգնականների ներկայությամբ ամփոփեց անցյալ տարվա նախարարության գործունեությունը, մրցանակներ եւ պատվոգրեր հանձնեց անցյալ տարվա լավագույն նախագծերի հեղինակներին ու նոր մրցանակների փաթեթ խոստացավ լրագրողներին։ Պարզվեց, որ նախարարի ժամանակը բնավ էլ անսահմանափակ չէ, իսկ հարցերի շարաններին տված նրա պատասխանները կամ խիստ մշուշոտ են, կամ էլ խիստ սուբյեկտիվ են։ Որոշ թատրոնների կամ արվեստի կոլեկտիվների խնդիրների մասին հնչած պրոբլեմները նա կանխեց՝ ասելով, որ «գործընթացները ընթանում են», եւ «գործառույթները ճշգրտվում են»։ Այսինքն, ամեն բան կարգին ու վերահսկելի է։
Ընդհանրապես նախարարի ելույթը խիստ ծրագրային ու ծրագրավորված էր։ Խոսք գնաց մարզային կրթական ու մշակութային նախաձեռնությունների, ոչ նյութական ժառանգության պահպանման, հուշարձանների վերակառուցման, հայագիտական կենտրոնների ստեղծման, հենակետային արվեստի դպրոցներ ունենալու, երիտասարդական մրցույթներ ստեղծելու ու էլի շատ կարեւոր ու գեղեցիկ նախագծերի մասին։ Նախարարը վերջերս կառավարություն է հանձնել «Մշակույթի հանրահռչակման» ծրագիրը, որը նախատեսում է եվրոպական քաղաքներում մշակույթի կենտրոններ բացել։ Առաջին հայկական կենտրոնները կբացվեն Վենետիկում ու Բեռլինում։ Նա նշեց նաեւ, որ 2008թ. «կրկնակի աճել է հովանավորների աջակցությունը մշակութային միջոցառումներին, ինչն ակնհայտորեն ազդել է դրանց բովանդակության, ձեւի ու որակի վրա»։
Որպես ոչինչ չստեղծող, բայց ստեղծարար միտք որոնող ու խթանող (հիմնականում գումարներ տրամադրելու ճանապարհով) կառույց, Մշակույթի նախարարությունը այսուհետ փորձելու է նոր շունչ տալ «պետպատվեր» հասկացությանը։ «Նախարարությունը պահանջարկի հետեւից չի գնալու, այլ՝ աջակցելու է այն նախագծերին, որոնք կարտահայտեն ազգային շահերն ու պետական քաղաքականությունը»,- ասաց նախարարը։
Գերատեսչության ներկայացուցիչների հպարտ կեցվածքն ուղղակի հիացնում էր, իսկ նրանց պատրաստած հաշվետվությունը` հպարտության հիմքեր տալիս։ Պարզվում է, որ մտահոգվելու ոչ մի առիթ չկա, քանի որ տասնյակ նոր ֆիլմեր, բեմադրություններ, գրքեր ու ցուցադրություններ են կազմակերպվում, դահլիճներն ու սրահները հագեցվում են նոր սարքավորումներով, իսկ ազգային երաժշտությունը, թատերարվեստն ու գրականությունը զարգանում, տարածվում ու հանրահռչակվում են։
Հայտնի դարձավ, որ նախարարը գոհ է արդի թատրոնից, քանի որ Հայաստանում թատերական փառատոներ են անցկացվում, իսկ որոշ հայ թատերախմբեր հյուրախաղերի են մեկնում արտասահման։ Անցյալ տարի չավարտված, բայց պետության կողմից ֆինանսավորված ներկայացումները կավարտվեն այս տարի, ինչը, ըստ նախարարի՝ միայն կօգնի ավելի որակյալ բեմադրություններ ստեղծելուն։ Իսկ Հայաստանի կինոարտադրանքի ներկայությունը որոշ միջազգային կինոփառատոներին փաստում է այն մասին, որ կինոն նույնպես լավ վիճակում է։ Նախարարը դրական փոփոխություններ է տեսնում կերպարվեստի եւ գրականության ոլորտներում։ Եվ սպասելիքներ ունի «Արարատ» հեռուստաալիքից, որը հռչակվել էր որպես մշակութային ալիք, բայց շարունակում է անհասկանալի ու դյուրամարս հաղորդումներ հեղել։
Նախարարը գոհ է հոբելյանական միջոցառումների անցկացումից, քանի որ հայտնի հայերի հոբելյանները «նոր ձեւաչափով են կազմակերպվում»։ Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները նախարարը բարձր գնահատեց, նկատելով, որ գրքեր են տպագրվել, ներկայացումներ են բեմադրվել ու արձան է տեղադրվել։ Շուտով նշվելու են նոր հոբելյաններ։ Հունվարի
20-ին Երեւանում բացվելու է Սիլվա Կապուտիկյանի թանգարանը, որը կհամընկնի բանաստեղծուհու 90-ամյակի հետ։ Իրենց հերթին են սպասում Սերգեյ Փարաջանովը, Կոմիտասը, Հովհաննես Թումանյանը, Հրաչյա Քոչարը, Շառլ Ազնավուրն ու մի շարք այլ անվանի հայ ստեղծագործողներ, որոնց հոբելյանները տոնվելու են 2009-ին։ Իսկ 2012 թվականին տոնվելու է նաեւ հայ տպագրության 500-ամյա պատմությունը։ Նախարարն ասաց, որ ստեղծվելու է հատուկ հանձնաժողով՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
Նախարարը դժգոհ է հայոց լեզվի որակից եւ որակյալ կադրերի բացակայությունից։ Կադրերը ոչ թե վիզուալ արվեստին են պատկանում, այլ՝ մարդկային ներուժին։
Հ.Պողոսյանը նկատեց, որ ինքը միշտ կարեւորել է ու շարունակելու է կարեւորել կադրերի պատրաստումը, վերապատրաստումն ու վերաորակավորումը։ Եվ այս տարի կադրային քաղաքականությունը գերակա ճյուղ է հռչակվում մշակույթի ոլորտում։ «Ամեն ինչը որոշում են կադրերը» հայտնի խորհրդային կարգախոսը հիմա շատ արդիական է։ Հետաքրքիր է, իսկ գերատեսչության ներկայացուցիչները ե՞րբ են վերջին անգամ արվեստի բուհեր մուտք գործել ու գոնե թռուցիկ ծանոթացել այնտեղի ուսումնական ծրագրերին։ Վերջիվերջո, ապագա կադրերին պատրաստող կադրերի վերապատրաստումն իրականացնող կադրերին էլ է հարկավոր որակավորել։
Մշակույթի նախարարությունը որոշել է սկզբում որակավորել ու առողջ մրցակցության ոգի մտցնել մշակութային իրադարձությունները լուսաբանող լրագրողների շարքերում։ Մամուլի ազատության օրը՝ մայիսի 3-ին, հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր ու ինտերնետային լրագրողներից ոմանք 200 հազար դրամի մրցանակ կստանան, իսկ լավագույն ԶԼՄ-ն կստանա կես միլիոն դրամի մրցանակ։ «Լրագրողները մեզ պետք է օգնեն, վերլուծեն, ցույց տան մեզ մեր աշխատանքի լավ ու վատ կողմերը։ Բայց միայն փաստերի հիման վրա»,- ասաց Հ.Պողոսյանը։ Փաստորեն փաստահավաք խմբերը մեծ նշանակություն են ձեռք բերում նաեւ արվեստում։
Մեկ փաստ մենք փորձեցինք պարզաբանել։ Պարզապես հարցրեցինք, թե որոնք են նախարարության կողմից ստեղծված ու հաշվետվության մեջ նշված՝ որպես «գործող» հայկական ոչ նյութական ժառանգության ու դուդուկին նվիրված երկու վեբ կայքերի կոնկրետ անվանումները։ Ոչ ոք այդ հարցերին չկարողացավ պատասխանել։ Հիմա կա՞ն, թե՞ չկան այդ կայքերը։ Շատ հաճախ բարի մտադրությունները փաստի կարգավիճակ են ստանում ու արժեզրկում են ամենալավ մտադրությունները։