«Նոր ժամանակներ» կուսակցությունը երեկ հերթական հանրահավաքն էր
հրավիրել, այս անգամ` Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում` Անդրանիկի
արձանի հարեւանությամբ: Հանրահավաքն անցավ առանց միջադեպերի: Շրջակայքում
երեւում էին մի քանի ոստիկաններ, մի շտապօգնության մեքենա ու մի քանի
սափրագլուխներ, բայց թե վերջիններս որքանով կապ ունեին հատուկ նպատակներով
ձեւավորված սափրագլուխների հայտնի ինստիտուտի հետ, դժվար է ասել:
Հանրահավաքի սկզբում ՆԺ փոխնախագահ Ալեքսան Մինասյանը մոտ 6-700
հավաքվածներին տեղեկացրեց, որ անջատվել է շրջակայքի հոսանքը, եւ իրենք
ստիպված են սեփական տեխնիկայով հոսանք ապահովել: Ներկաներին, ինչպես
ավանդաբար լինում է ընդդիմության հանրահավաքներում, տեղեկացվեց նաեւ, որ
մարդկանց չեն թողնում գալ հանրահավաքի, ահաբեկում են, մի քանիսին
ճանապարհին կանգնեցրել են եւ այլն: Ընդհանրապես տպավորությունն այնպիսին
էր, որ կազմակերպիչներն ամեն կերպ փորձում են իրենց ներկայացնել որպես
հալածյալներ, իսկ «Նոր Ժամանակներ» կուսակցությունը` որպես
կուսակցություն, որով զբաղվում է, ինչպես նշեց ՆԺ ղեկավար Արամ
Կարապետյանը, ՀՀ ոստիկանության 70 տոկոսը: Կարելի է ասել, որ նրանք դրանից
նույնիսկ ուրախացել էին, որովհետեւ, ինչպես ասաց Ա. Մինասյանը` «դա
նույնիսկ լավ է եւ նշանակում է, որ ՆԺ-ն իրենից բան է ներկայացնում»:
Ելույթ ունեցողները համոզմունք հայտնեցին, որ իրենք գիտեն՝ ինչ եւ ինչպես
անել, եւ պնդեցին, որ մեզ անհրաժեշտ է ոչ միայն ազգային, այլեւ
բարոյահոգեբանական ու գիտատեխնիկական հեղափոխություն: Նրանք անարգանքի
սյունին գամեցին ոչ միայն իշխանություններին. նրանցից մեկը քար նետեց նաեւ
խորհրդարանական ընդդիմության բոստանը, ասելով, թե նրանք ժողովրդին մենակ
թողեցին: «Դրանց (ընդդիմադիր պատգամավորներին-Ռ.Թ.) միայն մանդատներն են
պետք,- դիմելով ներկաներին՝ ասաց նա,- թքե՛ք այդ մանդատների վրա»,-
ընդդիմադիր պատգամավորներին կոչ արեց բանախոսը: Հանրահավաքի ժամանակ
ելույթ ունեցավ ապրիլի 20-ին Սեւանում տեղի ունեցած հայտնի դեպքերի
ժամանակ վիրավորված Գարեգին Պետրոսյանը: Նա, իր խոսքում անդրադառնալով
սահմանադրական փոփոխությունների գործընթացին, կարծիք հայտնեց, որ ԽՍՀՄ
Սահմանադրությունն ավելի ժողովրդավարական էր, քան փոփոխությունների`
կոալիցիայի ներկայացրած նախագիծը: Վերջում ելույթ ունեցավ ու ներկաների
հարցերին պատասխանեց ՆԺ ղեկավար Ա. Կարապետյանը: Նա իր խոսքում նշեց, որ
ինքն արդեն բոլոր տիպի դատախազություններից աշխարհի բոլոր մեղքերի համար
զգուշացվել է: ՆԺ ղեկավարը ներկաներին վստահեցրեց, որ իրենք գնալու են
մինչեւ վերջ, ու կրկնեց իր հայտնի արտահայտությունը. «Այնպես մի արեք, որ
հետո գանք Փարաքարը փակենք ու հավաքենք»: «Ժամանակը կգա անպայման
կփակենք»,- ներկաներին վստահեցրեց Ա. Կարապետյանը: «Մենք դժգոհ ենք:
Իշխանությո՛ւն, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ պետք է հեռանաս»,-
ավելացրեց ՆԺ առաջնորդը: Նա նկատեց, որ Հայաստանը դուրս է մնում
տարածաշրջանային բոլոր ծրագրերից, որոնք Հայաստանը կարող էին դարձնել
արժանավայել երկիր: Նա համոզմունք հայտնեց, որ մեր իշխանությունները միայն
մի նպատակ ունեն` փող: «Եղբայր, ասեք ինչքան է պետք, ազգովի
հավաքենք-տանք, գնացեք է՛լի»,- դիմելով իշխանություններին՝ սրտնեղեց Ա.
Կարապետյանը: Նա վստահեցրեց նաեւ, որ կգա քաղաքական պահը եւ կտեսնենք, թե
Բաղրամյան պողոտայում ինչքան մարդ կհավաքվի: «Կլինի՞ մի 50 հազարով էլ
մենք հավաքվենք Բաղրամյանում` Ռոբերտ Քոչարյանի նստավայրի շուրջ, ու մի 5
օր շուրջպար պարենք, ու հավատացեք, որ այդ շուրջպարը կհաջողվի»,- ասաց Ա.
Կարապետյանը: Նա նշեց, որ ինքը շատ լավ տեղյակ է ու գիտի թե՛ ղրղըզական,
թե՛ ուզբեկական տարբերակների մասին, ու ներկաներին խորհուրդ տվեց հետեւել,
թե մի քանի շաբաթ հետո ինչ է կատարվելու ժողովրդի վրա կրակած Իսլամ
Քարիմովի հետ: ՆԺ ղեկավարը ներկաներին ասաց նաեւ, որ այսօր իրենց
կուսակցական 4 կառույցների ղեկավարներ` Թալինում, Աբովյանում եւ 2-ը`
Երեւանում, տնային կալանքի տակ են: Երեկվա հանրահավաքի ժամանակ Ա.
Կարապետյանը մի քանի ուշագրավ հայտարարություն էլ արեց: Նա հայտարարեց, որ
հաջորդ հանրահավաքները շատ դեպքերում անց են կացվելու այլ ընդդիմադիր
ուժերի հետ միասին ու լինելու են ավելի մարդաշատ: Այնուհետեւ նա նշեց, որ
մի քանի օր առաջ իրենք հանդիպել են ԱԺ «Արդարություն» խմբակցության
ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ ու ապագայում նմանատիպ հանդիպումներ
սպասվում են գրեթե բոլոր քաղաքական գործիչների հետ: «Լիովին վստահ եմ, որ
քաղաքական մոմենտի ժամանակ գրեթե բոլոր նորմալ ընդդիմադիր ուժերը գործելու
են միասնաբար»,- ասաց ՆԺ ղեկավարը: Իսկ «Ազգային Միաբանություն»
կուսակցության ու նրա ղեկավար Արտաշես Գեղամյանի մասին խոսելով` Ա.
Կարապետյանն ասաց, որ ինքը նեղանալու իրավունք չունի ու չի նեղացել Ա.
Գեղամյանից: Նա հայտարարեց, որ իրենք պատրաստ են համագործակցել նաեւ
«Ազգային Միաբանության» հետ, եթե վերջինս ցանկանում է մնալ ընդդիմադիր
դաշտում: «Նոր ժամանակների» ղեկավարն անդրադարձավ նաեւ ավանդների
վերադարձման խնդրին ու համոզմունք հայտնեց, որ այսօրվա բյուջեով դրանք
նորմալ ձեւով վերադարձնել հնարավոր չէ: Սակայն նա պնդեց նաեւ, որ բյուջեն
հնարավոր է շատ կարճ ժամանակում կրկնապատկել, ու հայտարարեց. «մեր
իշխանության գալու դեպքում ավանդները վերադարձվելու են», չնայած հետո մի
քիչ մեղմեց այս հայտարարությունը՝ խոստանալով, որ ավանդները կվերադարձվեն
իշխանափոխությունից 2 տարի հետո` հատուկ մշակված ժամանակացույցով: