Ինչպե՞ս վաճառել ուրիշի հեղինակությունը

24/12/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք մեր պաշտոնյաների՝ հարցերից խուսափելու կամ ոչինչ չպարունակող պատասխաններ ձեւակերպելու ունակությանը։

Հիշեցնեմ, որ նյութում արտատպել էինք թերթերից մեկի թղթակցի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի կարճ հարցուպատասխանը։ Թղթակցի հարցին, թե «Բջնիի» հետ կատարվածը չի՞ վնասում Հայաստանի տնտեսությանը, Ն. Երիցյանը պատասխանել էր. «Ես կարծում եմ, որ պարոն Սուքիասյանը նաեւ ինչ-որ ջանքեր է թափել, որ իր բրենդը փրկի։ Բրենդն իր սեփականությունն է»։ Իսկ հաջորդ հարցին՝ Ի՞նչ ջանքեր է գործադրել փրկելու համար, եւ արդյոք նախարարն ինչ-որ բա՞ն գիտի, հնչել էր հետեւյալ պատասխանը. «Գրանցել է, իր սեփականությունն է դա»։ Ճիշտն ասած, այս պատառիկը մեջբերել էինք՝ որպես հարցին չպատասխանելու դասական օրինակ։ Սակայն, ինչպես պարզվեց, Ն. Երիցյանի խոսքերում նաեւ մեկ այլ, կարեւոր տեղեկատվություն կար, որի շուրջ, սակայն, նա գերադասել է չծավալվել։

Եվ այսպես, Դատական հարկադիր կատարման ծառայությունը (ԴԱՀԿԾ) երեկ ժամը 17։19-ից սկսել է «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի գույքի եւ գույքային իրավունքների հարկադիր էլեկտրոնային աճուրդը: ԴԱՀԿԾ-ից ասել են, որ Հյուսիսային քաղաքացիական դատարանից` գործարանը սնանկ ճանաչելու մասին որոշումը չեն ստացել եւ սկսել են իրենց գործը։ Մեկնարկային գինը սահմանվել է մոտ 5 միլիարդ դրամ։ Աճուրդի են հանված ընկերության անշարժ գույքը, հոսքագծերը, ավտոմեքենաները, 7.7կմ երկարությամբ չժանգոտվող խողովակաշարը եւ ոչ նյութական ակտիվները, այդ թվում՝ «Բջնի» եւ «Նոյ» ապրանքային նշանները։ Ու թեեւ ապրանքային նշանները նշված են ցուցակի վերջում, սակայն ամենաարժեքավոր ակտիվները հենց դրանք են։ Քանի որ «Բջնին» այսօր բրենդ է, որը հեղինակություն է վայելում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Ու եթե տեղի օլիգարխներից ինչ-որ մեկը թաքուն աչք է դրել «Բջնիի» վրա, դա վերաբերում է ոչ թե գործարանին, սարքավորումներին, տարածքին եւ այլն, այլ հենց «Բջնի» անվանմանը, բրենդին։ Բրենդը, սակայն, օդից չի ընկնում, այն ստեղծվում է տարիների աշխատանքի արդյունքում, այս դեպքում՝ Սուքիասյանների գործարար ունակությունների շնորհիվ։ Ու երբ բրենդը ճանաչվում է, դա դառնում է ավելին, քան պարզապես սեփականությունը. դա արդեն նաեւ հեղինակություն է։ Իսկ եթե ցանկանում ես մեկին մինչեւ վերջ պատժել, ուրեմն պետք է դա խլել ամբողջությամբ ու տալ ինչ-որ մեկին, ով բիզնես ասելով՝ հասկանում է միայն էժան ապրանք ներմուծելն ու մենաշնորհային դիրքն օգտագործելով, «հոր գներով սաղացնելը» ժողովրդի վրա։ Միայն այդ դեպքում կարելի է հոգեպես բավարարված զգալ։

Ո՞ւմ են պատկանում «Բջնին» եւ «Նոյը»

Առաջին հայացքից հարցը կարող է տարօրինակ թվալ. եթե այս ապրանքային նշանները աճուրդի են դրվել՝ որպես «Բջնի» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ի գույք, ուրեմն պատկանում են հենց այս ընկերությանը։ Բայց, ինչպես ասում են ռուսները, «Դովերյայ, նո պրովերյայ»։ Ապրանքային նշանների գրանցմամբ, ինչպես հայտնի է, զբաղվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալությունը (ՄՍԳ)։ Բացում ենք գործակալության կայքէջը՝ www.aipa.am, եւ ապրանքային նշանների տվյալների բազայից փորձում գտնել՝ ում են պատկանում «Բջնի» եւ «Նոյ» ապրանքանիշերը։ Այ քեզ բան. գրված է, որ «Բջնի» հանքային ջրի ապրանքային նշանների (գրանցման թիվ 8543, 8544, 9740, 10979 եւ 13127) սեփականատերը «Բջնի Գրուպ» ՍՊԸ-ն է, իսկ «Նոյ» ապրանքային նշանների (գրանցման թիվ 5497, 7731, 9737, 10123, 10884, 11379, 11380, 11381) եւ ՀՀ-ում հանրահայտ ճանաչված թիվ 14 «Նոյ» ապրանքային նշանի սեփականատերը՝ «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ն։ Այս երեքն էլ, ճիշտ է, Սուքիասյանների սեփականությունն են, բայց տարբեր իրավաբանական անձինք են։ Ստացվում է՝ այս բրենդերը աճուրդի առարկա չեն կարող դառնալ, դրանք պատկանում են այլ ընկերությունների։ Հետեւաբար, այդ բրենդերը «փրկելու» կարիք չկա։ Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, որ ԴԱՀԿԾ-ն աճուրդի է հանել այս ապրանքային նշանները։ Ուրեմն Ներսես Երիցյանը մի բան գիտերգ

Գիտեր հետեւյալը։ Ապրանքանիշերն ի սկզբանե պատկանել են «Բջնի» հանքային ջրերի գործարանին։ Սակայն մարդիկ, ովքեր այնքան խելք ու ունակություն են ունեցել, որ ստեղծեն նման բրենդ, բնականաբար՝ հասկացել են նաեւ դա պաշտպանելու անհրաժեշտությունը։ Եվ զգալով, որ գործարանի գլխին սեւ ամպեր են կուտակվում, միանգամայն տրամաբանական եւ օրինական որոշում են կայացրել՝ զիջել ապրանքային նշանները «Սիլ Կոնցեռնին» եւ «Բջնի Գրուպին»։ Այս տարվա հուլիսի 31-ին «Բջնի» հանքային ջրերի գործարանը» դիմել է ՄՍԳ՝ «Նոյի» ապրանքային նշանները «Սիլ կոնցեռնին» զիջելու պայմանագիրը գրանցելու համար։ ՄՍԳ-ն գրանցել է պայմանագիրը օգոստոսի 7-ին։ Իսկ հոկտեմբերի 21-ին գործակալությունը գրանցել է «Բջնիի» ապրանքանիշերը «Բջնի Գրուպին» զիջելու պայմանագիրը։ Թվում է՝ բանն այսքանով պիտի ավարտվեր, սակայն Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը նախանձելի հետեւողականություն է ցուցաբերել այս հարցում։

Էշից իջնելու այիբը

Նոյեմբերի սկզբին ԴԱՀԿԾ-ն բողոք է ներկայացրել ՀՀ ՄՍԳ բողոքարկման խորհրդին՝ խնդրելով անվավեր ճանաչել ապրանքային նշանների զիջման պայմանագրերը։ ԴԱՀԿԾ-ն բողոքը հիմնավորել է հետեւյալ կերպ. ՄՍԳ-ն գրանցել է զիջման պայմանագիրը, քանի որ «տեղեկացված չի եղել ՀՀ վարչական դատարան ներկայացված հակընդդեմ հայցադիմումի եւ օրենսդրությամբ սահմանված կարգով դատաիրավական գործընթացներին»։ ԴԱՀԿԾ-ն իր բողոքում նաեւ նշել է, որ պայմանագրի գրանցումը կատարվել է ՀՀ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի առաջին մասի «ա» կետով սահմանված պահանջների խախտմամբ, այսինքն, պայմանագրի գրանցման հետ կապված վարույթը պետք է կասեցվեր։ Փաստորեն, ողջ հանրապետությունը գիտեր «Բջնիի» հետ կատարվածի եւ կատարվողի մասին, իսկ ՄՍԳ-ում չգիտեին ու չեն էլ փորձել իմանալ։ Ինչեւէ, բողոքը ՄՍԳ-ի բողոքարկման խորհրդում քննարկել են, եւ դեկտեմբերի 8-ին ապրանքային նշանները «Սիլ Կոնցեռնին» եւ «Բջնի Գրուպին» զիջելու պայմանագրերի գրանցման որոշումն անվավեր ճանաչել՝ իրենց անսկզբունքայնությունն արդարացնելով անտեղյակությամբ։

«Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն մինչեւ ՄՍԳ-ի տխրահռչակ որոշումը՝ դեկտեմբերի 2-ին արդեն իսկ դիմել էր ՀՀ Վարչական դատարան՝ պահանջելով ԴԱՀԿԾ-ի՝ ՄՍԳ բողոքարկման խորհրդին բողոք ներկայացնելու գործողությունը ճանաչել ոչ իրավաչափ։ Ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքերով, ԴԱՀԿ-ն ընդհանրապես իրավունք չուներ դիմել ՄՍԳ բողոքարկման խորհրդին։ «ՀՀ գործող օրենքներից (ներառյալ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքը) որեւէ մեկը իրավունք չի տալիս հարկադիր կատարողին վիճարկել պարտապանի կնքած գործարքները կամ գործարքների հետեւանքով կայացված վարչական ակտերը, առավել եւս, երբ կատարողական թերթի համաձայն հարկադիր կատարողը պետք է բռնագանձում տարածի Ընկերության գույքի նկատմամբ»,- ասված է ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցադիմումի մեջ: Իսկ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթներից բխում է, որ պետական (վարչական) մարմինը կամ դրա պաշտոնատար անձը իրավասու չէ վարչական բողոք ներկայացնելու վարչական մարմնին: Այսինքն՝ ԴԱՀԿ ծառայությունը, որպես վարչական մարմին, չի կարող շահագրգռված լինել մեկ այլ վարչական մարմնի ակտը վիճարկելու հարցում: Իսկ ՄՍԳ բողոքարկման խորհուրդը, ինչպես նշվում է հայցադիմումում, իրավասու չէր քննարկումներ կազմակերպել։ Նշենք, որ հայցադիմումում Արա Զոհրաբյանը նաեւ խնդրել էր պարտավորեցնել Մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհրդին` ձեռնպահ մնալու հարկադիր կատարող Հ.Բաբաջանյանի 06.11.2008թ. բողոքը քննարկելու եւ լուծելու գործողություններից: Սակայն, ինչպես տեսնում եք, ՄՍԳ-ին առայժմ մի բան են պարտավորեցրել՝ անվավեր ճանաչել սեփական որոշումը, ինչը գործակալությունը շատ արագ կատարել է, եւ «Նոյ» ու «Բջնի» ապրանքանիշերը հանված են աճուրդի։ Ա. Զոհրաբյանը մեզ տեղեկացրեց, որ առաջիկայում եւս մեկ հայցադիմում են պատրաստվում ներկայացնել վարչական դատարան՝ ապրանքանիշերի հարցի հետ կապված։

Այս բոլոր մանրամասներին Ներսես Երիցյանն իհարկե տեղյակ է եղել, քանի որ ՄՍԳ-ն գտնվում է Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ։ Կարեւորը, սակայն, ոչ թե վերը նշված իրավական մանրամասներն են, այլ այն, որ մեր երկրում կարող են հենց այնպես խլել մարդկանց ստեղծած ամեն ինչը՝ գույքը, բրենդը, անունը։ Առայժմ պարզ չի միայն, թե Հայաստանում կգտնվի՞ գործարար, ով կհամաձայնի գնել ուրիշի ստեղծածը՝ ոչ թե գույքը, այլ բրենդը՝ ասել է թե՝ տարիների ընթացքում ուրիշի ստեղծած ճանաչումն ու հեղինակությունը։ ԴԱՀԿԾ-ն, ի դժբախտություն պոտենցիալ գնորդների, աճուրդի չի հանել բարոյականության ավելցուկ, որ լրացնի ուրիշի ստեղծածը երջանիկ դեմքով վայելելու ժամանակ թասիբի ու հեղինակության կորուստը։

Հ.Գ. Կարծում ենք՝ հայաստանցի գործարարները բավական խելացի են եւ գիտեն, որ բրենդը գնելով անգամ՝ հաջողություն չեն ունենա։ Հայաստանցի գնորդները շատ տեղեկացված են, պիտակը տարբերում են հեղինակությունից։ Իսկ հեղինակությունը ոչ մի աճուրդում չի վաճառվում։ Նույնիսկ Նյու Յորքի Ֆոնդային բորսայում: