Երեկ` մարտի 1-ից 9 ամիս ու 19 օր հետո վերջապես մեկնարկեց «7-ի գործով» դատավարությունը. Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ սկսվեց քաղբանտարկյալներ` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի նախագահ Ալեքսան Արզումանյանի, ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի, ՀՀՇ անդամներ Գրիգոր Ոսկերչյանի եւ Սուրեն Սիրունյանի գործի լսումը: Այս յոթ քաղբանտարկյալները մեղադրվում են Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներով` «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու» մեղադրանքներով: Սա նաեւ այն գործն է, որի համար ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը նոյեմբերի 22-ին Երեւանում կասկած հայտնեց` փոխանցելով իր տարակուսանքը գործը դատարան ուղարկելու հիմքերի բավարար լինելու կապակցությամբ: Ավելի ուշ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայտարարեց, թե հատուկ հսկողություն է իրականացնելու «7-ի գործի» դատավարության նկատմամբ, քանի որ, նրա խոսքերով, այն դառնալու է մեր երկրի հետագա զարգացման փորձաքարը: Ընդամենը 3 օր առաջ էլ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը Համարբերգի առաջարկով ընդունեց, որ «այս մեղադրանքներով դատապարտված անձինք կարող են դիտարկվել որպես քաղաքական բանտարկյալներ»: Մի խոսքով, սա մարտի 1-ից հետո իշխանությունների գործողությունների ողջ անհեթեթությունը եւ սնանկությունը բնութագրող կենտրոնական գործն է, որը ցանկացած պահի կարող է «պայթել փուչիկի պես»:
Իսկ «7-ի գործով» դատավարությունը, ինչպեսեւ սպասվում էր, երեկ վերածվեց բողոքի մեծ ակցիայի: Նախ՝ նիստի մեկնարկից ավելի քան 1 ժամ առաջ դատարանի մոտ էին հավաքվել քաղբանտարկյալների` հազարից ավելի համախոհները, ընկերները ու պարզապես քաղաքացիներ: Նրանք իրենց կոչերով ու պաստառներով պահանջում էին ազատ արձակել կալանավորներին: Իսկ Նիստերի դահլիճ թույլ տվեցին մտնել միայն քաղբանտարկյալների հարազատներին, եվրոպական ու տեղական կառույցների դիտորդներին ու լրագրողներին: Եկել էին նաեւ ընդդիմության ներկայացուցիչները` Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Արարատ Զուրաբյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ այլք: Ընդ որում, վերջինս նիստին մասնակցում էր որպես տուժող, քանի որ նա մարտի 1-ին վիրավորվել էր սադրիչների դանակի հարվածից: Նիստին մասնակցում էր նաեւ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը: Երեկ փորձել է դատարան մտնել նաեւ Ալբերտ Բազեյանը, սակայն դրսում հավաքված մարդիկ նրա հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, ինչից հետո Բազեյանը հեռացել է:
Դատարանի դահլիճն ապակե պատով բաժանված էր երկու մասի: Բուն գործողությունները տեղի էին ունենում ապակուց այն կողմ, որտեղ էլ նստած էին 7 քաղբանտարկյալներն ու նրանց 7 պաշտպանները, դատավոր Մնացական Մարտիրոսյանը, 6 մեղադրողները՝ Կորյուն Փիլոյանի գլխավորությամբ, տուժողի իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները: Իսկ երբ 7 կալանավորները դահլիճ մտան, ապակու այս կողմում հավաքված մարդիկ հոտնկայս ու ծափողջույններով դիմավորեցին նրանց: Դատական ընթացքին հնարավոր էր հետեւել միայն անընդհատ խափանվող բարձրախոսների միջոցով:
Նիստի սկզբում դատավորն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը, ինչին ի պատասխան՝ քաղբանտարկյալներից մեկը նետեց` «Դուք ձեր ձեռքով սպանում եք, հետո էլ նրանց հիշատակն եք հարգում»: Դատավարությունը սկսվեց ինքնաբացարկների միջնորդություններով: Դատավոր Մ.Մարտիրոսյանին առաջինը ինքնաբացարկ ներկայացրեց Գ.Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Միջնորդությանը միացան նաեւ քաղբանտարկյալներն ու մյուս պաշտպանները: «Դուք տեղով ինքնաբացարկ եք, լավ կլինի բարոյականություն կիրառեք, ինքնաբացարկ հայտարարեք եւ հեռանաք»,- հայտարարեց Ա.Արզումանյանը: Մեղադրող Կ.Փիլոյանը, բնականաբար, ընդդիմացավ այդ միջնորդությանը՝ ասելով, թե դա արդարացված չէ ու անհիմն է: Շ.Հարությունյանը ներկայացրեց իր միջնորդությունը` դատարանից պահանջեց առանձնացնել իր գործը եւ առանձին քննել: Նա հայտարարեց, թե իր պայքարը Ռուսաստանի դեմ է: Պահանջեց, որ դատարան հրավիրեն նաեւ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին: «Մարտի 1-ի գիշերը մարդիկ գնում էին դեսպանատան մոտ, աշխատակիցների հետ վիճաբանության մեջ էին մտնում, ու հենց այդտեղ էլ մեկի վրա կրակել են, վերջինս ընկել է»,- հայտարարեց Շ. Հարությունյանը: Նրա կարծիքով՝ հնարավոր է, որ կրակը արձակված լինի հենց դեսպանատնից: Իսկ ինքնաբացարկի վերաբերյալ հայտարարեց. «Ինձ համար մեկ է, դուք կլինեք դատավորը, թե Պողոսը: Որովհետեւ այստեղ չկա արդարադատություն, այստեղ կա հաշվեհարդար: Ես պետք է Հայաստանում բացի ձեզանից որեւէ դատավորի հավատ ընծայեմ, որ ակնկալեմ արդարադատություն: Ես չունեմ այդ հավատը, որովհետեւ սա քաղաքական պատվեր է: Դուք լինեք, թե ձեզանից լավ կամ վատ մարդ, անելու է այն, ինչ հանձնարարելու են: Ես ինքնաբացարկին չեմ միանա»:
«Այս գործը վարույթ ընդունելը, եւ 12.000 էջ մակուլատուրայի հետ 10 օրում կարդալու համար մարդ վունդերկինդ պետք է լինի: 3 ամսում մենք չենք կարող ծանոթանալ, դուք 10 օրում ո՞նց ծանոթանաք: Այստեղ էլ օրենքից եք խոսում, ի՞նչ օրենք: Օրենքո՞վ ենք մենք այս 10 ամիսը պատանդի կարգավիճակով նստած: Ես ուզում եմ նաեւ այստեղ ճշտել` մնա՞մ, թե՞ գնամ: Եթե հավասար պայմաններում եք անում, ես մնում եմ, եթե ոչ, ես գնում եմ: Սպորտային լեզվով եմ ուզում խոսել, եկել եմ մեղադրող կողմի հետ բոքս կպնելու: Եթե դուք բոքսը վերածելու եք քիք-բոքսի, ես ձեզ թույլ չեմ տա «պեռչատկեք» հագնեք: Կմնամ, եթե դատը տանեք հավասար պայմաններում, եւ ոչ թե մեղադրող Փիլոյանն ինչ ասի, այն անեք»,- միջնորդությունը պաշտպանելիս հայտարարեց Ս.Սիրունյանը:
Եվ դատավոր Մ.Մարտիրոսյանը իր ինքնաբացարկի միջնորդությունը քննելու համար 1 ժամ ընդմիջում հայտարարեց: Մինչ այդ մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը խնդրեց իր շահերի պաշտպան ճանաչել Զարուհի Փոստանջյանին, զոհվածներից Գոռ Քլոյանի հայրը որպես իր շահերի պաշտպան առաջարկեց ընդունել իրավաբան Արմեն Խաչատրյանին: Իսկ ընդմիջումից հետո դատավորը հայտարարեց, թե մերժում է իր ինքնաբացարկի միջնորդությունը: Դրան հետեւեց արդեն ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը, որը այս անգամ ներկայացրեց Ա.Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սարգսյանը: Արզումանյանն ինքը հայտարարեց, թե դատավորն իրականում որպես մերժման որոշում՝ ներկայացնում է այն, ինչ ասում են «փիլոյանները»: «Ձեզ ռետինե խողովակի տեղ եք դնում»,- ասաց Ա.Արզումանյանը: Մ.Մարտիրոսյանը նկատողություն արեց Արզումանյանին` օգտագործելով «ամբաստանյալ» դիմելաձեւը: «Ինձ պարոն Արզումանյանով դիմեք, այստեղ ամբաստանյալներ չկան: Ո՞րն է այստեղ վիրավորականը, ռետի՞նը, թե՞ խողովակը»,- հակաճառեց Արզումանյանը: Դրանից հետո դատավորը նախկին արտգործնախարարին դիմում էր միայն ազգանունով:
«Ես բոլոր յոթիս անունից ունեմ մի միջնորդություն` բոլոր միջնորդությունները հավաքեք գրավոր, առանց ներկայացնելու, զանգահարեք նախագահական աշխատակազմ ու հարցրեք` ինքնաբացարկ թույլ տալի՞ս եք: Ձեզ կասեն, ըստ այդմ մեզ տեղյակ կպահեք, կանցնենք մյուս հարցերին, որովհետեւ մենք չենք ուզում ամիսներ վատնել այս միջնորդությունների վրա: Ինչքան արագ հասնենք, ըստ էության, այդ աբսուրդ մեղադրանքներին, եւ մենք դառնանք մեղադրող այդ հանցագործությունը կատարողներին, այնքան մեր բոլորի շահերից է բխում: Բայց եթե ասեք, որ նախագահականից ասել են, թե դուք եք մինչեւ վերջ տանելու դատը, մենք ձեզ կհարգենք: Բայց յուրաքանչյուր բացարկի համար մենք այստեղ 1 ժամ չենք կարող սպասել: Գործ ունենք, ես գրքեր եմ կարդում, աշխատում եմ իմ վրա եւ ձեզ հետ դատարկախոսության ժամանակ չունեմ»,- Ա.Արզումանյանի այս հայտարարության ավարտին էլ դատավորը գլխիկոր հայտարարեց, թե 2 ժամով խորհրդակցական սենյակ է գնում, ու բառացիորեն դուրս փախավ դահլիճից: Բնականաբար, նա մերժեց նաեւ այս միջնորդությունը: Պաշտպանական խմբի անդամներից փաստաբան Հովիկ Արսենյանը ներկայացրեց ինքնաբացարկի երրորդ միջնորդությունը: Դժվար չէր կռահել, որ քաղբանտարկյալներն ու նրանց պաշտպանները որդեգրել են դատավարության` իշխանությունների համար այս պահին ցանկալի սցենարը տապալելու մարտավարություն: Ակնհայտ է, որ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցից հետո իշխանությունները պետք է փորձեն ամեն ինչ անել մինչեւ հունվարի վերջ «դրական փոփոխություններ» ցույց տալու համար, այդ թվում` հնարավորինս արագ ավարտեն «7-ի գործով» դատավարությունը: Երեկ պարզ դարձավ, որ քաղբանտարկյալները նրանց այդ հաճույքը չեն պարգեւի: «Բեսպրեդելով մեզ բերել եք, ոնց կհանեք, մեզ չի հետաքրքրում: Գնացեք ինքնաբացարկ հայտնեք, գնացեք ինքնահրկիզվեք»,- հայտարարեց Ա.Արզումանյանը: Դատավորը վիրավորվեց նաեւ «ինքնահրկիզվել» բառից: «Ես հեռուստացույցով տեսել եմ, թե մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար ինչպես են ինքնահրկիզվում: Հիմա թող մի հատ էլ դատավոր հրկիզվի, ի՞նչ է եղել»,- հայտարարեց Ս.Սիրունյանն ու դատավորին նորից առաջարկեց ընդունել ինքնաբացարկի միջնորդությունը:
Դատավորն ամբողջ դատական նիստի ընթացքում ստիպված էր գլուխը կախ լսել վիրավորական արտահայտություններ: Նա երբեմն նկատողություն էր անում, որը, սակայն, ավելի էր սրում լարվածությունը: Վերջին անգամ Մարտիրոսյանը նկատողություն արեց Ս.Սիրունյանին ու նրան դուրս հրավիրեց դահլիճից: «Մերսի, ցավդ տանեմ»,- ասաց Սիրունյանն ու դուրս եկավ դահլիճից: Իսկ այդ ընթացքում Մ.Մարտիրոսյանը դժվարությամբ կարողացավ հայտարարել, որ նիստը կշարունակի դեկտեմբերի 23-ին, եւ էլի դուրս վազեց: Այսպիսով, երեքշաբթի օրը դատական նիստը կվերսկսվի, ամենայն հավանականությամբ, Հովիկ Արսենյանի միջնորդության մերժմամբ: Նշենք, որ դատավարության ընթացքում հայտարարված ընդմիջումներից մեկի ժամանակ դատարանի շենքի բակում հավաքված մարդիկ երթ էին կազմակերպել դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղից կառավարության եւ Արտաքին գործերի նախարարության կողքով անցնելով՝ վերադարձան դատարան: