Գրական վարժանքը սկսվում է առավոտ կանուխ: 19-ամյա այս պատանին վազելով իջնում է Երեւանի Կասկադի աստիճանների ամենավերեւից, ինչ-որ բառեր գոռում ողջ ընթացքում ու ձայնագրում: Ներքեւում արդեն դրանք վերծանում է բջջայինում եւ ստացվածը sms-ով ուղարկում ընկերուհուն: Արտաքինից ոչ մի արտառոց նշաններով իր հասակակիցներից չտարբերվող այս պատանին իրեն «բանավոր գրող» է համարում եւ նշում է, որ այս արտահայտությունը հասկանալու համար պարզապես իրեն պետք է նայել: Ապագա ծրագրավորող Արեգը գրականություն առհասարակ չի կարդում եւ ասում է, որ ատում է գրքերը:
«Պարտադիր չէ իմանաս, թե քեզանից առաջ ով ինչ է գրել: Հենց դա է կաղապարված մտածողության բերում: Ջնջում ես ամեն ինչ ու մարդկությանը սկսում ճանաչել սկզբից»,- ասում է Արեգը:
Այսօր Հայաստանում 70-ից ավելի հրատարակչություններ ու տասնյակ տպարաններ են գործում։ Վերջին երկու տարիներին տարեկան 1500-ից ավելի անուն գիրք է տպագրվել, եւ այս ցուցանիշը գերազանցում է Սովետական Հայաստանի օրոք տպագրվող գրքերի տարեկան թվին: Ամեն տարի պետական պատվերով 250-300 գիրք է տպագրվում, որոնց մոտ 85 տոկոսը ժամանակակից գրականություն է: Այս գրքերը վաճառվում են Երեւանի ընդամենը 6 եւ մարզային 2-3 գրախանութներում ու, ինչպես մեզ վստահեցրին գրախանութներում, գրքերը հաճախ հետ են ուղարկվում հրատարակչություններ` պահանջարկ չունենալու պատճառով:
Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը կարծում է, որ այսօր հայ գրականությունը շատ ներկայանալի է եւ՛ պոեզիայի, եւ՛ արձակի, եւ՛ թատերագրության ժանրերում, եւ վերջիններս ոչ միայն չեն զիջում, այլեւ մրցունակ են համաշխարհային գրականության հետ: «Կարող եմ ասել, որ առանձնացող դեմքեր կան եւ հայ գրական ավանդության կրողներ»,- ասում է Լեւոն Անանյանը, ում ղեկավարած միությունը 400 անդամ ունի եւ ավելի քան 10 անուն գրական հանդեսներ է տպում: «Հիմա ամեն ինչ կարող ես տպագրել. քո քնարական զեղումները, պապիդ հուշերը: Ու այս ամենից չպետք է վախենալ: Դա կմարի, կայուն արժեքը կհաստատվի իր տեղում, եւ այստեղ մեծ տեղ ունի գրական մամուլն ու գրաքննադատությունը»,- ասում է Լեւոն Անանյանը։
Գրական ազատության մասին այլ պատկերացումներ ունի գրող Մարինե Պետրոսյանը: Իր գրական գործերը գրական «Ինքնագիր» հանդեսում տպող Մարինեն նշում է, որ «Ինքնագրում» եւ դրա շուրջ ստեղծվող որոշակի տարածքում կա մի ազատություն, որը, օրինակ` Ֆրանսիայի գրական տարածքներում չկա: «Երբ իմ բանաստեղծությունները թարգմանվում էին, ես նկատում էի, որ թարգմանիչները սեղմում էին, լեզվի առումով սահմանափակում էին գործերս, ապա շփումս այդ շրջանակների հետ հաստատեցին համոզումս»,- ասում է Մարինե Պետրոսյանը: Նա նշում է, որ «Ինքնագիրը» գրականության սահմանման ոչ մի չափորոշիչ չի դնում, եւ արվեստը հայացք է դառնում, իրերին նայում ես որպես արվեստ:
Գրող, լրագրող Վահան Իշխանյանը իր կնոջ՝ բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանի հետ ստեղծել են «Ինքնագիր» գրական ակումբն ու «Ինքնագիր» հանդեսը, որի 2-րդ համարը գրախանութները չընդունեցին` հանդեսի, ըստ գրախանութների տնօրենների` անընդունելի բառապաշարի պատճառով: Մինչ «Ինքնագրի» ծնունդը, Վիոլետ Գրիգորյանը գրող Վահրամ Մարտիրոսյանի հետ հրատարակում էին «Բնագիր» հանդեսը, որը 9 համար ունեցավ եւ բազմաթիվ սկանդալներ առաջացրեց:
«Գրողների միության շրջանակներն ուզում են, որ իրենց պատկերացումներից դուրս եղած գրականությունը պարզապես չլինի: Նրանք հետեւում են, թե ինչ արտասովոր բան է տպվում, որ քննադատեն: Իմ պատկերացմամբ, գրաքննադատը պետք է հայտնաբերի գրական նոր երեւույթներ եւ ոչ թե դատապարտի, արգելելու փորձեր անի»,- ասում է Վահան Իշխանյանը: Նա հիշեցնում է Վիոլետ Գրիգորյանի բանաստեղծություններից մեկի հետ կապված միջադեպի մասին, երբ մի քանի գրողներ դիմել էին հանրապետության նախագահին, որպեսզի վերջինս միջոցներ ձեռնարկի նման գրականությունն արգելելու համար:
Տիկին Աիդան, արդեն 28 տարի է, գրադարանավար է աշխատում: Նա իր ամուսնու հետ ընթերցասրահում է ծանոթացել եւ ցավով նշում է, որ այժմ ընթերցանության ճգնաժամ է, եւ գրադարան քիչ են այցելում: «Մենք ընթերցասրահներում էինք սիրային նամակներ թողնում, սիրո խոստովանություն անելիս «Տերյան» էինք նվիրում: Հիմա երիտասարդները իրենց համակարգչից այն կողմ աշխարհ չեն տեսնում: Չէ՞ որ գիրք կարդալն ու նվիրելը այլ հաճույք է: Թող կարդան ինչ ուզում են, միայն կարդան»,- ասում է նա:
Շուշան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
www. a1plus.am
Լուս.` Շուշան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ