Ադրբեջան. (Չ) կարդա՞լ

24/12/2008

«Ինձ պարզապես չեն ընդունում որպես սովորական մարդ: Իսկ պատճառը շատ պարզ է: Ես շատ եմ կարդում: Ինձ նմաններին հեշտությամբ խելագարի պիտակ են տալիս: Բայց երբեմն գտնվում են մարդիկ, որոնք ինձ խելացի են համարում»,- ասում է Օտար լեզուների համալսարանի շրջանավարտ Անար Ալիեւը:

Նրան մինչեւ հիմա էլ զարմացնում է այն փաստը, որ նույնիսկ ուսանողները նույն արհամարհական վերաբերմունքն ունեն գրքերի նկատմամբ: Եթե դիտարկենք պաշտոնական տվյալները, իրադրությունը համարյա կարգավորված կթվա: Բոլորովին վերջերս, Ադրբեջանի նախագահի հրամանագրի համաձայն՝ 5 միլիոն մանաթ է տրամադրվել` նոր գրքերի տպագրման համար: Նախագահական հրամանն արդեն կատարման ընթացքի մեջ է. նոր գրքերը բարեհաջող մուտք են գործում հանրապետական գրադարաններ: Տարբեր տպարաններն, անկախ պետական հրամաններից, նույնպես գրքեր են թողարկում: Երիտասարդ գրող Սեյմուր Բայջանը, ով վերջերս ընթերցողի դատին հանձնեց իր թվով երրորդ գիրքը` 700 օրինակով, կարծում է, որ պարզապես միամտություն է հավատալ «լավ գրողներ չկան» արդարացմանը:

«Օրինակ, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի գիրքը, որը թարգմանվել է ադրբեջաներեն, ոչ ոք չի գնում. այն ուղղակի փոշու զոհ է դառնում գրախանութների դարակներում: Բայց չէ՞ որ Օրհան Փամուկը Նոբելյան մրցանակի արժանացած միակ թուրքն է պատմության մեջ»:

Ասպիրանտուհի, փիլիսոփա Նարմին Քամալը, ով դեռեւս անցյալ շաբաթ ներկայացրեց իր նոր գիրքը` «Ումբերտո Էկոն եւ պոստմոդեռնիստական փիլիսոփայությունը» վերնագրով, այսօր գրքերի տպագրումն Ադրբեջանում իսկական «դոնկիխոտություն» է համարում: «Մենք ստիպված ենք գրքեր տպագրել` չնայած բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանում ընթերցողներին կարելի է մատների վրա հաշել: Մենք` գրողներս, նույնիսկ կատակում ենք, թե բոլորս անձամբ ճանաչում ենք մեր ընթերցողներին»:

Երիտասարդ գրող Գուրբանը իսկական վատատես է։ Նրա խոսքերով, հեռուստաեթերը հեղեղած անվերջանալի սերիալների ու շոու-ծրագրերի պատճառով, մարդիկ ավելի ու ավելի են մոռանում գրքերը: Գուրբանի կանխատեսումներով, այս ամենը կվերջանա գրքերի բացարձակ պարտությամբ: Գուրբանի կարծիքով, այսօր բջջային հեռախոսներն ու ինտերնետը եւս գրքերի մեծ թշնամիներն են:

Նարմին Քամալը հակված չէ գրքերի նկատմամբ հետաքրքրության պակասը բացատրել ինտերնետի ու բջջային հեռախոսների գործոններով: «Ինտերնետն այստեղ կապ չունի: Հակառակը, այն նոր հնարավորություններ է տալիս այն մարդկանց, ովքեր իրոք սիրում են կարդալ: Այսօր ինտերնետում կարելի է ցանկացած գիրք գտնել»:

Ախունդովի անվան Ազգային գրադարանը, որն ամենամեծն է Ադրբեջանում, միշտ լեփ-լեցուն է: Պաշտոնական տվյալների համաձայն` օրական 2000 մարդ է օգտվում գրադարանի ծառայություններից: Բայց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նույնիսկ այս ցուցանիշը ոչ մի լավատեսական հիմքեր չի կարող ունենալ: Գրադարանի այցելուների մեծ մասը սովորական ուսանողներ են. սա իր հերթին ապացուցում է, որ ընթերցողների մեծ մասն այստեղ գալիս է ոչ թե գիտելիքների ծարավը հագեցնելու, այլ պարզապես իրենց ուսանողական պարտականությունները կատարելու նպատակով: Գրքային շուկայի, գրախանութների եւ գրավաճառների վերաբերյալ իր կատարած ուսումնասիրություններով հայտնի լրագրող Նաթիգ Գյուլահմեդօղլին ընդգծում է, որ բազմիցս է այս թեմայով խոսել մայրաքաղաքի գրադարաններում լինող ուսանողների հետ. «Եթե թողնենք բացառությունները, ստիպված կլինենք ընդունել, որ ներկայիս ադրբեջանական երիտասարդությունն առանց մեծ խանդավառության է գրադարան գալիս»:

Իհարկե, հին գրքեր վաճառողներին չի կարող ուրախացնել այս իրադրությունը: Փարվիզը, ով արդեն 25 տարի աշխատում է գրքերի շուկայում, հեշտությամբ կարող է թվարկել ամենավաճառվող գրքերի տեսակներն ու ժանրերը. «Դասագրքեր (հիմնականում օտար լեզուներ սովորողների համար նախատեսված), դեդեկտիվներ, կրոնական բովանդակությամբ գրքեր եւ, իհարկե, գեղարվեստական գրականություն»:

Այս տհաճ իրադրությունից դուրս գալու համար որոշ մշակութաբաններ առաջարկում են հեռուստատեսությամբ եւ ռադիոյով գրքերի նշանակության մասին պատմող լուսավորչական ծրագրեր հաճախ հեռարձակել: Գուցե սա կարող է որոշ չափով նպաստել խնդրի լուծմանը:

Թուրխան ՔԵՐԻՄԼԻ
«Alma» լրագիր
Լուս.` Օրհան ԱՍԼԱՆՈՎԻ եւ Ֆախրիյա ՄԱՄՄԱԴՈՎԱՅԻ