«Պատրաստվում եք գրել այստեղից հեռացած մեր եղբայրների ու քույրերի մասի՞ն»: Տեղացի ստարովերները հեշտությամբ գուշակում են Գրիգոլետիում հայտնված լրագրողական սարքերով բեռնված անծանոթների նպատակները: Այստեղ ցանկացած ընտանիքում գիտեն այն բոլոր հրապարակումների մասին, որոնք եղան այն բանից հետո, երբ ստարովերների համայնքի անդամները սկզբից Աբխազիա տեղափոխվեցին, իսկ հետո` Ռուսաստան: Ռուս լրագրող Յանա Ամելինան իր՝ «Ռուսները եւ վրացիները փախչում են Վրաստանից» հոդվածում գրում է. «Սեպտեմբերի առաջին օրերին Ինգուրիի մոտ սահմանն անցան Գուրիի Լանչխության շրջանի Գրիգոլետի գյուղի ստարովերների առաջին խումբը: Հոկտեմբերի սկզբին նրանց օրինակին հետեւեցին եւս 19 համագյուղացիներ, որոնցից չորսը կանայք էին եւ փոքր երեխաներ»:
Այս հոդվածը պատմում է այն մասին, թե ինչպիսի հալածանքների են ենթարկվում ստարովերները ազգային պատկանելության հիմքով եւ ինչ սարսափելի դրության մեջ են նրանք հայտնվել այս տարվա օգոստոսյան իրադարձություններից հետո: Հոդվածում Դմիտրի ներկայացած երիտասարդն ասում է. «Ուր էլ որ գնում ենք, մեզ տարօրինակ են նայում: Խանութում մեզ ոչինչ չեն վաճառում: Կարող են հանգիստ վիրավորել, օրինակ, կասեն. հեռացեք Ռուսաստան: Այդ ամենը սկսվեց Միխայիլ Սահակաշվիլու` իշխանության գալուց հետո, իսկ պատերազմը սկսվեց, դրությունն ավելի վատթարացավ»: «Մենք խնդրում էինք նրանց մնալ այստեղ, բայց երիտասարդ են, մեզ չլսեցին: Վերջերս իմացանք, որ նրանք ուղղակի անտուն են եւ մի կերպ ապրում են ինչ-որ բարեկամների մոտ: Նրանք ո՜չ աշխատանք ունեն, ո՜չ էլ տարրական հացի փող: Մենք այստեղ ենք ողջ կյանքներս անցկացրել, ինչպե՞ս կարող ենք այդպես թողնել ու հեռանալ: Այդ ամենը երիտասարդների քմահաճույքն էր, եւ կարծում եմ` նրանք պարզապես շտապեցին»,- պատմում է Գրիգոլետիում մնացած միջին տարիքի մի ստարովեր կին։ Ստարովերների (ստարայա վերա) աղանդի հետեւորդները Վրաստան են տեղափոխվել մեկ դար առաջ` երբ Ռուսաստանում սկսվեցին նրանց հալածանքները:
Գրիգոլետիի ռուս համայնքի երիտասարդները հայտարարում են, որ ստիպված էին հեռանալ Գրիգոլետիից, քանի որ իշխանությունները պատրաստվում էին փակել գյուղական դպրոցի ռուսական բաժինը: Փոթիում Կրթության նախարարության ռեսուրս-կենտրոնի տնօրեն Գոչա Կորկիան հերքել է այդ լուրերը: «Նման բան դեռեւս ոչ ոքի մտքով անգամ չի անցել»,- հայտարարել է Կորկիան: Մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարական մարմնում Սուպսա համայնքը ներկայացնող պատգամավոր Ջումբեր Բլագիձեն «մտացածին մեղադրանքներ» է համարում Գրիգոլետիից հեռացած ստարովերների անունից ռուսական մամուլում արված հրապարակումը: «Երբ պատերազմի ժամանակ ռուսական զորքերը Գրիգոլետի մտան զրահամեքենաներով, հենց այդ երիտասարդներն էին նրանց դիմավորում. եւ դա կրկնվել է: Բացի այդ, նրանք Փոթիի ռուսական հենակետերում էլ են եղել: Հնարավոր է` պարզապես վախեցել են, որ կարող են պատասխանատվություն կրել իրենց արարքների համար, այդ պատճառով էլ հեռացել են»,- ենթադրում է Բլագիձեն: «Մի անգամ ուղղակի տուգանել էին մեկին ոչ օրինական ձկնորսության համար: Բայց մի՞թե Ոստիկանությունը չի տուգանում վրացիներին նման արարքների համար»,- վրացական ոստիկանության հետ շփումներն է ներկայացնում Գրիգոլետիում մնացած ծերունի հնադավաններից մեկը:
Ստարովերների կարգավիճակով արդեն սկսել է հետաքրքրվել Եվրոպական Միության դիտորդական առաքելության Փոթիի գրասենյակը: Դիտորդական խմբի ավստրիացի փորձագետ Դորիս Բոհելն արդեն պահանջել է իրեն տրամադրել այս հարցի ուսումնասիրության հետ կապված բոլոր, նույնիսկ լրագրողական բնույթի նյութերը: Նա հավաստիացրել է, որ հարցն անպայման մանրամասն ուսումնասիրության կենթարկվի Եվրամիության շրջանակներում:
Լաշա ԶԱՐԳԻՆԱՎԱ
IWPR