Սուրճ` հայկական մատուցմամբ

24/12/2008

Երեւանյան Վերնիսաժում աշխատող հարյուրավոր արվեստագործները՝ փոքրիկ սեղաններին խնամքով դասավորելով ձեռակերտ արծաթյա ականջօղերը, վզնոցները, փայտյա հուշանվերներն ու կավե սուրճի բաժակներն ու մետաղյա ջազվեները ու էլի շատ իրեր, վառում են առաջին ծխախոտը եւ պատվիրում մի բաժակ սուրճ: Տարբեր տեսակի սուրճ` ըստ նախասիրությունների, նրանց համար պատրաստում են «Վերնիսաժի» «կոֆե եփող» կանայք, որոնք այդպես գումար են վաստակում: 1 բաժակ սուրճն արժե 100-150 դրամ: Նրանք մոտենում են վաճառողներին եւ առաջարկում` «կոֆե կուզե՞ք»: Սուրճ պատրաստող կանանցից մեկը` Սեդան, սուրճ եփում է հատուկ սայլակի մեջ տեղադրված գազօջախով, որով նա տեղափոխում է իր սրճային «խոհանոցը»: Սայլակի մեջ կան սուրճի պատրաստման համար անհրաժեշտ բոլոր պարագաները` գազօջախ, ջազվե, սուրճ` տարբեր տեսակի, շաքարավազ, բաժակներ, քաղցրավենիքգ:

Պատրաստելով պատվիրված սուրճը` պատմում է. «Իսկական արեւելյան սուրճը պետք է դառը լինի: Հայերը սուրճ խմել չգիտեն. քաղցր են ուզում կամ կաթով: Կոֆեի հաճույքը դառնության մեջ է»:

Այդ ընթացքում լսվում է սուրճի ծանոթ թշշոցը, եւ այն թափվում էգ Սեդան, դժգոհելով, որ իմ հարցերով շեղել եմ, պլաստմասսե բաժակի մեջ է լցնում տաք սուրճը եւ մատուցում արծաթյա իրերով բեռնված սեղանի կողքին կանգնած տղամարդուն: Ես հարցնում եմ նրան` ինչո՞ւ եք սուրճ խմում: Նա դանդաղ ժպտալով վերցնում է սուրճի բաժակը եւ պատասխանում` «որ լավ մտածեմ»: Վայելելով առաջին կումը եւ մի պահ լռելով` նա շարունակում է. «Կարելի է նույնիսկ ասել, որ սուրճը եւ ծխախոտը հայ տղամարդու կերպարի անբաժանելի մասնիկներն են: Դա ոճ է, հաճույք ստանալու ձեւ: Նույնիսկ կասեի` հայ տղամարդու ամենօրյա ծեսն է, մեդիտացիայի նման մի բան: Իսկ հայ տղամարդիկ սիրում են մտածել»,- ասում է 36-ամյա Արսենը` աշխուժացած սուրճի բույրից եւ տաքությունից: «Սուրճ խմելը ենթատեքստ ունի, այն հավաքվելու, զրուցելու, միասին մտորելու հրավեր է: Հիմա էլ կարելի է տեսնել, թե ինչպես հին բակերում կան նստարաններ, որտեղ բնակիչները, մանավանդ՝ տաք եղանակին, հրավիրում են իրենց հարեւաններին «կոֆե խմելու», եթե բացենք չակերտները, ապա` բամբասելու, զրուցելու, հանգստանալու, նորություններ իմանալու համար: Սուրճի խորհուրդը հաղորդակցությունն է»,- ասում է մշակութաբան Հրաչ Բայադյանը:

Խորհրդային Հայաստանում սուրճ խմելու ավանդույթը տարածել են հայրենադարձները: «Ես հիշում եմ, որ Հալեպից եկած իմ քեռու ընտանիքում միշտ սուրճ էին խմում: Նրանք ունեին մի շատ գեղեցիկ, արեւելյան նախշերով զարդարված տուփ, որի մեջ պահվում էին սուրճի անուշահոտ հատիկներ: Քեռուս աղջիկը խնամքով ընտրում էր կոֆեի հատիկները եւ բովում մարմանդ կրակի վրա: Հետո այդ հատիկները լցվում էին սրճաղացի մեջ: Դա մի տուփ էր, որի վրա կար դժվար պտտվող բռնակ եւ դարակ, որի մեջ հավաքվում էր աղացած սուրճը: Անպայման եփում էին ջազվեի մեջ եւ խմում ապակե փոքրիկ բաժակներով»,- հիշում է 50-ամյա Ռաֆայել Աղաբեկյանը ցույց տալով հին սրճաղացը: Նա բացում է սրճաղացի տուփի դարակը եւ հոտ քաշում. «10 տարուց ավելի չենք օգտագործել, բայց կոֆեի հոտը չի անցնում»:

Տեղացիները սուրճ խմելու ավանդույթն ընդունեցին, ու հայկական տներում հյուրերին այն մատուցվում է քաղցրավենիքի, մրգի կամ խմորեղենի հետ: Մինչդեռ հայրենադարձները սուրճը հյուրասիրում էին դառը եւ առանց քաղցրավենիքի: Դա էր պատճառը, որ տեղացիները, իրականում չհասկանալով սուրճի հրավերի բուն էությունը, ձեռք էին առնում հայրենադարձներին` սեղանին մի բաժակ սուրճ դնելու համար, ասել է թե` կարգին չհյուրասիրելու: 70-ական թվականներին երեւանյան սրճարանները բացառիկ էին ամբողջ Խորհրդային Միությունում: Կային երեք հայտնի սրճարաններ` «Պապլովոկ», «Կազիրյոկ» եւ «Սկավզնյաչոկ», որտեղ հավաքվում էին ժամանակի մտավորականները, նկարիչները, դերասանները:

«Խորհրդային տարիներին այդ սրճարաններն ազատ շփվելու կղզյակներ էին: Մտավորականները ժամերով նստում էին մի սուրճի սեղանի շուրջ եւ զրուցում, քննադատում, երբեմն մի սեղանից տեղափոխվում այլ խմբի սեղանի շուրջ: Եթե պետք էր ինչ-որ մեկին գտնել, բոլորը գիտեին, որ նա որոշակի ժամին կլինի այդ սրճարաններից որեւէ մեկում»,- պատմում է նկարիչ Արմեն Աթանյանը, որի ստեղծագործական շրջապատը հիմա հավաքվում է «Փարիզյան սուրճ» սրճարանում: Հետաքրքիր է, որ ամբողջ աշխարհում սուրճն ունի մեկ «Coffee» անուն` տարբեր հնչյունափոխված տարբերակներով: Այդ անվանումը կապվում է Եթովպիայի Քաֆֆա ծայրամասի հետ, որտեղ, ըստ ավանդական պատումի՝ մի հովիվ եւ տեղի մենաստանի վանահայր առաջին անգամ գնահատեցին սուրճի որակները: Սակայն հայերը «մերն ուրիշ է» տարբերակով՝ այդ ըմպելիքի համար մտածեցին ուրիշ անուն` սուրճ: Կան կարծիքներ, որ ըմպելիքի անվանման հայկական տարբերակը սերտորեն կապված է այն բանի հետ, թե ինչպես էին հայերն ըմպում այն. սուրճը շուրթերով կլանելիս լսվում է «ս»-անման հնչյուն, որը հետո փոխակերպվում է «չ»-անման ճպոցի: Այստեղից էլ «սուրճ» անվանումը:

Լենա ՆԱԶԱՐՅԱՆ
Արարատ ԴԱՎԹՅԱՆ
www.hetq.am