Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իրեն հատուկ ծիսական խմիչքը: Ադրբեջանցիներինը թեյն է. այն կարծես ջերմացնում է նրանց ողջ կյանքի ընթացքում: Ոչ մի կարեւոր իրադարձություն` ծննդյան տարեդարձից մինչեւ հուղարկավորություն, չի անցնում առանց թեյ խմելու: Այնուամենայնիվ, Ադրբեջանում գոյություն չունի թեյ խմելու հատուկ արարողություն, ինչպես ընդունված է, օրինակ, Ճապոնիայում կամ Անգլիայում:
Թեյը խնամախոսության պարտադիր պարագաներից մեկն է: Ադրբեջանցիների մոտ ընդունված չէ միանգամից խոսել այդ մասին: Որպես կանոն, խնամախոսներն այցելության մասին նախօրոք են տեղեկացնում: Խնամախոսության ամբողջ խոսակցությունն ինքնին խիստ խճճված է լինում եւ ակնարկներով հագեցած: Իսկ պատասխանը տրվում է հենց թեյի միջոցով. եթե խնամախոսներին առաջարկված թեյի մեջ շաքար են լցրել, ուրեմն շուտով հարսանիք կլինի: Բացասական պատասխանի դեպքում պարզապես առաջարկվող թեյի շաքարն առանձին են մատուցում:
Ադրբեջանում կա թեյ խմելու հատուկ բաժակ` «արմուդ», նշանակում է` «տանձաձեւ»: Եվ իրոք, բաժակներն իրենց ձեւով հենց այդ միրգն են հիշեցնում. կան նույնիսկ այս բաժակների ձեւը բնորոշող բազում բացատրություններ: Նախեւառաջ, ասում են, որ այդպես բաժակն ավելի հարմար է ձեռքում պահել, բացի այդ, հենց նման ձեւի շնորհիվ, թեյն այս բաժակներում միայն վերեւից է սառչում` դրա նեղ հատվածում երկար ժամանակ պահպանելով տաքությունը. սա, իր հերթին, թույլ է տալիս սրտի ուզածի չափ երկարացնել թեյի արարողությունը: Հնարավոր չէ պատկերացնել ոչ մի ադրբեջանական բնակավայր՝ առանց թեյարանի: Լյանքյարանի բնակիչներից մեկը` 50-ամյա Աֆլաթուն Ռագիմովը, հասարակ ներկարար է, բայց, ինչպես ինքն է ասում, թեյի մասին շատ բան գիտի: «Սպասի՛ր, թեյի ժամանակ քեզ ամեն ինչ կպատմեմ»,- պատասխանեց Ալֆաթունը, թեյի մասին գաղտնիքներ պատմելու խնդրանքիս: «Արմուդից» մի կում անելով` Ալֆաթունը պատմեց, որ ի տարբերություն միջինասիական թեյարանների, որտեղ կարելի է նաեւ հագեցնող ճաշ վայելել, ադրբեջանականներում մատուցվում է միայն թեյ` համապատասխան պիտույքներով: Դա կարող է լինել ինչպես ավանդական քաղցրավենիքը, այնպես էլ, արտասահմանյան կոնֆետները եւ, իհարկե, շաքարը: Ներկարար Ալֆաթունն այնուհետեւ ընդգծեց, որ թեյարանը տղամարդկանց հատուկ ակումբ է հիշեցնում, որտեղ կանանց ներկայությունը մի քիչ ընդունված չէ. իզուր չէ, որ այստեղի մատուցողները հիմնականում արագաշարժ երիտասարդներ են: Թեյարանում տղամարդիկ կարող են քննարկել ամեն ինչ` աշխարհի քաղաքական խնդիրներից՝ մինչեւ իրենց քաղցած, բայց երջանիկ մանկության հիշողությունները:
Լյանքյարանը թեյագործական ավանդույթներով հայտնի շրջան է Ադրբեջանում, եւ այստեղ, իրոք, թեյարանները որոշակիորեն տարբերվում են սովորականներից: Ահա թե ինչու է Ալֆաթունը հպարտությամբ շեշտում, որ այստեղ յուրահատուկ թեյ են պատրաստում: Դրա համար օգտագործվում է աղբյուրի ջուր, եւ պատրաստվում է այն միայն փայտածուխի վրա, որը թեյին հատուկ նրբություն ու բույր է հաղորդում: Այնուամենայնիվ, ներկարարը դժգոհեց, որ Լյանքյարանի թեյագործական արդյունաբերությունը որոշակի անկում ապրեց անցյալ դարի 90-ականներին` Ադրբեջանի անկախացումից հետո: Ադրբեջանը հանդիսանում է աշխարհի թեյ արտադրող 30 երկրներից մեկը: Բայց արդյունաբերության այս ճյուղն անկում է ապրում։ Ադրբեջանում թեյի տնկադաշտերի տարածքը 1988թ.-ի համեմատ կրճատվել է 7.5 անգամ։ Երկրի տարածքում գոյություն ունի 14 գործարան, որոնք կարող են նախնական մշակման ենթարկել տարեկան 38 հազար տոննա կանաչ թեյի թերթիկներ, սակայն ներկայում դրանցից միայն 5-ն են գործում, այն էլ՝ չափազանց ցածր հզորությամբ: Աճեցված կանաչ թեյին 1-ին եւ 2-րդ կարգի որակ է տրվում, բայց թրմվելիս այն տարօրինակ համ ու գույն է ձեռք բերում: Այս կապակցությամբ էլ ներկայում շատ են խոսակցություններն այն մասին, որ թեյի մեջ ինչ-որ անհայտ ներկանյութ են ավելացնում, եւ պարզ չէ, թե այն ինչ վնաս կարող է հասցնել առողջությանը: Հիգիենայի եւ համաճարակաբանության վերահսկողության հանրապետական կենտրոնից «Թուրան» գործակալությանը տեղեկացրել են, որ թեյի մեջ ավելացվող ներկանյութը սովորական հավելում է, որն օգտագործվում է սննդամթերքի մեջ՝ տարբեր գունային նրբերանգներ ապահովելու նպատակով, եւ մարդու առողջության համար ոչ մի վտանգ չի ներկայացնում:
Արիֆա Քյազիմովայի` 50-ամյա տնային տնտեսուհու եւ երկու երեխաների մոր կարծիքով, «խորհրդային տարիներին կար թեյի մի քանի տեսակ, որոնք որոշակիորեն տարբերվում էին իրարից, եւ մարդիկ գիտեին, թե ինչ են գնում»: «Այժմ բարձր կարգի թեյ հասկացություն այլեւս գոյություն չունի, թեյի բոլոր տուփերն էլ համարյա նույն պարունակությունն ունեն»,- ասում է Արիֆան եւ ավելացնում, որ «չնայած այս ամենին, եթե դուք ադրբեջանական ընտանիքին հյուր գնաք, ձեզ նախ եւ առաջ թեյ կառաջարկեն: Նման հյուրասիրությունից դժվար է հրաժարվել, սակայն մերժումը չի համարվի վատ վարվեցողություն: Դա, ինչպես ասում են, ձեր գործն է»:
Մուրսալ ԱԼԻԵՎ
«1-st news»
Լուս.` Թոֆիկ ԲԱԲԱԵՎԻ