Փոքր դահլիճում ծխախոտի սարսափելի ծուխ է կանգնած, այստեղ-այնտեղ երեւում են հրեշտակների թեւիկներ ու սատանայի կոտոշներ, իսկ ձայների աղմուկը համարյա խլացնում է առանց այն էլ բարձր երաժշտությունը: Սա ոչ թե մղձավանջ է կամ զգայախաբություն, այլ ընդամենը Հելոուինի տոնին նվիրված երեկույթ` Բաքվի ակումբներից մեկում: Այսօր ակումբում ոչ թե սովորական երիտասարդներ են, այլ իսկական ռոք երաժշտության սիրահարներ:
Քուրտ Քոբեյնի եւ այլ աստղերի նկարներով զարդարված վերնաշապիկներով, երկար մազերով ու դաջվածքներով երիտասարդները, հանդուգն հայացքով եւ «պիրսինգներով» զարդարված աղջիկները խիստ տարբերվում են նույնիսկ մայրաքաղաքի խայտաբղետ ամբոխում: Այնուամենայնիվ, ադրբեջանական ռոքերները դեռ չեն կարող իրենց համարել տեղական մշակույթի լիիրավ ներկայացուցիչներ։
Խորհրդային ժամանակներից հայտնի «Դերվիշ» ռոք-խմբի մենակատար Զաուրը պատմում է, որ ռոք-մշակույթը Բաքվում, որպես այդպիսին, ձեւավորվել է անցյալ դարի 80-ականներին: Այդ տարիներին քաղաքում մոտավորապես 26 ռոք-խումբ կար, տարեկան երկու անգամ կազմակերպվում էր հանրապետական ռոք-փառատոնը, եւ միշտ պահպանվում էր կապը արտասահմանյան երաժիշտների հետ: Իսկ հետո բարձր երաժշտությունը խլացնող սարսափելի աղմուկով ու թնդյունով փլուզվեց Խորհրդային Միությունը: Երաժիշտները ստիպված եղան, ինչպես իրենք են ասում, «թափառել գինետներով», մնացածներն ուղղակի հեռացան երկրից կամ թողեցին ստեղծագործելըգ
Այսպես շարունակվեց՝ մինչեւ Բաքվի նավթային բումը։ Քաղաք եկան ամերիկացիներ ու եվրոպացիներ` ռոքի իսկական սիրահարներ ու գիտակներ: Պահանջարկը, ինչպես բազմիցս համոզվել ենք, առաջարկ է ստեղծում, եւ ադրբեջանական ռոքի «անառակ որդիները» վերադարձան, սակայն՝ ոչ թե բեմ, այլ նույն «գինետներ»: «Խորհրդային լեգեոնի» ռոքերներն այդպես էլ շարունակեցին իրենց ելույթներն արդեն ավելի բարձրամակարդակ ակումբներում: Այսօր «Դերվիշ» խումբը մի փոքր փոխված կազմով հանդես է գալիս տարբեր ակումբներում ու գինետներում, որտեղ այցելուների մեծ մասը կամ արտասահմանցիներ են, կամ էլ նրանց հետ շփման հետեւանքով նման ճաշակ ու նախասիրություններ ձեռք բերած ադրբեջանցիներ:
Ադրբեջանում պրոֆեսիոնալ ռոք կատարողներին կարելի է մատների վրա հաշվել։ Դրանցից մեկը «Unformal»-ն է՝ ութ տարվա վաղեմության ռոք-խումբը, որն այս տարի Ադրբեջանը «Եվրատեսիլի» ժամանակ ներկայացնելու թեկնածուներից մեկն էր։ Իր կարճատեւ գոյության ընթացքում խումբը մոտ 5 անգամ փոխել է երաժշտական ոճը, համարյա 10 անգամ` անձնակազմը:
«Unformal»-ի երաժիշտների խոսքերով, սկիզբը շատ անկեղծ, բայց միաժամանակ բավական պրիմիտիվ է եղել՝ առանց տարրական երաժշտական գիտելիքների ու փողի:
«Գիտե՞ք, թե ինչպես էինք նվագում. մի կերպ մեր ձեռքով զոդում էինք բարձրախոսները, որ կարողանանք մեկ երգ նվագել. հետո դրանք արագ փչանում էին, եւ ստիպված ամեն ինչ նորից էինք սկսում»,- հիշում են խմբի տղաները: «Մեզ համար այժմ շատ ավելի բարդ է, քան այն խմբերի, որոնք սկսեցին ռոք նվագել 80-ականներին։ Բոլոր բարձրակարգ կատարողները հեռացել են, երիտասարդությունը համարյա զրոյից է ստիպված սկսել»,- խոստովանում է «Unformal»-ի մենակատարուհի Ֆարիդան` բաս-կիթառ նվագող միակ աղջիկն Ադրբեջանում:
Տարիների ընթացքում «Unformal»-ի երաժշտության որակն աճել է, սակայն ռոքերների ֆինանսական դրությունը գրեթե չի բարելավվել: Իրականում ադրբեջանական ռոք-երաժիշտների մեծամասնությունը բողոքում է հենց ֆինանսական դրությունից. երկրում այս երաժշտության միջոցով փող աշխատելը շատ դժվար է, եթե, իհարկե, «Դերվիշի» պես անընդհատ ելույթ չունենան տարբեր ակումբներում: Համերգներն ու սկավառակները համարյա ոչ մի շահույթ չեն բերում: Բացի այդ, այլ ոճի երաժիշտները դեռ կարողանում են վաստակել տարբեր տեսակի հանդիսությունների կամ հարսանիքների ժամանակ, իսկ ռոք-խմբերը զուրկ են նման հնարավորությունից, քանի որ իրենց ոճը չի համապատասխանում նման միջոցառումներին:
«Ռադիոն ու հեռուստատեսությունն անընդհատ փող են պահանջում կատարողին ճանաչելի դարձնելու համար,- դժգոհում է հայտնի ռոքեր Միլանը,- իսկ ես նման միջոցներ չունեմ: Գոնե լավ է, որ վերջերս հաճախ են ինձ տարբեր ծրագրերի հյուր դարձնում. հավանաբար, վարկանիշիս բարձրանալու շնորհիվ է»: Բացի այդ, ֆինանսական դրությունը թույլ չի տալիս նրան միջազգային փառատոների մասնակցել: Միլանի կարծիքով, ավելի շատ փող ունենալու դեպքում, այժմ արդեն մեծ հաջողությունների հասած կլիներ իր ստեղծագործական կյանքում: Այդպես էլ ստացվում է, որ ռոք երաժշտությամբ զբաղվողների միակ խթանիչ ուժը խանդավառությունն է:
Նիգյար ՄՈՒՍԱԵՎԱ, «Trend Life»
Լուս.` Թթֆիկ ԲԱԲԱԵՎԻ