«Միջազգային հանրությունը մոտեցել է տնտեսական ճգնաժամի միայն «սկսվելու ավարտին», եւ 2009 թվականին հարկ կլինի շատ բան անել այն հաղթահարելու համար»։ Նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները: «Մեր պարտավորություններն ու բարի մտադրությունները ամենալուրջ փորձությանն են ենթարկվելու: Ինձ համար հաճելի է նշել, որ աշխարհը միավորվել է տնտեսական ռեցեսիայի դեմ հանդիման, բայց վախենում եմ, որ մենք մոտեցել ենք միայն դրա սկսվելու ավարտին: Ներկայիս ճգնաժամը մարտահրավեր է գլոբալ համերաշխությանը, որը ցանկացած հիմնախնդրի լուծման բանալին է: Սա դժվարին տարի էր: Բայց եկող տարին էլ ավելի դժվարին է լինելու»,- ասել է Պան Գի Մունը:
Նա ողջունել է, որ, չնայած ֆինանսական ցնցումներին, համաշխարհային հանրությանը եւ ՄԱԿ-ին հաջողվեց հաղթահարել պարենային ճգնաժամը: «ՄԱԿ-ի համակարգի հիմնարկները, աշխատելով միասին, կարողացան ժամանակին պատշաճ կերպով հակազդել այդ հիմնախնդրին՝ միաժամանակ աշխատելով բոլոր ուղղություններով՝ արտակարգ օգնության տրամադրում, օժանդակություն միջազգային առեւտրին, գյուղատնտեսության զարգացում եւ սոցիալական պաշտպանության ապահովում»,- ասել է գլխավոր քարտուղարը: