2008 թվականը Հայաստանի համար նշանավորվեց ոչ միայն քաղաքական ցնցումներով, այլեւ տնտեսության մեջ արձանագրված բացասական միտումներով, որը մի կողմից՝ նույն քաղաքական իրադարձությունների հետեւանքն էր, մյուս կողմից` միջազգային տնտեսական ճգնաժամի:
Բացի այդ, օգոստոսին` ռուս-վրացական հակամարտության օրերին, վրացական երկաթուղու վթարի պատճառով մի քանի շաբաթ կանգ էր առել Հայաստանի բեռնափոխադրումը: Արտահանողներն ու ներմուծողները մոտ մեկ ամիս չէին կարողանում նորմալ գործունեություն իրականացնել: Եվ հենց այդ ժամանակից էլ ավելի զգալի դարձավն Հայաստանի տնտեսության, տնտեսվարող սուբյեկտների առաջ ծառացած դժվարությունները: Արդեն սեպտեմբերին բեռնափոխադրումների վերականգնումից հետո էլ պարզ դարձավ, որ համաշխարհային ճգնաժամը սպառնում է նաեւ Հայաստանին: Եվ ահա այս ծանր տարվա բերած բազմաթիվ խնդիրների պայմաններն իրենց բացասական ազդեցությունը թողեցին հայրենի տնտեսվարողների, հատկապես արտադրող-արտահանողների վրա: Տարեվերջին արդեն նրանք սկսել են հաշվարկել, թե որքան վնասներ են կրել այս բոլոր գործոնների հետեւանքով, եւ սպասում են հաջորդ տարվա ու խորացող ճգնաժամի սպառնալիքներին: Մեր զրուցակից տարբեր ոլորտների մի քանի գործարարներն էլ իշխանություններից որոշակի միջոցառումների ակնկալիքներ ունեն:
«Երեւանի շամպայն գինիների գործարանի» ղեկավարներն, օրինակ, ակնկալում են, որ իշխանությունները խստացնեն մաքսային ռեժիմը, եւ ներմուծվող ապրանքի համեմատ՝ հայրենական արտադրության համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծեն: Ընկերության ղեկավարները տարակուսանքով նշում են, որ Ռուսաստանից ներկրված ոգելից խմիչքը տեղական արտադրանքից էժան է: Գործարանի փոխտնօրեն Հովհաննես Իսկաջյանն ասում է, որ այս տարի իրենց արտադրության ծավալը կրճատվել է մոտ 50 տոկոսով:
«Մենք յուրահատուկ չենք եւ առանձնացված էլ չենք, Հայաստանում, ինչպես բոլորի վրա, մեզ վրա էլ ճգնաժամը շատ վատ է անդրադառնում: Արտադրությունը 50 տոկոսով կրճատվել է, բանկերը վարկերը 15 տոկոսից բարձրացրել են 20 տոկոսի: Ամբողջ աշխարհում է ճգնաժամը, եւ այդ պատճառով էլ արտահանած ապրանքի գումարները ետ չեն գալիս: Ռուսական երկաթուղին թանկացրել է բեռնափոխադրման սակագները: Իսկ ներքին շուկայում էլ ներմուծված ռուսական ապրանք է վաճառվում: Պետությունը, իշխանությունները ժամանակին պետք է ճիշտ որոշեին, մաքսային ռեժիմը խստացնեին, դրսից այդքան ապրանք չէր մտնի, դեկտեմբերին, Նոր տարվա շեմին տեղի արտադրողն իր ապրանքը կվաճառեր: Իսկ մենք արդեն չենք կարողանում Ռուսաստան արտահանել, ճգնաժամի հետեւանքով իրացումն է փոքրացել, գումարները չեն գալիս, տրանսպորտն էլ շատ է թանկացել: 3-4 ամիս է՝ Ռուսաստանից չենք կարողանում գումարները ստանալ»,- ասում է Հ.Իսկաջյանը:
«Նոյյան» հյութեր արտադրող գործարանի ղեկավար Վահե Ղազարյանը նույնպես տեղեկացնում է, որ կրճատվել են իրենց արտադրության ու իրացման ծավալները, եւ, որ վերջին 4-5 ամիսների ընթացքում իրենք էլ չեն կարողանում ստանալ արտահանված ապրանքի գումարը: Պարոն Ղազարյանը նաեւ գտնում է, որ Հայաստանի տնտեսվարողների եւ ընդհանրապես ողջ տնտեսության հիմնական դժվարությունները դեռ առջեւում են: «Բավականին աշխատատեղեր կրճատվել են, եւ իմ կարծիքով՝ դեռ կրճատվելու են, մարդիկ կզրկվեն աշխատանքից ու աշխատավարձից: Իսկ դա նշանակում է, որ բոլոր բնագավառներում էլ կրճատվելու են շրջանառության ծավալները»,- ասում է պարոն Ղազարյանն ու ավելացնում, որ տնտեսվարողների մոտ արդեն դժվարություններ կան վարկերը բանկերին ետ վերադարձնելու առումով: Իսկ ի՞նչ պետք է անեն իշխանություններն այս պայմաններում: «Պետք է մոռանան անձնական ամբիցիաները: Առայժմ չեմ տեսնում, որ պետությունն ու իշխանություններն իրենց ծրագրերն ու բյուջետային ծախսերն իրականացնեն խորացող տնտեսական ճգնաժամին համահունչ»,- ասում է Վ.Ղազարյանը:
Արտադրության ու արտահանման ծավալների կրճատումը, բնականաբար, բերում է բեռնափոխադրումների ծավալի կրճատմանը: Դա է վկայում նաեւ Հայաստանի ամենամեծ բեռնափոխադրող ընկերություններից մեկի` «Ապավենի» տնօրեն Գագիկ Աղաջանյանը: Իսկ բեռնափոխադրումների, հատկապես արտահանման պատկերը ցույց է տալիս, թե ընդհանրապես ինչ վիճակում է երկրի տնտեսությունը:
«Բեռնափոխադրման ծավալների որոշ քանակի պակաս ունենք, դա հատկապես արտահանման մասով է դեռ զգացվում: Իսկ այդ նվազումն էլ հիմնականում կապված է լեռնամետալուրգիայի հետ: Ֆերոմոլիբդենի, մոլիբդենի, ցինկի խտանյութի արտահանման ծավալները կտրուկ անկում են ապրել: Պղնձի արտահանումը դեռ չի պակասել: Մնացած ապրանքների մասով նույնպես փոփոխություններ դեռ չեն նկատվում: Իսկ ընդհանուր առմամբ արտահանման ծավալները նվազել են 5-6 տոկոսով»,- ասում է Գ.Աղաջանյանը: