Նախատոնական Երեւանում վերջերս տեղադրված գովազդային վահանակներից մեկի վրա գրված է. «Ավելի լավ է խմել, քան պատերազմել»: Կարծում ենք, որ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարներում որեւէ առարկություն չունենալով վերոհիշյալ «գաղափարախոսության» դեմ, այնուհանդերձ, վերջին օրերին, կարծես թե, առայժմ ավելի հակված են «պատերազմելուն»: Հակառակ դեպքում ինչո՞վ կարելի է բացատրել իշխող վարչախմբի՝ Հայ Ազգային կոնգրեսին համաժողով անցկացնելու համար համառորեն դահլիճ չտրամադրելու «կոնֆրոնտացիոն» եւ, միեւնույն ժամանակ, դժվար հասկանալի որոշումը, ինչը, ի դեպ, ընկալելի չէ նույնիսկ իշխանական որոշ շրջանակների համար: Կամ ինչո՞վ կարելի է բացատրել, որ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներով հղի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի խմբի նիստից առաջ իշխանություններն այդպես էլ ձեռնամուխ չեղան առանց «ղազագրային նախապայմանների» համաներման որոշումներ ընդունել ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով հետապնդվող եւ բանտարկված ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Խոսակցության առանձին թեմա է «Բջնիի» սնանկացման շուրջ ստեղծված, բառիս բուն իմաստով, թշնամական մթնոլորտը: Ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած վերոհիշյալ նիստի ընթացքը եւ արդյունքները բացարձակապես անակնկալ էին ՀՀ գործող վարչախմբի համար: Իշխանության տարբեր տրամաչափի ներկայացուցիչների` վերջին օրերին արտահայտած մտքերից կարելի էր եզրակացնել, որ վարչախումբը ԵԽ ԽՎ Մոնիտորինգի խմբից ակնկալում էր, թերեւս, նախկինի նման, միգուցե փոքր-ինչ ավելի կոշտ, սակայն տարաբնույթ սակարկությունների համար մեծ հնարավորություններ պարունակող զեկույց։ Իսկ երբ հայտնի դարձավ, որ մարդու իրավունքների հանձնակատար, վերջերս Երեւանում աննախադեպ կոշտ գնահատականներով հանդես եկած Թոմաս Համարբերգն ինչ-ինչ պատճառներով անձամբ ներկա չի լինելու եւ, բնականաբար, չի ներկայացնելու իր զեկույցը Մոնիտորինգի հանձնաժողովին, այդ լուրը կարծես էլ ավելի լավատեսական հիմքեր տվեց ՀՀ իշխանություններին: Առավել եւս, որ նրա փոխարեն զեկույցը ներկայացնող համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն մինչ այդ բազմիցս են ապացուցել, որ չեն մոռանում «հայկական հյուրասիրությունը»: Սակայն ամենից կարեւոր փաստարկը, որն առանձնակի վստահություն էր ներշնչում վարչախմբին, այն ելակետային «պոստուլատն է», որ մշտապես եւ առանձնապես քաղաքական ու տնտեսական զարգացման այս փուլում Հայաստանի հանդեպ միջազգային հանրության եւ կազմակերպությունների վերաբերմունքը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացներով: Այս առումով ՀՀ իշխանությունները, կարծես թե, ավելի շատ անհանգստանալու հիմքեր ունեին երկրի ներսում, քան դրսում` հաշվի առնելով փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին գործող վարչախմբի բազմաթիվ հայտարարությունները եւ արված կոնկրետ քայլերը: Վաղուց գաղտնիք չէ նաեւ, որ որպես ԼՂ հարցի կարգավորման շուրջ Հայաստանի կողմից «կոնստրուկտիվ» քաղաքականություն վարելու պարտադիր նախապայման՝ ՀՀ վարչախումբը բացահայտ կամ քողարկված կերպով միջազգային հանրության առջեւ առաջ էր քաշում ՀՀ ներքաղաքական կյանքի կայունության ապահովման հարցը: Այսինքն, այլ կերպ ասած, միջազգային կազմակերպությունները հանուն ղարաբաղյան գերխնդրի՝ պետք է հնարավորինս անտեսեն հայաստանյան ներքին ժողովրդավարական բնույթի «լոկալ» խնդիրները: Եվ, ինչպես ցույց տվեցին հայաստանյան նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները, Արեւմուտքում գրեթե լիակատար «ըմբռնումով են» մոտեցել ՀՀ իշխանությունների կողմից առաջ քաշված խնդիրների հանդեպ, ինչը, ի դեպ, իր արտացոլումը գտավ հայաստանյան արմատական ընդդիմության, առաջին հերթին՝ եվրոպական կառույցների հասցեին բազմիցս հնչած սուր եւ կոշտ քննադատությունների մեջ: «Փոխըմբռնման» այս ֆոնի վրա ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ձայնի իրավունքը կասեցնելու մասին առաջարկության ընդունումը հասկանալի պատճառներով ՀՀ վարչախմբի ներկայացուցիչներին «չափից դուրս» (իսկ գուցե նաեւ՝ պայմանավորվածություններից դուրս) կտրուկ թվաց: Պատահական չէ, որ Մոնիտորինգի խմբի ընդունած որոշումից ընդամենը մի քանի ժամ հետո ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շտապ կարգով մամլո ասուլիս հրավիրեց, որում, ըստ էության, բացահայտորեն ԼՂ հարցի կարգավորմամբ շահագրգռված կողմերին եւ հանրությանը ՀՀ իշխանությունների տարակուսանքը հայտնեց տեղի ունեցածի կապակցությամբ: Կարծում ենք, առանձնակի ուշադրության է արժանի Է.Նալբանդյանի ակնարկը, որ իշխանությունները հուսով են, որ մինչեւ ԵԽ ԽՎ հունվարյան համաժողովը որոշակի իրադարձություններ տեղի կունենան, ինչպես նաեւ Մոնիտորինգի խմբի կողմից Երեւան գործուղվող նույն Պրեսկոտի եւ Կոլոմբեի հետ «հայավարի» այնպիսի աշխատանքներ կանցկացվեն, որոնք կփոխեն եվրոպացիների դիրքորոշումը Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ չկիրառելու հարցում: Համոզվելու համար, որ Արեւմուտքում այս անգամ մտադիր չեն իրենց շանսը ձեռքից բաց թողնել եւ բավականին լրջորեն են տրամադրված ու համակարգված են գործում, բավական է հիշել թեկուզ մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզայի հայտարարությունը: Մինսկի խմբի ամերիկյան այդ համագումարը, շեղվելով ղարաբաղյան թեմայից, անսպասելիորեն Հայաստանին սկսեց քննադատել քաղբանտարկյալներ ունենալու համար: Իսկ այնուհետեւ իր ծանրակշիռ խոսքն ասաց նաեւ ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան, որը, բացահայտորեն քաղաքական դրդապատճառներից ելնելով, անորոշ ժամանակով հետաձգեց ՀՀ-ին հերթական ֆինանսական տրանշի հատկացումը: Այս իրավիճակում բավականին «սառնասիրտ» վերաբերմունք է տեղի ունեցածի հանդեպ ցուցաբերում արմատական ընդդիմությունը: Վերջինս թեպետ հասկանալի պատճառներով ոգեւորված է Արեւմուտքից վերջապես ստացված «շոշափելի» աջակցությամբ, այնուհանդերձ, կարծես թե հասկանում է, որ հունվարի վերջին մեկնարկող ԵԽ ԽՎ վեհաժողովին զուգահեռ՝ լուրջ զարգացումներ են սպասվում նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ: Այս առումով ավելի հավանական է, որ միջազգային կառույցները, ձայնի իրավունքից «զրկման» եւ քաղբանտարկյալների հարցեր ՀՀ վարչախմբի «գլխին կախելով», ընդամենը փորձում են էլ ավելի վերահսկելի դարձնել պաշտոնական Երեւանը: Այս սցենարի իրականացման պարագայում, եթե ամեն ինչ ընթանա նախանշած ուղիով, սովորական դարձած սակարկությունների եւ այլ «փոխշահավետ համագործակցությունների» արդյունքում ԵԽԽՎ որոշումը հերթական անգամ կմնա զուտ որպես բարոյախոսական, դեկլարատիվ եւ զարգացումները շարունակական վերահսկելի իրավիճակում պահելուն միտված փաստաթուղթ: Հավանաբար, զարգացումների այս համատեքստում պետք է դիտարկել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն կանխատեսումը, որ «Եվրախորհրդում կփորձեն ներկա արդյունքները տեսնել շարունակական պրոցեսներում, ու իշխանություններին նորանոր առաջարկություններ կարվեն»: Պահի առանձնահատկությունը, թերեւս, նաեւ այն է, որ այս անգամ Հայաստանն առանձնապես չի կարող մեծ հույսեր կապել անգամ ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի հետ: Նախ՝ այն պատճառով, որ վաղուց արդեն գաղտնիք չէ, որ Ռուսաստանի ղեկավարությունն այժմ «Մադրիդյան սկզբունքի» հիման վրա ԼՂ հարցի արագ կարգավորման ամենաակտիվ ջատագովներից մեկն է: Ինչպես նաեւ, պակաս կարեւոր չէ այն հանգամանքը, որ Ռուս-վրացական պատերազմից հետո ՌԴ-ի եւ Միացյալ Եվրոպայի միջեւ առաջացած «սառույցն» այժմ ակնհայտորեն «հալվում է», եւ դժվար թե հանուն Հայաստանի՝ այսօր Ռուսաստանը վտանգի իր համար բարենպաստ այդ գործընթացը: Այս առումով արդեն, թերեւս, չհամաձայնենք մեր կողմից արդեն հիշատակված Գալուստ Սահակյանի հետ, որը, կարծես վիրավորված լինելով եվրոպական կառույցներից, հայտարարեց հետեւյալը. «Չեմ կարծում, որ այնքան անխոհեմ կգտնվի Եվրախորհուրդը, որ մեզ ավելի կսերտացնի այլ դաշտերի հետ»: Դժբախտաբար կամ բարեբախտաբար, «այլ դաշտերի» ընտրության առումով Հայաստանի ղեկավարության հնարավորությունները, մեղմ ասած, այնքան էլ շռայլ չեն: