Հայաստանի Ազգային արխիվը 2009-ին նախատեսում է թվայնացնել 25 վավերագրական ֆիլմ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, արդեն ձեռք է բերվել անհրաժեշտ ֆրանսիական սարքավորում, իրականացվում են փորձնական աշխատանքներ: Ֆրանսիացի մասնագետները ժամանել են Հայաստան եւ ծանոթացրել սարքավորման աշխատանքին: Ա. Վիրաբյանի խոսքով, առաջիկա 3 տարիներին կթվայնացվեն արխիվում պահվող բոլոր փաստավավերագրական ֆիլմերը: Ներկայումս թվայնացվում են գեղարվեստական կինոնկարները «CS FILMS» ընկերության կողմից. թվայնացվել է 150 ֆիլմ: «Թղթի դարաշրջանն անցնում է, մեզ են հասնում թվային նոր սարքավորումներ: Առաջ գնալու, եղածն արդյունավետ պահելու համար անհրաժեշտ է քայլել ժամանակին համընթաց»,- ասել է Ա. Վիրաբյանը: Նշենք, որ Ազգային արխիվն առաջիկայում նախատեսում է նաեւ ձեռք բերել 8 մմ ժապավենների վրա սիրողական տեսախցիկով նկարահանված ընտանեկան ֆիլմեր: Բոլոր նրանք, ովքեր կցանկանան հանձնել ժապավենները, ժամանակի ընթացքում կստանան դրանց թվային պատճենները` DVD տարբերակները: Ըստ Ա. Վիրաբյանի, շատ մարդկանց ձեռքին կան սիրողական տեսախցիկով նկարահանված ֆիլմեր, որոնք տարբեր հարցերի վերաբերյալ հավաստի տեղեկություններ են պարունակում: