Երեկ «Քաղաքական բանտարկյալների ու հալածյալների համակարգող խորհուրդը» բաց նամակ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակում ասված է. «2008թ. փետրվարի 19-ին աղաղակող խախտումներով անցած նախագահական ընտրություններին հաջորդած համաժողովրդական խաղաղ եւ հուժկու ցույցերին, որ տեւեցին 10 օր եւ չարձանագրեցին ոչ մի օրինախախտում, իշխանությունը մարտի 1-ին՝ լուսաբացից առաջ, պատասխանեց Ազատության հրապարակի ռազմական բիրտ ապօրինությամբ: Իսկ իշխանությունների՝ նույն օրվա երեկոյան իրականացրած հակաօրինական, անմարդկային, ռազմական, թալանչիական, սադրիչ եւ մարդասպան գործողությունները դարձան Երրորդ Հանրապետության խայտառակությունը: Իր արածները կոծկելու համար ՀՀ՝ այն ժամանակվա գործող ղեկավարը կատարեց հերթական ապօրինությունը` մտցնելով արտակարգ դրություն եւ կգբական գրաքննություն, ինչպես նաեւ կազմակերպեց քաղաքացիական շարժման ակտիվիստների որս-հաշվեհարդար ու տեղեկատվական, հոգեբանական եւ նյութական ահաբեկչություն` ողջ բնակչության հանդեպ: Բնականաբար, այս ամենը չէր կարող անտեսվել միջազգային պարտավորություններ ստանձնած պետության համար: ԵԽ-ի զույգ որոշումներով ՀՀ-ի համար ստեղծվեց անպատվաբեր վիճակ, ինչը կարող է է՛լ ավելի թանձրանալ եւ ունենալ անկանխատեսելի հետեւանքներ` հաշվի առնելով մինչեւ այսօր անազատության մեջ գտնվող ընդդիմադիրների հանդեպ իրավապահների կողմից իրականացրած անգրագետ եւ խայտառակ նախաքննական գործողությունները, արդեն իսկ կայացած խեղկատակային դատավարությունները եւ 7-ի գործը: Մենք` Հայաստանի Հանրապետության կանայք, համարում ենք, որ վերջին 10 ամսում կատարվողը իշխանության կողմից ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդում է, վրիժառություն եւ տոտալ ահաբեկչություն: Մենք կրկին մեր ձայնն ենք բարձրացնում չնվազող ապօրինությունների դեմ, պահանջում ենք դադարեցնել իշխանության բոլոր մակարդակներով իրականացվող քաղաքական հետապնդումները եւ ազատ արձակել քաղբանտարկյալներին` հայցելով նրանց եւ նրանց ընտանիքների ներողամտությունը 10 ամսում կատարվածի համար»: