Երեկ Փարիզում կայացել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել եւ ընդունվել է Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքի վերաբերյալ ԵԽ ԽՎ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցը: Արդեն Մոնիտորինգի հանձնաժողովի փաստաթղթի կարգավիճակ ստացած զեկույցում բառացիորեն նշված է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ եւ, որ Հայաստանը չի կատարել նշված բանաձեւերի պահանջները: Մոնիտորինգի հանձնաժողովն այդ փաստաթղթով, ի թիվս այլ առաջարկների, առաջարկում է Խորհրդարանական վեհաժողովին` հունվարին կայանալիք ձմեռային նստաշրջանում Հայաստանին զրկել ձայնի իրավունքից: Փաստորեն, ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներին չի հաջողվել եվրոպացիներին համոզել, որ Հայաստանում «ներման խնդրագրերի» միջոցով քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը կատարվում է: Դա մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում խոստովանել է նաեւ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը` ասելով, որ բացի աննշան խմբագրական փոփոխություններից՝ իրենց ներկայացրած ոչ մի առաջարկ չի ընդունվել: Տեսականորեն Հայաստանի իշխանություններն այս, մեղմ ասած, տխուր հեռանկարից խուսափելու համար ունեն ընդամենը մեկ ամիս ժամանակ եւ մեկ ճանապարհ` համաներում հայտարարել բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ: