«Հայաստանի սխալներից այսօր օգտվում է Ադրբեջանը: Մեր իշխանությունները դա
չեն ուզում ընդունել ու խոստովանել: Սա մի փաստաթուղթ է, որ
ադրբեջանցիներն են ուղարկել միջազգային կազմակերպություններին, թե
Հայաստանը ոչնչացնում է Անդրկովկասի բնությունը, Հայաստանը էկոլոգիական
աղետներ է իրագործում, իսկ դուք թույլ եք տալիս, որ նա այլ պետությունից
տարածքներ զավթի»,- հայտարարեց «Կայուն զարգացում» հասարակական
կազմակերպության (ՀԿ) նախագահ Կարինե Դանիելյանը:
Իսկ Կապի եւ տրանսպորտի նախարարության Զարգացման ծրագրերի ու ներդրումների
վարչության պետ Էդուարդ Կարապետյանը մեզ հետ խոսակցության ժամանակ
չափազանց ուշագրավ մի միտք հայտնեց.
-Շիկահողի անտառները Երեւանի՞ն է մոտ, թե՞ Ադրբեջանին: Ադրբեջանին, չէ՞:
Արտադրած թթվածինն ո՞ւր է գնում՝ Երեւա՞ն, թե՞ Ադրբեջան, իհարկե
Ադրբեջան,- ինքն իր հարցին պատասխանեց երկար տարիների ճանապարհաշինարարը:
Այս պատմությունը շատ նման է հին ու բարի մի անեկդոտի, երբ հայն իր
վառարանի մեջ ռումբ է գցում, ծխնելույզը շրջում է Թուրքիայի կողմն ու
սկսում է ծիծաղել, թե տեսեք՝ հիմա Թուրքիայում ինչ կկատարվի:
Կապի ու տրանսպորտի նախարարը երկար ժամանակ բացատրում է, որ Մեղրի-Կապան
նոր ավտոճանապարհի իրենց նախագիծն այլընտրանք չունի, իսկ ճանապարհը պետք
է: Պետք է, որովհետեւ 30 մետր լայնությամբ ճանապարհ հարթելու համար
կհատվեն մոտ 26.000 հասուն եւ 117.000 մատղաշ ծառեր:
Բնապահպանական մեկ այլ՝ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի ներկայացուցիչ Կարեն
Աֆրիկյանի ասելով՝ հատումների ու պայթյունների արդյունքում մենք
Ադրբեջանին մեծ լավություն կանենք:
– Արգելոցի կենդանական հարուստ աշխարհը կմիգրացվի դեպի Ադրբեջան:
Արգելոցում բնակվում են 183 տեսակի կենդանիներ, թռչուններ, ձկնատեսակներ,
որոնցից 32-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, 5-7-ն էլ՝ Միջազգային Կարմիր
գրքում: Կոչնչանան նաեւ 1100 տեսակի արժեքավոր բույսերի տեսակներ, որոնցից
70-ը գրանցված են ՀՀ եւ Բույսերի միջազգային Կարմիր գրքում,- ասում է նա:
Ճանապարհը կառուցելու համար անհրաժեշտ է 17-19 մլն դոլար, որը կհատկացնի
պետբյուջեն, պատճառած վնասը հաշվել են ավելի քան 6 մլրդ դրամ:
Բնապահպանները հաշվի չեն առել արժեքավոր շինափայտի շուկայական արժեքն ու
համեստ հաշվարկ են կատարել:
– Իմ հաշվարկներով՝ այդ ճանապարհով օրական ընդամենը 20-30 մեքենա կանցնի,-
ասում է անկախ փորձագետ, ճանապարհաշինարար Ռոբերտ Մակարյանը: -Իսկ դրա
համար իմաստ չունի այդքան ծախսեր ու վնասներ պատճառել: Եթե իրոք նորմալ
ճանապարհ են ուզում, թող կառուցեն Քաջարանի լեռնանցքի թունելը: Եթե չեմ
սխալվում, մոտ 50 մլն դոլար է պահանջվում: Իսկ ռազմավարական նշանակություն
ունեցող այդ ճանապարհն Ադրբեջանի սահմանից ունի նաեւ 4 մետր
հեռավորություն, եւ հարկ եղած դեպքում՝ հակառակորդն այն կարող է ոչնչացնել
ընդամենը մեկ ժամում:
Շիկահողի արգելոցով ճանապարհ անցկացնելու ռազմավարական նշանակությունն
ապացուցելու համար Կապի եւ տրանսպորտի նախարարությունը փորձագետների խումբ
էր ուղարկել այնտեղ: Խումբը կազմված էր Բնապահպանության, Կապի եւ
տրանսպորտի նախարարությունների, «Գեոդեզիայի եւ քարտեզագրության»
ինստիտուտի, բնապահպանական հասարակական կազմակերպությունների, Սյունիքի
մարզպետարանի բազմաթիվ մասնագետներից, ինչպես նաեւ՝ այդ
ճանապարհաշինարարությունն իրականացնող կազմակերպությունների
ներկայացուցիչներից: Խմբի անդամների վկայությամբ՝
ճանապարհաշինարարությունն իրականացնող ընկերությունների տեխնիկան արդեն
նախագծված հատվածում է եւ սպասում է հրամանի: Ի դեպ, ասում են, Երեւանի
պատվիրակությանը դժկամությամբ է ընդունել այդ ճանապարհի հիմնական
շինարարությունն իրականացնող «Դորոժնիկ» ՍՊԸ տնօրեն Արարատ Հովհաննիսյանը:
– Կկտրեմ, կփրթեմ, պետք լինի՝ կվառեմ, իմ թիկունքում գիտե՞ք ով է կանգնած,- հայտարարել է նա:
Սակայն փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքում նույնիսկ Արարատ
Հովհաննիսյանն է համոզվել, որ նախարարության նախագծով ճանապարհ կառուցելը
շատ դժվար կլինի: Մասնագետները համատեղ արձանագրություն են կազմել եւ 3
այլ տարբերակների հետ ներկայացրել են ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ
նախագահին, Վարդան Այվազյանին ու Անդրանիկ Մանուկյանին, նույնիսկ՝ գլխավոր
դատախազ Աղվան Հովսեփյանին: Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի
Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը ներկայացրեց, որ իրենց
առաջարկած տարբերակներով, ճիշտ է, ճանապարհը մի փոքր կերկարի, բայց դրան
հակառակ՝ արգելոցի տարածքով կանցնի ընդամենը 0,5 կամ 3,7 մետր
երկարությամբ, նախկին 14 մետրի փոխարեն:
– Լինելու է ընդամենը 1 օձապար հատված, օձագալար չի լինելու, կորերի ու
թեքությունների աստիճանը չի գերազանցելու իրենց տարբերակի թվերին, հատվող
ծառերի քանակը կհասնի ընդամենը 5000-ի եւ, ամենակարեւորը, արգելոցի
մեջտեղով չի անցնելու:
– Բնապահպանության նախարարը կոչված է բնությունը պահպանելո՞ւ, թե՞
ոչնչացնելու համար, ինչո՞ւ է նա կողմ այդ նախագծին: Այս տարիների
ընթացքում մենք ընդունել ենք բնապահպանական միջազգային բազմաթիվ օրենքներ
ու կոնվենցիաներ, նաեւ՝ բնությունը պահպանելու համար միլիոնավոր դոլարների
դրամաշնորհներ: Ինչո՞ւ է խախտվում ու ոչնչացվում այս ամենը: Ստացվում է,
որ քաղաքական մի որոշում ավելի ուժեղ է, քան այդ բոլոր օրենքները
միասի՞ն,- ասում է Կարինե Դանիելյանը:
Փորձագետների կարծիքով՝ Կապի ու տրանսպորտի նախարարության նախագիծն արվել է հապճեպ ու առանց խոր ուսումնասիրությունների:
– Նրանք նույնիսկ չեն պլանավորել, թե դուրս եկած մոտ 1 մլն խմ հողը ուր
պետք է լցնեն: Թափեն ձո՞րը՝ ոչնչացնելով ամբողջ բուսականությունը, թե՞
մեքենաներով հանեն,- բացատրում է Կարեն Մանվելյանը: -Չեն կատարվել նաեւ
երկրաբանական ու բնապահպանական պահանջվող փորձաքննությունները:
Բնապահպանների կարծիքով՝ Հայաստանին այդ ճանապարհը պետք չէ, իսկ եթե պիտի
կառուցեն, թող այլ տարբերակ ընտրեն: Տրանսպորտի նախարարության
ներկայացուցիչ Էդուարդ Կարապետյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց,
որ այսօր այդ ճանապարհի 4 տարբերակ է ներկայացվելու ՀՀ նախագահին: Կլինեն
քննարկումներ ու կընդունվի ամենահարմար տարբերակը: Լրատվամիջոցների
տարածած տեղեկատվությունը, թե իշխանական վերնախավում որոշում է կայացվել
եւ Մեղրի-Կապան ճանապարհի երթուղին փոխվել է՝ շրջանցելով արգելոցը,
իրականությանը չի համապատասխանում: Բնապահպանական ՀԿ-ների
ներկայացուցիչների կարծիքով՝ դա հասարակությանը հանգստացնելու համար նույն
իշխանությունների տարածած ապատեղեկատվությունն է: Ի դեպ, բնապահպանների
երեկ հրավիրած ասուլիսին ներկայացել էին ընդամենը 3-4 լրատվամիջոցների
ներկայացուցիչներ: