Տնտեսական տարին տխուր է ավարտվում: Համաշխարհային ճգնաժամից սահմռկել են բոլորը: Մեծ ու փոքր տնտեսություն ունեցող երկրները ցնցվում են: Իսկ մենք, չի կարելի ասել, թե՝ խաղաղ ենք մեր լեռների պես: Տնտեսության բոլոր ոլորտներում գործարարները բողոքում են: Ներմուծողները բողոքում են առեւտրի ծավալների անկումից: Արտադրողները` համաշխարհային գնանկումից ու պատվերների կրճատումից: Վիճծառայությունը գրում է շինարարության ծավալների կրճատման մասին: Կենտրոնական բանկը վախենում է տրանսֆերների պակասելու փաստից ու հնարավոր հետեւանքներից: Չվախենալն իսկապես դժվար է: Մեր տնտեսության առաջատար հատվածը` արտահանվող աշխատուժը, չարդարացրեց իր հետ կապված հույսերը: Ճգնաժամի պատճառով երկրորդ կիսամյակում նրա մի մասը կորցրեց աշխատանքը: Իսկ աշխատող հատվածն էլ ֆինանսական ճգնաժամի պատճառով չի վճարվել աշխատանքի դիմաց: Հետեւաբար՝ Ամանորյա մեծ առեւտուրը, որ մեր տնտեսական կյանքի էական բաղկացուցիչն էր, կիսատ-պռատ է ընթանում: Մեր տնտեսական իշխանություններն իրենց հրապարակային ելույթներում բացասական երեւույթների մասին, իհարկե, խոսում են: Բայց խոսում են շատ մեղմ: Համարյա քնքշության աստիճանի մեղմ: Բոլորի եզրակացությունը նույնն է. «Ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա տագնապալի չէ, ՀՀ իշխանություններն անգործ չեն եւ փորձում են մոբիլիզացնել հնարավոր բոլոր ռեսուրսները՝ խնդիրների ծագման դեպքում անհրաժեշտ մոտեցումների ցուցաբերման համար»: Խորհրդային քարոզչամեքենայի մասին հուշեր ծնող այս ձեւակերպումների տողատակում առայժմ անհնար է ըմբռնել իրական պատկերը: Սակայն առանձին փոքրիկ տարբերություններ կան իշխանության տարբեր թեւերի գնահատականների մեջ: Եվ միայն տողատակն ընթերցելու խորհրդային հմտությամբ չէ, որ կարելի է նկատել այդ տարբերությունները: Վարչապետը պնդում էր, որ ճգնաժամն առայժմ հետեւանք չի թողել: Կենտրոնական բանկը հայտարարում է հետեւանքների մասին: Կարելի է ենթադրել, որ իշխանության տարբեր օղակները փորձում են նախապես ապահովագրել իրենց: Մոտ մեկ տասնամյակ անընդմեջ երկնիշ տնտեսական աճ արձանագրող տնտեսության ղեկավարները չեն կարողանում հրաժարվել իրենց սովորությունից: Հերթական երկնիշ տնտեսական աճն արձանագրելու սովորությունից: Ի տարբերություն, ասենք, Վրաստանի իշխանության: Նրանք պաշտոնապես հրաժարվեցին երկնիշ աճ ունենալու իրենց ծրագրերից: Իսկապես տարօրինակ տեսարան է, երբ շուրջդ բոլորը մրի ու կեղտի մեջ կորած են, իսկ դու հայտնվում ես սպիտակ կոստյումով: Մենք առայժմ չենք հրաժարվել: Մեր իշխանությունների տնտեսական բոլոր վերլուծություններն ավարտվում են նույն նախադասությամբ: Պարզվում է, համաշխարհային տնտեսական ճգնաժամը մեր տնտեսությունը չի կրճատելու: Պարզապես «դանդաղեցնելու է աճի տեմպերը»: Անհասկանալի է: Եթե այդ աճ կոչվածն իսկապես դանդաղել է, ինչո՞ւ իշխանությունները չեն վերանայում մակրոտնտեսական պլան-ցուցանիշները: Համեստ վաստակ ունեցող խոհեմ ընտանիքներն այս տարի հրաժարվել են ամանորյա ճոխություններից: Բարձր գնի պատճառով ազգային-ավանդական «խոզի բուդն» այս տարի չի զարդարի շատ-շատերի տոնական սեղանը: Մարդիկ կտեղավորվեն հնարավորությունների սահմանում: Քաղքենի հարեւան-բարեկամից պաշտպանվելու հիմնավորում այս տարի կա` համաշխարհային ճգնաժամը: Բայց այն, պարզվում է, բավարար պատճառ չէ, որ մեր իշխանությունները հրապարակավ հրաժարվեն երկնիշ աճ նկարելու իրենց սովորությունից: Համեստ վաստակ ունեցող ընտանիքները կրճատում են իրենց ծախսերը: Միջոցները խնայում են հետագա տհաճ անակնկալների համար: Մեր իշխանությունները չփորձեցին անգամ մտածել, թե ինչ ծախսերից կարելի է հրաժարվել: Հրաժարվել՝ խնայողություններ կուտակելու համար: Փոխարենը՝ մեր իշխանություններն աշխարհի բոլոր խաչմերուկներում, ում հանդիպում, պարտք են խնդրում: Ու այս հարցում ոչ մի տարբերություն չի դրվում: Հանրահայտ ընկեր Փանջունու նման պարտք խնդրում են իշխանության բոլոր թեւերը: Հա՛մ գործադիր: Հա՛մ օրենսդիր: Լայն հասարակությանն անհայտ է մնում, եթե մեր մոտ ճգնաժամ չկա՝ ի՞նչը հաղթահարելու համար են խնդրում: Միջազգային ճգնաժամի պարագային էլ կարելի է ցանկացած քանակությամբ փող գտնել: Եթե այն խնդրում ես պետական պարտքի տեսքով: Հետեւաբար՝ առաջիկա մի քանի շաբաթում մեր իշխանություններն իրենց ակնկալած գումարը գտնելու են: Բայց բարձր տոկոսադրույքներով: Ու հետո արդարանալու են, որ ճգնաժամի պարագային ավելի ցածր տոկոսով հնարավոր չէր: Արդյունքում կարող է ստացվել, որ տնտեսական ճգնաժամից պաշտոնապես չտուժող Հայաստանը նույն ճգնաժամի վերջում երկու եւ ավելի անգամ կմեծացնի իր արտաքին պարտքը: Միայն հասկանալի չէ, թե ի՞նչ տնտեսական ծրագրեր իրականացնելու համար են մեկ մլրդ եւ ավելի դոլար պարտք խնդրում: