Ադրբեջանցի փորձագետները հայտարարել են, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակաշարով նավթի արտահանման ծավալները, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով ածխաջրածինների նկատմամբ պահանջարկի անկման պատճառով, 50 տոկոսով կկրճատվեն: Ըստ ադրբեջանական ANS հեռուստատեսության` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան-ով նավթի փոխադրման ծավալներն արդեն նվազել են 468 հազար բարելով: Նավթի արտահանման խնդիրների հետ կապված` դեկտեմբերին նավթի արդյունահանման ծավալը կնվազի՝ օրական մինչեւ 781 հազար, իսկ հունվարին` մինչեւ 568 հազար բարել, ինչի պատճառով հունվարից Ջեյհանի տերմինալից ծրագրվածից օրական 213 հազար բարել պակաս նավթ կփոխադրվի: Ադրբեջանցի փորձագետների կարծիքով, ադրբեջանական նավթի արտահանումները կիսով չափ կրճատվել են նաեւ միջազգային շուկայում դրա գնի խիստ իջնելու պատճառով: