Հավերժ ներկան-բացական

23/12/2008

«Բարի ու սիրելի, նրբամիտ, ջերմ ու մարդասեր… Այսպիսին էր Գրացիան: Գրացիա Բաղդասարյանը»:

Վերջերս լույս է տեսել ականավոր արվեստաբան-լրագրող Գրացիա Բաղդասարյանի (1934-1998) բազում գրվածքների սեղմ ընտրանին, ուր ամփոփված են նրա հուշագրությունները, հարցազրույցները, ուղեգրություններն ու թատերախոսությունները: Անչափ հետաքրքիր եւ ուսանելի են Գրացիա Բաղդասարյանի հուշագրությունները Լյուդմիլա Մոտալովայի, Պարույր Սեւակի մասին, հարցազրույցները մշակույթի գործիչների հետ, դիմանկարների շարքը: Դրանք դիպուկ, գրագետ ու նուրբ դիտարկումներ են, որոնք մեծ աշխարհայացքի, իր գործին լիարժեք տիրապետելու եւ նաեւ մարդկային հետաքրքիր որակների արտահայտությունն են:

«Գրացիայով կարող էիր չափել մարդուն: Նրա մարդկային-բարոյական, գեղագիտական-ստեղծագործական պահանջներին պիտի համահունչ լիներ իր շրջապատը: Եվ է՛ր… Ու պատահական չէր նրա մաքրամաքուր հրապուրանք-մտերմությունը մեծ հոգեքննիչ Պարույր Սեւակի հետ: Պատահական չէր ինքնամոռաց հիացումը հայերով այրվող վտիտ, հիվանդոտ ու խիզախ Լյուդմիլա Մոտալովայով: Պատահական չէր նախանձախնդիր նվիրումը «Արվեստ» հանդեսի տաղանդավոր-ջերմ մթնոլորտին»,- հիշում է Էմանվել Մանուկյանը: «Զգայուն էր, ջերմ ու մարդասեր, միաժամանակ որքա՜ն հասնող, որքա՜ն նվիրվածն: Պարույր Սեւակին օգնելու, նրա բեռը թեթեւացնելու համար Գրացիան մեծ սիրով մեքենագրում էր Սեւակի բանաստեղծությունները… Արվեստի տարբեր խնդիրներին նվիրված երկու գրքի եւ հարյուրից ավելի հոդվածների հեղինակ է Գրացիա Բաղդասարյանը: (…) Սակայն նրա մի կարեւոր երազանքը, փայփայած իղձն անկատար մնաց. պատրաստվում էր հրատարակել ամփոփ ժողովածու՝ նվիրված Լյուդմիլա Մոտալովային: (…) Ժողովածուն կամբողջացվեր, եթե… մենք բոլորս ստիպված չլինեինք անժամանակ հրաժեշտ տալ մեր սիրելի, բարի ու ազնիվ գործընկերուհուն»,- հիշում է Մարգո Ղուկասյանը:

Սրանք պատառիկներ էին «Հավերժ ներկան-բացական» Գրացիա Բաղդասարյանի մասին պատմող գրքից: Այս գիրքը՝ բացի այն, որ կարդացվում է համարյա մեկ շնչով, ըստ Խաչատուր Ավագյանի դիպուկ գնահատականի, ունի մի կարեւոր նշանակություն եւս. «Նրանից (Գրացիա Բաղդասարյանից) այնքա՜ն բան ունեն սովորելու մեր նորահայտ արվեստաբան-լրագրողները, ովքեր այսօր խարխափում են անորոշության, աննպատակ դեգերումների մշուշում կամ «նորարարություն» խաղում՝ չուզենալով եւ չկարողանալով զգալ, բռնել բարդ, բայց մեծախորհուրդ ժամանակի զարկերակը: Գուցե այս գիրքը նրանց սթափեցնի…»: