Րաֆֆիին դահլիճ չեն տրամադրել

03/07/2005

Երեկ ժամը 14-ին Ժողտնտեսության ինստիտուտում պետք է կայանար
«Ժառանգություն» կուսակցության նախագահ, «Ռազմավարական եւ ազգային
հետազոտությունների հայկական կենտրոնի» (ՌԱՀՀԿ) հիմնադիր տնօրեն Րաֆֆի
Հովհաննիսյանի հանդիպումն ուսանողների հետ: Այս մասին տեղեկացնող
թռուցիկներն արդեն մի քանի օր առաջ փակցված էին բուհերի
հայտարարությունների բաժնում: Սակայն երեկ նշված ժամին նշված վայրում
հավաքված ուսանողներն ու դասախոսները մոտ կես ժամ սպասեցին պրն
Հովհաննիսյանին, ով սակայն այդպես էլ չժամանեց, եւ ոչ մի հանդիպում էլ
տեղի չունեցավ: Դահլիճը, որտեղ պետք է կայանար հանդիպումը, այդպես էլ փակ
մնաց, իսկ բուհի աշխատակիցներն ասում էին, որ իրենք տեղյակ էլ չեն, որ
իրենց բուհում նման հանդիպում է կայանալու: ՌԱՀՀԿ-ից մեզ փոխանցեցին, որ
վերջին պահին Ժողտնտեսության ինստիտուտի Ուսանողական խորհրդից իրենց
հայտնել են, որ իրենք չեն կարող վերոնշյալ հանդիպման համար դահլիճ
տրամադրել, ուստի կազմակերպիչները ստիպված են եղել հանդիպումը տեղափոխել
ՌԱՀՀԿ, որտեղ էլ փոքրաթիվ ուսանողների հետ այն, այնուամենայնիվ, կայացել է:

Ռ. Թ.