Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Չինաստանի Նանջին քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ փուլում պարտություն է կրել բուլղարացի Վեսելին Տոպալովից: Այս փուլի մյուս երկու պարտիաներում չինացի Բու Սյանչժին հաղթել է Սերգեյ Մովսիսյանին` Սլովակիայից, իսկ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը եւ ուկրաինացի Վասիլի Իվանչուկը խաղացել են ոչ-ոքի: Մրցաշարի 6 փուլերից հետո առաջատարներն են Բու Սյանչժին եւ Վ.Տոպալովը՝ 4-ական միավոր: Լ.Արոնյանը 3 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: Իսկ Ռուսաստանի հայազգի շախմատիստուհի Տատյանա Հայրապետյանը, ՌԴ Վլադիմիր քաղաքում ընթացող լեգենդար ռուս շախմատիստուհի, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող Ելիզավետա Բիկովային նվիրված ավանդական միջազգային մրցաշարի 5 փուլերից հետո, վաստակելով 3,5 միավոր 5 հնարավորից, կիսում է 4-9-րդ տեղերը: Մրցաշարի միանձնյա առաջատարն է ռուս շախմատիստուհի Մ.Շչեպետկովան: