Էլի «մեծ-մեծ խոսում են»

23/12/2008

«Հայաստանն ունի անհրաժեշտ գործիքներ` կառավարելու համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունները երկրի տնտեսության վրա»,- «Արմենպրեսի» հետ զրույցում նման հայտարարություն է արել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Ըստ նրա, ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա տագնապալի չէ, այդուհանդերձ, ՀՀ կառավարությունն անգործ չէ եւ փորձում է մոբիլիզացնել հնարավոր բոլոր ռեսուրսները՝ խնդիրների ծագման դեպքում անհրաժեշտ մոտեցումների ցուցաբերման համար: Նրա կարծիքով, բնական է, որ Հայաստանի համար մի շարք խնդիրներ են ծագել, մասնավորապես, Ռուսաստանի տնտեսության վրա ճգնաժամի թողած հետեւանքների արդյունքում, քանի որ ինչ-ինչ ոլորտների նկատմամբ, մասնավորապես` հանքարդյունաբերության, նվազել է ռուսական կողմի պահանջարկը, «սակայն այդ հետեւանքներն այս պահին կառավարելի են»: Երիցյանի ասելով, ՀՀ պետբյուջեն ունի հնարավորություններ հակաճգնաժամային միջոցառումների համար, խնդիրների դեպքում ակնկալվում է ֆինանսավորում նաեւ մի շարք կառույցներից: ՀՀ կառավարությունը շեշտադրում է, մասնավորապես, էական աջակցության ցուցաբերումը փոքր եւ միջին բիզնեսին ու խոշորածավալ կապիտալ ներդրումների իրականացումը մի շարք ենթակառուցվածքներում: Միաժամանակ առաջնահերթություն է տրվելու սոցիալական ծախսերի ավելացմանը: Ըստ Երիցյանի, այնպիսի վայրիվերումներ, ինչպիսիք ճգնաժամի հետեւանքով առաջացել են հիմնականում նավթային ռեսուրսների վրա հիմնված տնտեսություն ունեցող կամ կապիտալի շուկայում միմյանց հետ սերտորեն փոխկապակցված երկրներում, Հայաստանում առկա չեն: «Հուսով ենք, այդպիսիք չեն էլ լինի, եթե ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը նախատեսվածի համաձայն իրականացվի: Մեզ համար այս պայմաններում բացառիկ հնարավորություն է ստեղծվել ճիշտ քաղաքականության արդյունքում ճգնաժամի հաղթահարման գործիքները համադրել մեր զարգացման ծրագրերին: Գլոբալ գնանկումը կարող է Հայաստանին թույլ տալ ավելացնել իր ծախսերը: Համաշխարհային շուկայում գները լրջագույն անկում են ապրում, իսկ դա Հայաստանի համար կարող է զարգացման նոր հնարավորություններ ստեղծել, եւ մենք կարող ենք ավելի լուրջ հնարավորություններ ունենալ որոշ ենթակառուցվածքներում ներդրումների իրականացման համար»,- ճգնաժամի մասին Տիգրան Սարգսյանի «լեգենդար» տրամադրությունների ոգով ասել է էկոնոմիկայի նախարարը: Մանրամասնելով փոքր եւ միջին բիզնեսի աջակցության արդեն իսկ նախանշված մի քանի մեխանիզմներ` Ն. Երիցյանը, որպես դրանցից առաջինը եւ ամենաարագը, նշել է գերմանական «KfW» բանկի եւ Հայ-գերմանական ծրագրի կողմից վարկավորման իրականացումը, «որը մի քանի տարիների արդյունավետ աշխատանքի փորձ ունի»: Այսպիսի աջակցություն է ակնկալվում նաեւ Համաշխարհային բանկի կողմից` փոքր եւ միջին բիզնեսին նոր վարկերի տրամադրման ուղղությամբ: Բացի այդ` ՀՀ վարչապետին կից ստեղծված հանձնաժողովը պետք է ուսումնասիրի փոքր եւ միջին ձեռնարկությունների նոր գաղափարները, հնարավորությունները, ըստ այդմ էլ որոշվի` ինչպիսի օժանդակություն պետք է ցուցաբերվի նրանց` վարկավորում, կապիտալի մասնակցություն, կառավարման առումով խորհրդատվություն եւ այլն: Ն. Երիցյանն ասել է նաեւ, որ վերջին շրջանում Հայկական զարգացման գործակալությունը հոլանդական ֆինանսական կառույցներից մեկից գումարային աջակցություն է ստացել, որը եւս պետք է ուղղվի փոքր եւ միջին բիզնեսի աջակցմանը, այդպիսով նաեւ՝ ներդրումների ներգրավմանն արտերկրից: