Մշակույթը թափանցում է մարզեր

23/12/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

ՀՀ Մշակույթի նախարարությունը տարեսկզբին հայտարարել էր, որ այսուհետ մեծ ուշադրություն է դարձնելու մարզերին եւ «ապակենտրոնացնելու» է մայրաքաղաքում կենտրոնացած մշակույթը։

Բոլորին հայտնի է, որ շատ գյուղերում, մարզկենտրոններում ու փոքր քաղաքներում չեն պահպանվել խորհրդային տարիներին պարտադիր գոյություն ունեցող մշակույթի տները, որոնք միակ վայրերն էին, որտեղ կարելի էր ֆիլմ կամ ներկայացում դիտել, համերգ լսել կամ տարբեր մանկական խմբակներ ստեղծել։ Որոշ մշակույթի տներ սեփականաշնորհվել են ու, ինչպես ասում են՝ վերապրոֆիլավորվել են (հիմնականում վերածվելով առեւտրի կենտրոնների), իսկ որոշ տներ գտնվում են ողբալի վիճակում, քանի որ շենքերն ու մարդկային ներուժը հոգեբանական ու ֆիզիկական մաշվածության են ենթարկվել։ Մատների վրա կարելի է հաշվել այն քաղաքներն ու գյուղերը, որտեղ ակտիվ գործող մշակութային կենտրոններ են պահպանվել։ Հասկանալի է, որ առաջին հերթին այդ իրավիճակից տուժում են երեխաները, քանի որ նրանց ժամանցը կարգավորելու խնդրից բացի՝ ծագում է նաեւ արվեստի տեսակներին նրանց պարզապես տեղեկացնելու խնդիրը։ Շատ երեխաներ, օրինակ, չգիտեն, թե ինչ բան է կինոն։ Խոսքը լայնէկրան կինոդիտումների մասին է, քանի որ, ինչպես հայտնի է, հեռուստատեսությունը չի կարող (երբեք չի էլ կարողացել) փոխանցել կինոյի հուզական ու ազդեցիկ ուժը։ Մշակույթի նախարարությունը խոստացել էր, որ ստեղծելու է շրջիկ կինոթատրոններ, որոնք տեղադրելու է ավտոբուսների մեջ, իսկ ավտոբուսներն էլ ուղեւորվելու են տարբեր մարզեր։ Փաստորեն, այդ ծրագիրը դեռ իրականություն չի դարձել։ Կինոն, որպես ինֆորմատիվ արվեստ, շատ լավ մեկնարկային կետ կարող է դառնալ, քանի որ այն կարող է ազատ ճամփորդել, խթանել մանուկների երեւակայությունն ու հուշել նրանց, որ աշխարհում բազմաթիվ գեղեցիկ երեւույթներ կան։ Եվ կյանքը միայն իրենց գյուղով չի սահմանափակվում։ Հիմա այնքան քիչ բան է կատարվում մարզերում, որ յուրաքանչյուր միջոցառում երեխաների համար տոն է։

«Ռոլան Բիկով» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, որը Երեւանում անցկացնում է մանկապատանեկան ֆիլմերի փառատոն, իր ծրագրերի մեծ մասը կապում է հենց մարզերի հետ։ Հիմնադրամն, արդեն 5 տարի է, ՀՀ տարբեր մարզերում կինո է ցուցադրում։ Գյումրի, Դիլիջան, Ալավերդի, Բյուրեղավան կատարած այցելությունից հետո (շուտով կայցելեն նաեւ Քաջարան) հիմնադրամի աշխատակիցները մոնիտորինգ են կատարել՝ պարզելու համար, թե ինչո՞վ է զբաղվում մատաղ սերունդն ազատ ժամանակ, եւ ի՞նչ ժամանցի տեսակ են ընտրում երիտասարդները։ Արդյունքները մտահոգիչ են. երեխաներին ու պատանիներին «օդի» պես անհրաժեշտ են նրանց համար կազմակերպած ծրագրերը։ «Երեխաները ամաչկոտ են, վախվորած են, չեն կարողանում հարցեր տալ եւ չգիտեն՝ ինչպե՞ս պետք է իրենց պահեն։ Իսկ երբ երկրորդ կամ երրորդ անգամ ես նրանց այցելում, զգում ես, որ շատ հոգեբանական արգելքներ հաղթահարվել են։ Նրանք արդեն սկսում են սրտատրոփ սպասել, նախապատրաստվել, ինֆորմացիա են հավաքում ու արդեն առանց բարդույթների կարողանում են շփվել դերասանների հետ ու ազատորեն հարցեր են տալիս։ Հավատացնում եմ, որ նրանց փայլող աչքերը, նրանց ոգեւորությունը մեզ էլ էր լիցքավորում։ Երեխաների էմոցիաների տարափը իմաստավորում է յուրաքանչյուր ձեռնարկ, որն ուղղված է նրանց ներաշխարհի հարստացմանը»,- ասում է հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, ով մասնագիտությամբ սոցիոլոգ է։ Ցուցադրության համար ընտրում են այնպիսի ֆիլմեր, որոնք դրական լիցքեր են փոխանցում. «Հիմա մեզ շատ ագրեսիվ ինֆորմացիոն դաշտ է շրջապատում, եւ մեր երեխաներն անպաշտպան են դրան դիմակայել, քանի որ նրանք պարզապես չգիտեն, թե որտե՞ղ կարող են գտնել ներդաշնակությունը»։ Իսկ երբ հարց է ծագում, թե ո՞ր հայկական կինոարտադրանքն է հենց երեխաների համար նախատեսված, Ն.Մանուկյանը միայն մեկ օրինակ է բերում. «Միակ գրագետ, ճաշակով արված ֆիլմը «Մեր այբբենարանը» մանկական տեսաֆիլմն է։ Դա միակ մանկական ֆիլմն է, որը հանգիստ սրտով կարելի է ցուցադրել հայ մանուկներին, քանի որ այն իր բնույթով ուրախ ու պոզիտիվ ֆիլմ է»։

Ն. Մանուկյանը նշում է նաեւ, որ այս գործում շատ մեծ դեր է խաղում մարզպետի կամ քաղաքապետի անձի գործոնը. «Դիլիջանում, օրինակ, ժամանակին 3 կինոթատրոն կար, հիմա ոչ մի հատ չկա, բոլորը սեփականաշնորհվել են։ Եվ դա՝ այն քաղաքում, որտեղ տարիներ շարունակ բոլոր առողջարաններում ֆիլմեր էին ցուցադրվում։ Եվ եթե խոսում ենք մարզային ծրագրերի մասին, ինչո՞ւ ենք անտեսում Դիլիջանում գոնե մեկ մշակույթի կենտրոնի ստեղծումը։ Քաղաքը ոչինչ չի կարող առաջարկել երեխաներին ու պատանիներին»,- ասում է նա։ Ըստ նրա՝ Ալավերդի քաղաքի երիտասարդ քաղաքապետն, օրինակ, ողջունում է յուրաքանչյուր նախագիծ, եւ արդեն մի քանի տարի է, ինչ այնտեղ մշակույթի կենտրոն է գործում (իսկ կինոդահլիճում խնամքով պահպանվում է հին կինոժապավենային սարքը, որն արդեն թանգարանային ցուցանմուշ է համարվում)։ «Ես ռեալիստ եմ ու հասկանում եմ, որ իրավիճակը արագ փոխել չի ստացվի. դա շատ երկարատեւ գործ է, որը պետք է քայլ առ քայլ անել։ Երբ երեխաները զգում են, որ իրենց համար ոչ թե միանգամյա, այլ՝ հետեւողական միջոցառումներ են կազմակերպվում, նրանք շատ ավելի հեշտ են կոնտակտի գնում։ Սկսում են պատմել այն ցուցահանդեսների, համերգների մասին, որոնք լսել ու տեսել են, ու միանգամից հասկանալի է դառնում, որ երեխաների մոտ արվեստի «սով» է, որ նրանք շատ ավելի «մաքուր» ու կարոտով լի հանդիսատես են, քան մայրաքաղաքի երեխաները։ Արվեստի հանդեպ հետաքրքրություն առաջացնելը երկարատեւ, բայց նաեւ շատ շնորհակալ աշխատանք է։ Երեխան պետք է սովորի, որ արվեստը անհաս մի բան չէ, այլ՝ միշտ իր կողքին գտնվող, հետաքրքիր մի ուժ է։ Եվ մարզերում անցկացվող յուրաքանչյուր ծրագիր պիտի անվճար լինի։ Հիմա բարեգործության փուլն է, որը հետո կտա իր արդյունքները»։

Արդյունքներից մեկը հաստատ կարող են դառնալ հեռավոր գյուղերում ապրող մանուկների ապագա փորձարկումները, շատ երեխաներ պարզապես չգիտեն՝ ինչպե՞ս ինքնադրսեւորվել այս խառը եւ պրագմատիկ ժամանակներում։ Արարման ջիղը զարգացնելու համար «Ռոլան Բիկով» հիմնադրամը սկսելու է հավաքագրել մանուկների պատմվածքները, հեքիաթները, նկարազարդումները, միգուցե նաեւ՝ կինոնախագծերը, որոնք կփորձի ամսագրի տեսքով հրատարակել։ Եվ շատ հնարավոր է, որ 10 տարի հետո ոչ միայն կինոն, այլեւ՝ արվեստն ընդհանրապես վերակենդանանա, քանի որ, ինչպես հայտնի է՝ ամենաարժեքավոր արվեստի գործերի հեղինակները գավառական քաղաքներում ծնված մարդիկ են։ Նրանք գաղափարները ակումուլացնելու ավելի մեծ ներուժ ունեն, քան մայրաքաղաքի բնակիչները։