Նախօրեին Նկարիչների միության 669 անդամները ՆՄ նախագահ վերընտրեցին Կարեն Աղամյանին:
Աղմկոտ ու սկզբունքային պայքար խոստացող ընտրությունները զարմանալիորեն վերածվեցին հանդարտ ու կանխորոշված ընտրությունների: Նախագահի երկու թեկնածուները` Արմեն Աթանյանն ու Ռոբերտ Այվազյանը, ինքնաբացարկ հայտարարեցին, եւ պայքարը ծավալվեց միայն Կ.Աղամյանի ու Հաղթանակ Շահումյանի միջեւ: Հ.Շահումյանը հանգիստ ընդունեց իր պարտությունը` գերադասելով չսրել առանց այդ էլ լարված մթնոլորտը: Ոմանք շնորհավորեցին Կ.Աղամյանին, ով 10 տարի ղեկավարել է միությունը եւ պատրաստվում է եւս 5 տարի ղեկավարել, ոմանք էլ հոգոց հանեցին` մտածելով, որ փոփոխությունների ժամանակը դեռ չի հասունացել: Թերեւս, հարկ է հիշատակել, որ Նկարիչների միության ներկայիս կառույցը ոչ մի բան չի տալիս իր անդամներին: Միակ աջակցությունը ցուցահանդեսներ կազմակերպելու հարցն է, իսկ այդ գործն իրականացնելու համար պետք է ցուցակագրվել ու սպասել: Նկարիչներից շատերը տարիներով, նույնիսկ` տասնամյակներով, Միության շենք չեն մտնում: Հ.Շահումյանն ասաց, որ վերջին անգամ միության շենք է մտել մի քանի տարի առաջ, երբ իրեն ինչ-որ փաստաթուղթ է պետք եղել: Երկու օր տեւած նկարիչների համագումարը փաստեց, որ միության անդամները մեծ թվով հարցեր ու դժգոհություններ ունեն, որոնք հնչեցնելու ներքին պահանջ են զգում: Իսկ դա կարող են անել միայն 5 տարին մեկ` նախագահի ընտրությունների օրը, այն էլ՝ միայն այն դեպքում, երբ նախագահն իրենց խոսքի իրավունք է տալիս: Միգուցե Նկարիչների միության կառուցվածքը փոփոխելու (ոչ միայն նախագահին) շատերի պահանջը կարող է վերջիվերջո նպաստել` ավելի առողջ ու գործնական դաշտ ստեղծելուն: Իսկ հիմա ոչինչ չի փոխվի, քանի դեռ շատերը մտածում են` ինչո՞ւ ուժ ու նյարդեր ծախսել փոփոխելու համար այն կառույցը, որը ոչ մի բանի պիտանի չէ: Որը միայն փաստաթղթեր է տրամադրում ու ցուցակագրում է: Նկարիչների միության համագումարը ապացուցեց նաեւ, որ միայն մեկ (այն էլ՝ հսկայական), անմիջականորեն իշխանություններին ենթարկվող միություն ունենալու ժամանակը վաղուց անցել է: Այն պետք էր խորհրդային տարիներին, երբ գոյության իրավունք ուներ միայն սոցռեալիստական չափանիշներով ստեղծվող արվեստը: Հիմա արվեստի համար ստեղծվել են դեմոկրատական պայմաններ, եւ կոնցեպտուալ միությունները կարող են բազմաթիվ լինել: Հիմա կարելի է Հայաստանում ունենալ, ասենք` քանդակագործների կամ փոփ-արտի միավորումներ, որոնք միաժամանակ եւ՛ արհմիությունների, եւ՛ համախոհների կենտրոնի նման կլինեն: Կունենան նաեւ սեփական պարբերականները, սեփական առաջնորդները եւ անդամավճարները: Իսկ հիմա մեկ կառույցի տանիքի տակ են հավաքվել տարբեր գաղափարներ, ոճեր ու պատկերացումներ ունեցող ստեղծագործողները, որոնք նոր միավորումներ ստեղծելու ուժ ու ցանկություն չունեն, բայց դժգոհ են եղածից: Ու գերադասում են ոչինչ չփոխել` մտածելով, որ փորձված միջինն ավելի գերադասելի է, քան անփորձ նորը: