Խուլիո Կորտասար «Դեղին ծաղիկը»

23/12/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Սա կարող է կատակ թվալ, բայց մենք անմահ ենք: Ես այս մտքին հանգեցի հակառակ կողմից, մեկ էլ այն պատճառով, որ գիտեմ մեկ մահկանացուի: Հենց նա էլ հաղորդել է ինձ իր պատմությունը: Կամբրոնի փողոցի բիստրոյում` այնքան խմած, որ ողջ ճշմարտությունն ասելն իր համար ոչինչ չարժեր, թեեւ բիստրոյի տերը եւ վաճառականգնակի վաղեմի հաճախորդները կսկսեին այնպես փռթկալ, որ գինին կհոսեր նրանց աչքերից: Իմ դեմքը, երեւի թե, ինչ-որ հետաքրքրություն էր արտահայտում, եւ նա այդ նկատեց եւ այնքան հիմնավոր ու հուսալի ինձ կպավ, որ մենք մեզ թույլատրեցինք անկյունում առանձին սեղանիկ զբաղեցնելու ճոխությունը, որտեղ կարելի էր հանգիստ խմել ու զրուցել: Ինքն, ըստ իր ասածի, քաղաքապետարանային թոշակառու էր, իսկ կինը ժամանակավորապես մեկնել էր ծնողների մոտ, այսպես թե այնպես, նա արձանագրում էր այն փաստը, որ կինը լքել էր իրեն: Սա դեռ բոլորովին չծերացած մարդ էր, սմքած դեմքով եւ պալարախտավորի աչքերով, նա տգետի տպավորություն չէր թողնում: Խմում էր, որ անջատվի, եւ այդ ազդարարեց կարմիր գինու հինգերորդ բաժակը բարձրացնելիս: Փարիզի կնիքը (նրան բնորոշ հոտը) չէր դիպել իմ զրուցակցին: Իսկ այդ հոտը գոյություն ունի, թերեւս միայն մեզ` օտարերկրացիներիս համար: Եղունգները խնամված էին, եւ մազերը թեփոտ չէին:

Մի անգամ, իր զրույցը սկսեց թոշակառուն, 95-րդ ավտոբուսում տեսել էր մոտ տասներեք տարեկան մի մանչուկի: Ժամանակ առ ժամանակ նայելով մանչուկին, հանկարծ պարզեց, որ դեռահասը շատ նման է իրեն: Նա հուշերի մեջ այդ տարիքում այդպիսին էր պատկերանում ինքն իրեն: Սակավ առ սակավ, նա հարկադրված եղավ խոստովանել, որ իրենք իրար նման են ամեն ինչով` դեմքով, ձեռքերով, ճակատին ընկնող հերափնջով, լայնորեն տեղակայված աչքերով եւ դեռ ավելին` վախվորածությամբ կոմիքսներով հանդես ընթերցելու եղանակով, ասես թաքչելով կամ ուրիշներից անջրպետվելով, մազերը ետ գցելու շարժմունքով, շարժումների անուղղա անճարակությամբ: Մանչուկն այնքան նման էր իրեն, որ նույնիսկ իր ծիծաղն էր գալիս։ Բայց երբ դեռահասը դուրս եկավ Ռեն փողոցը, իմ զրուցակիցը նույնպես դուրս էր եկել եւ այդպիսով անհարմար կացության մեջ էր դրել իր բարեկամին, ով իրեն էր սպասում Մոնպառնասում: Ձգտելով խոսելու առիթ գտնել՝ նա դեռահասին հարցրել էր, թե որտեղ է գտնվում այսինչ փողոցը, եւ արդեն առանց զարմանալու, լսել միեւնույն ձայնը, որն ինքն ունեցել էր մանուկ հասակում: Դեռահասը գնում էր հենց նույն փողոցը, եւ նրանք լռությամբ կաշկանդված, միասին անցել էին մի քանի թաղամաս:

Հենց այդ ժամանակ նրան համակել էր ինչ-որ բան` հայտնության նման մի բան, ամեն ինչ անբացատրելի էր, բայց գոյություն ուներ եւ բացատրության կարիք չկար, եւ անորոշ ու անհեթեթ էր դառնում, ինչպես հիմա, բացատրություն գտնելու ապարդյուն ձգտումը:

Ի վերջո, ինքնին այնպես ստացվեց, որ նա սկսեց մուտք գործել մանչուկի տուն եւ օգտագործելով բոյսքաուտների նախկին հրահանգչի իր փորձը՝ նրան հաջողվեց քանդել որմերը եւ ճանապարհ հարթել դեպի ամրոցների ամրոցը` ֆրանսիական տունը: Այստեղ նա տեսավ իրեն հարգող չքավորություն, ծերացած մայր, կենսաթոշակային տարիքի քեռի եւ երկու կատու: Այնուհետեւ իմ զրուցակցից ավելորդ ջանք չէր պահանջվում եղբայրներից մեկին հորդորելու, որ թույլ տան Լյուկի մոտ գնալու տասնչորսամյա որդուն: Մանչուկները բարեկամներ դարձան: Նա սկսեց Լյուկի տանը լինել ամեն շաբաթ: Մայրը հյուրասիրում էր կիսաեփ սուրճ, խոսում էին պատերազմի, զավթման, ինչպես նաեւ՝ Լյուկի մասին: Ինչ-որ բան, որ սկսվեց հայտնության նման, ձեւավորվեց որպես երկրաչափական խիստ կառուցվածք` ձեռք բերելով այն երեւույթի համոզչականությունը, որը մարդկանց հաճո էր կոչել «ճակատագիր» բառով: Նույնիսկ հնարավոր էր թվում դա առօրյա բառերով ձեւակերպելը. Լյուկը մի անգամ ծնված նա էր, մահ գոյություն չունի, մենք ամենքս անմահ ենք:

– Բոլորն անմահ են, ծերուկ: ուշք դարձրեք, ոչ ոք չկարողացավ դա ապացուցել, եւ դա ինձ բաժին է ընկնում իննսունհինգերորդ ավտոբուսում: Լյուկը պետք է ծնվեր իմ մահից հետո, դրա փոխարեն… եթե, անշուշտ, հաշվի չառնենք անհավատալի պատահականությունը, որ ես նրան բախվեցի ավտոբուսում: Ես ձեզ կարծեմ արդեն ասել եմ, դա լիակատար վստահության նման, ներհայեցողական մի բան էր: Կասկած չի կարող լինել եւ վերջ: Բայց, հետո կասկածներ ծագեցին, քանի որ համանման դեպքերում դու քեզ խելագար ես համարում, կամ էլ տրանկվիլիզատորներ ես ընդունում: Կասկածանքներից հետո ի հայտ են գալիս ապացույցներ, որոնք կարող են իրար ետեւից վերացնել այդ տարակուսանքները եւ ապացուցել, որ դու չես սխալվում, եւ կասկածանքների պատճառ չկա: Իսկ գիտե՞ք, թե ամենից շատ ինչն է այդ ցանցառների ծիծաղը հարուցում, երբ իմ գլխում նրանց այդ մասին պատմելու միտք է ծագում: Լյուկը ոչ միայն ես էի երկրորդ անգամ ծնված, այլեւ կդառնա նույնքան խեղճուկրակ, որքան ես եմ, ով ձեզ այս ամենը պատմում է: Բավ էր միայն նայելը, թե նա ինչպես է խաղում, ինչպես է միշտ անհաջող ընկնում` հոդախախտելով ոտքը կամ անրակը, թե ինչպես են դեմքին ամենայն մանրամասնությամբ արտացոլվում նրա բոլոր զգացմունքները, կամ ինչպես է երեսը շառագունում իրեն ուղղված ամեն մի հարցի ժամանակ: Իսկ մորը… նրան դուր է գալիս խոսելը, նա այնքան է սիրում շաղակրատել ամեն մի թեմայի շուրջ, ամենաաներեւակայելի մտերմիկ մանրամասներով, անվայելուչ ճղճիմ պատմություններով, ութամյա երեխայի նկարների, հիվանդությունների մասին, թեեւ մանչուկն ամոթից մեռնում էր… Բարեկանոն տիկինը, անշուշտ, ոչ մի բան չէր կասկածում, պարզ բան է, իսկ մանչուկի քեռին ինձ հետ ճատրակում էր, այնտեղ ինձ յուրային էին համարում, նույնիսկ, այնպես է եղել, որ մի անգամ պարտքով գումար եմ տվել նրան, որպեսզի մի կերպ ձգեն մինչեւ ամսվա վերջը: Ինձանից բացարձակապես ոչ մի ջանք չէր պահանջում Լյուկի անցյալի մասին տեղեկանալը, բավական էր զրույցի մեջ ընդգրկել համապատասխան հարցեր, երբ խոսվում էր քեռու հոդացավի, դռնապանուհու խարդավանքների, քաղաքականության, ծերունիներին ամենից շատ հետաքրքրող թեմաների մասին: Այսպես թագավորին շախ հայտարարելու եւ մսի գներից դատողությունների ընթացքում ես իմանում էի Լյուկի մանկությունը, եւ փաստերն իմ ենթադրության անհերքելի ապացույցներն էին դառնում: Սակայն ջանացեք ինձ հասկանալ, եկեք պատվիրենք եւս մեկ բաժակ: Լյուկը ես եմ, ինչպիսին եղել եմ մանուկ հասակում, բայց չկարծեք, թե նա պարզապես պատճենատիպ է: Ավելի շուտ` համանման նախատիպար, հասկանում եք, այսինքն` յոթ տարեկանում ես հոդախախտել եմ դաստակս, Լյուկը՝ անրակը, ինը տարեկանում համապատասխանաբար հիվանդացել ենք կարմրուկով ու քութեշով, ճիշտն ասած, ծերուկ, այնտեղ արդեն մեջ է ընկնում ժամանակը, քութեշով ես հիվանդ եմ եղել տասնհինգ օր, իսկ Լյուկին բուժել են չորս օրում, առաջադիմություն բժշկության ասպարեզում եւ նմանատիպ բաներ: Ամեն ինչ համանման է, ուստի ես կբերեմ այս անցքն ապացուցող եւս մեկ օրինակ, կարող է այնպես պատահել, որ անկյունում առեւտուր անող հացավաճառը Նապոլեոնի ռեինկարնացիան է, իսկ նա դա չգիտի, որովհետեւ կարգը չխախտված է մնացել, քանի որ նա երբեք չի կարող հանդիպել ճշմարտությանն ավտոբուսում, բայց եթե, այս կամ այն կերպ, նա հասու լինի այդ ճշմարտությանը, ապա կհասկանա, որ կրկնել ու կրկնում է Նապոլեոնին, որ ծառայից Մոնպառնասի հացի խանութի տեր դառնալու վերափոխումը նույն բանն է, ինչ Կորսիկայից փախչելը եւ Ֆրանսիայում գահակալելը, իսկ հիմնավորապես փորփրելով իր կյանքի պատմությունը, նա կգտներ կյանքի հանկարծական փոփոխությունները, որոնք կհամապատասխանեին Եգիպտոսում կատարված ռազմական արշավանքին, հյուպատոսարանին, Աուստերլիցին, եւ նույնիսկ կկռահեր, որ իր հացի խանութին մի քանի տարի հետո ինչ-որ բան կպատահի, եւ, որ ինքն իր օրերը կավարտի Սուրբ Հեղինե կղզում, որը, թերեւս, կկերպարանափոխվի վեցերորդ հարկի որեւէ փոքրիկ սենյակի, եւ ինքը կլինի նույնպիսի պարտություն կրած մի մարդ, շրջանակված մենության ջրերով, եւ ինքը կպարծենա իր հացի խանութով, որն իր համար արծվային թռիչք էր: Դուք դա ըմբռնո՞ւմ եք:

Ես ըմբռնում էի, սակայն կարծում էի, որ մանուկ հասակում մենք բոլորս էլ ունեցել ենք տիպական եւ ժամկետներով ամրակայված հիվանդություններ եւ ֆուտբոլ խաղալիս մենք անպայման որեւէ կոտրվածք վաստակում էինք:

– Հասկացա եւ համաձայն եմ, սակայն ես ձեզ պատմեցի սոսկ արտաքին զուգադիպություններից: Օրինակ, Լյուկի նմանությունն ինձ կարծես նշանակություն չուներ, թեեւ, ընդհակառակը, այն կարեւոր է ավտոբուսում կատարված հայտնության համար: Սակայն հիրավի, կարեւոր է դառնում ժամանակային հաջորդականությունը, եւ դա դժվար է ենթարկվում բացատրության, քանի որ շոշափում է բնավորությունը, անորոշ հիշողությունները եւ մանուկ հասակում տեղի ունեցած դեպքերը: Այն ժամանակ, այսինքն՝ երբ ես նույն տարիքին էի, ես ապրեցի շատ դառը ժամանակաշրջան, ամեն ինչ սկսվեց անվերջանալի հիվանդությունից, այնուհետեւ, լիովին առողջանալով, գնացի մտերիմ ընկերներիս հետ ֆուտբոլ խաղալու եւ ձեռքս կոտրեցի, բայց հազիվ էի ապաքինվել, երբ սիրահարվեցի համադասարանցուս քրոջը եւ տառապում էի, ինչպես միայն կարող է տառապել այն մանչուկը, ով ունակ չէր նայելու իրեն ծանակող աղջկա աչքերին: Լյուկը նույնպես հիվանդացավ, հազիվ էր լավացել, երբ գնաց կրկես, որտեղ ամֆիթատրոնի աստիճաններով իջնելիս գայթեց եւ հոդախախտեց ոտքի կոճը, որոշ ժամանակ անց մայրը մի անգամ երեկոյան նրան բռնացրեց լուսամոտի մոտ արտասվելիս, ձեռքի մեջ նա տրորում էր ուրիշի կապուտակ թաշկինակը:

Ինչպես ոչ ոք, ով իր համար ընդդիմադրի դեր էր ստանձնել, ես ասացի, որ մանկական սիրահարվածությունը վնասվածքների ու կողացավերի լրացուցիչ համալրում է: Սակայն խոստովանեցի, որ ինքնաթիռի հետ պատահած դեպքը բոլորովին այլ բան է: Դա զսպանակավոր պտուտակով ինքնաթիռ էր, որն իմ զրուցակիցը մանչուկին էր ընծայել ծննդյան օրը:

– Երբ ես այն տվեցի, ապա մի անգամ եւս հիշեցրի մեխանիկական կոնստրուկտորի մասին, որն ինձ մայրս էր նվիրել տասնչորսամյակիս առթիվ, եւ թե ինձ հետ ինչ պատահեց հետո: Ահա թե ինչպես եղավ, ես այգում էի, թեեւ մոտենում էր ամառային ամպրոպը, եւ արդեն լսվում էին կայծակի որոտները, իսկ ես սկսեցի վերամբարձ կռունկ հավաքել փողոց ելնող դռնակի մոտ գտնվող տաղավարի սեղանին, իսկ երբ վերադարձա, կոնստրուկտորի տուփը չքացել էր, իսկ դռնակը փողոցի կողմից չքացել էր: Հուսահատությունից գոռալով՝ վազեցի փողոց, որն արդեն թափուր էր, եւ հենց այդ պահին կայծակը խփեց դիմացի տանը: Այդ ամենը կատարվեց ասես մի ակնթարթում, եւ դա իմ հիշողությունից դուրս լողաց, երբ ես ինքնաթիռն էի ընծայում Լյուկին, իսկ նա նրան նայում էր երջանկության հենց այնպիսի արտահայտությամբ, ինչպես ես էի մի ժամանակ նայում մեխանիկական կոնստրուկտորին: Մայրը հենց նոր էր ինձ համար մի գավաթ սուրճ բերել, եւ մենք սովորական խոսքեր էինք փոխանակում, երբ հանկարծ վայնասուն լսեցինք: Լյուկը վազեց դեպի լուսամուտը, ասես կամենալով դուրս նետվել այդտեղից: Կավճի պես ճերմակած դեմքով եւ արտասվալի աչքերով հազիվ կարողացավ բլբլացնել, որ ինքնաթիռը թռիչքի ժամանակ շեղվելով դուրս թռավ ուղղակի դեպի կիսաբաց լուսամուտը: «Այն ոչ մի տեղ չկա, այն ոչ մի տեղ չկա»,- կրկնում էր հեծկլտալով: Ներքեւից ճիչեր լսվեցին, ներս վազեց քեռին եւ ասաց, որ դիմացի տանը հրդեհ բռնկվեց: Հիմա արդեն դուք հասկանում եք: Ի դեպ, ավելի լավ է, եկեք մի-մի բաժակ էլ խմենք:

Այնուհետեւ, քանի որ ես լռում էի, զրուցակիցս շարունակեց պատմել, եւ իր բոլոր մտորումները սկսեցին պտտվել բացառապես Լյուկի եւ նրա ճակատագրի շուրջ: Մայրը որդուն պատրաստում էր արվեստների եւ արհեստների դպրոցի համար, որպեսզի այնուհետեւ նա կարողանա շարունակել իր համեստ ճանապարհը կյանքում, ինչպես մայրն էր ասել, սակայն այդ ուղին արդեն տրորված էր, եւ հենց զրուցակիցս, ով խելացնորի անուն հանելուց եւ առհավետ Լյուկից բաժանված լինելու երկյուղից, կարող էր մորը եւ քեռուն ասել, որ ամեն ինչ զուր է, նրանք ինչ էլ որ անեն, արդյունքը նույնն է լինելու, ստորացում, խղճուկ հնամոլություն, գորշ տարիներ, ցեցի պես հոգին կրծող ձախորդություններ, դառը մենության մեջ բաժին ընկած ապաստարան թաղամասի բիստրոներից մեկում: Սակայն ամենավատը ոչ թե Լյուկի ճակատագիրն էր, այլ այն, որ Լյուկն իր հերթին կմահանա, իսկ մի այլ մարդ կկրկնի Լյուկի ճանապարհը եւ իր սեփական ուղին մինչեւ վերջ, որպեսզի մի այլ մարդ իր հերթին խրվի այդ ճահիճը: Լյուկի նկատմամբ իր հետաքրքրությունը գրեթե կորցրել էր: Գիշերները, անքնության ժամերին նա մտովի սլանում էր ավելի հեռու, արդեն դեպի մի ուրիշ Լյուկ, դեպի այլք, որոնք թերեւս կկոչվեն Ռոբեր կամ Կլոդ, կամ Միշել` երեւակելով անհունության մեջ խղճուկ ձախորդների իրենց տեսությունը, որոնք շարունակում են իրենց ուղին` նույնիսկ չիմանալով այդ, համոզված լինելով, որ իրենք ազատ են, եւ ազատ է իրենց կամքը: Իմ զրուցակցի բաժակի հատակին թախիծ կար, եւ նրան ոչ մի բանով չէր կարելի օգնել:

– Ինձ ծանակում են, երբ ես նրանց ասում եմ, որ Լյուկը մի քանի ամիս անց մահացավ: Նրանք ամենքն էլ ցանցառներ են, եւ նրանք չեն կարող հասկանալ… Այո, այո, ինձ այդպիսի աչքերով մի նայեք: Նա մահացավ նի քանի ամիս անց, ամեն ինչ սկսվեց ցնցուղատապի պես մի բանից, այդ տարիքում ես էլ լյարդի բորբոքում էի ունեցել: Ինձ անմիջապես տարան հիվանդանոց, իսկ Լյուկի մայրը պահանջում էր բուժում տնային պայմաններում, ես նրան այցելում էի գրեթե ամեն օր, իսկ երբեմն էլ հետս գալիս էր իմ ազգականը, որպեսզի խաղա Լյուկի հետ: Այդ տանն այնպիսի չքավորություն էր տիրում, որ իմ ամեն մի այցն ասես մխիթարանք էր, ինչ էլ բերած լինեի, տառեխ կամ ծիրանի կարկանդակ: Այն բանից հետո, երբ ես պատմեցի մի դեղատան մասին, որտեղ ինձ հատուկ զեղչով դեղ էին տալիս, նրանք ընտելացան այն բանին, որ ես ստանձնել եմ դեղորայքի գնումը:

Ի վերջո ինձ հատկացրին մանչուկի համար հիվանդապահի դերը, իսկ հիմա ահա դուք կարող եք հասկանալ, թե ինչ է նշանակում այդպիսի տանը, ուր բժիշկներն այցելում են առանց առանձնակի հետաքրքրության, ոչ ոք ուշադրություն չի դարձնում, թե ախտանիշներն արդյո՞ք լիովին համապատասխանում են սկզբնական ախտորոշմանը: Ինչո՞ւ եք դուք այդպես նայում ինձ, ինչ-որ սխալ բա՞ն ասացի:

– Լավ, չփոխեք ձեր կարծիքը: Բայց ճշմարտությունն այն է, որ հուղարկավորությունից հետո այդ մի քանի շաբաթում ես առաջին անգամ երջանկության նման բան զգացի: Ես դեռեւս ամեն մի պատեհ առիթով այցելում էի Լյուկի մորը, նրա համար ինչ-որ լրագրերի փաթեթ էի բերում, սակայն ոչ նա, ոչ էլ այդ տունն ինձ այլեւս չէին հետաքրքրում, ինձ ասես թե համակել էր հրաշալի մի վստահություն, թե հենց ես եմ առաջին մահկանացուն եւ զգում եմ, թե ինչպես է իմ կյանքն օրեցօր նվազում, գավաթ առ գավաթ… մինչեւ վերջին կետը կրկնելով, արի իմացիր, թե որտեղ եւ երբ մահացած ինչ-որ անծանոթի ճակատագիրը: Բայց ես, երեւի, իսկապես կմեռնեմ, առանց Լյուկի որեւէ միջամտության այդ շրջապտույտին, որպեսզի անիմաստաբար կրկնեմ անիմաստ կյանքը: Ձգտեք հասու լինել այս ամբողջ խորությանը, ծերուկ, եւ նախանձեք ինձ այսպիսի երջանկության համար, քանի դեռ այն շարունակվում է:

Բայց երեւի այն չշարունակվեց: Բիստրոն եւ էժանագին գինին դրա ապացույցն են, ինչպես եւ այդ տենդագին փայլով աչքերը, որոնք ջերմություն են ճառագում, որը բխում է ոչ թե մարմնից: Եվ, այդուհանդերձ, նա մի քանի ամիս շարունակ արդեն ապրում է իր առտնին միջակության, ընտանեկան կործանման, հիսուն տարեկանում իր անձնական տապալման, իր անխուսափելի մահացման անհողդողդ վստահությամբ: Մի անգամ երեկոյան Լյուքսեմբուրգյան զբոսայգով անցնելիս նա մի ծաղիկ տեսավ:

– Թմբի հենց ծայրին աճում էր ինչ-որ դեղին ծաղիկ: Ես կանգ առա ծխելու` մտովի տարվելով ինչ-որ բանով` նայեցի ծաղկին, այնպես զգացի, որ ծաղիկն էլ, ասես, ինձ էր նայում: Այդպիսի կապերը երբեմն… Դուք գիտեք, ամեն ոք կարող է դրանք զգալ, դա անվանում են գեղեցկություն: Այ, հենց այդ է, ծաղիկը գեղեցիկ էր, դա սքանչելի ծաղիկ էր: Իսկ ես դատապարտված եմ, ես կմեռնեմ մեկ անգամ եւ մեկընդմիշտ: Ծաղիկը սքանչելի էր, գալիքի մարդկանց համար միշտ կլինեն ծաղիկներ: Հանկարծ ես ընկալեցի անէությունը: Ես կմահանամ, իսկ Լյուկն արդեն մեռել է, այլեւս ծաղիկ չի լինի այնպիսիների համար, ինչպիսին մենք ենք, ոչինչ չի լինի, բացարձակապես ոչինչ չի լինի, անէությունը ծաղկի հենց մշտնջենական բացակայությունն էր, վառած լուցկին այրեց մատներս: Հրապարակում նետվեցի մի ավտոբուսի մեջ, որն ինչ-որ տեղ էր ընթանում, եւ սկսեցի նայել, անկանոն նայել ամեն ինչին, ինչ որ կար փողոցում, եւ այն ամենին, ինչ կար ավտոբուսում: Երբ հասանք վերջնականգառին, ես դուրս եկա եւ նստեցի մի այլ մերձքաղաքային ավտոբուս: Ողջ երեկո, մինչեւ գիշերամուտ, ես ավտոբուսներ էի փոխում, եւ մտքերս դառնում էին ծաղկի եւ Լյուկի շուրջը: Ուղեւորների մեջ ես փնտրում էի Լյուկի նման որեւէ մեկին, որպեսզի նայեմ նրան, իմանալով, որ այդ ես եմ, իսկ այնուհետեւ նրան թույլատրեմ հեռանալ` չասելով ոչ մի խոսք, գրեթե պաշտպանելով նրան, որպեսզի նա կարողանա շարունակել իր անիմաստ կյանքը, իր հիմար, անհաջող կյանքը, որն ընթանում է դեպի մի այլ հիմար ու անհաջող կյանք… Այլ մի…

Բիստրոյում հաշիվը ես փակեցի:

ԳՐԱՖԻՏԻ

Այդպես հաճախ է ամեն ինչ սկսվում եւ ավարտվում հենց ինչպես խաղ, պատկերացնում եմ, թե քեզ համար որքան հաճելի էր քո նկարի կողքին մեկ ուրիշը տեսնելը, դու դա պատահականություն ես համարել կամ որեւէ մեկի կատակը եւ միայն երկրորդ անգամ ես հասկացել, որ դա հենց այնպես չի արված, եւ այդ ժամանակ նոր նկարը զննել ես ինչպես հարկն է եւ քիչ անց վերադարձել ես, որպեսզի վերստին զննես` սովորական կանխազգացումով որսալով այն պահը, երբ փողոցում ոչ ոք չի լինում, իսկ անկյունում՝ ոչ մի պարեկային ավտոմեքենա, հենց այդ ժամանակ էլ առերեւույթ անտարբեր մոտեցար, բայց աչքերդ չչռեցիր այդ գրաֆիտիի վրա, այլ դիմացի մայթից հայացքդ առիշեղ սահեցրիր, ասես հետաքրքրված հարեւան ցուցափեղկով, եւ անմիջապես հեռացար:

Դու ինքդ խաղն այդ սկսեցիր ձանձրույթից, այլ ոչ թե բողոքից, ոչ թե քաղաքի իրադրությունից, պարետային ժամի եւ պաստառների սոսնձումը եւ պատերին գրոտելը երկիմաստաբար արգելելու պատճառով: Քեզ պարզապես զվարճացնում էր գունավոր կավճակտորներով նկարելը («գրաֆիտի» եզրը, որից արվեստաբանության հոտ էր փչում, քեզ դուր չէր գալիս), եւ ժամանակ առ ժամանակ այցելել, որպեսզի շուրջդ աչք ածես, իսկ թե բախտդ բերի, ճիշտ ժամանակին գործդ անես, մինչեւ քաղաքապետարանային բեռնատարի ժամանումը եւ քո նկարները ջնջող հավաքարարների անօգուտ հիշոցների հնչելը: Նրանք թքած ունեին այն բանի վրա, որ այդ նկարները քաղաքական չէին, արգելքը տարածվում էր ամեն ինչի վրա, եւ եթե որեւէ մանչուկ համարձակվեր խզբզել տուն կամ շուն, նրանք այդ էլ կքերեին` հիշոցներ ու սպառնալիքներ տեղալով: Քաղաքում ամենեւին կորցրել էին այն բանի ըմբռնումը, թե էլ ինչից կարելի է չվախենալ, այդ պատճառով էլ դու, հավանաբար, զվարճանում էիր` հաղթահարելով քո երկյուղը, հարմար ժամանակ եւ տեղ ընտրելով` արագ ուրվագծում էիր հերթական նկարը:

Դու ոչ մի անգամ չբռնվեցիր, քանզի գործում էիր խելացիորեն, եւ հավաքարարներին բերող բեռնատարների ժամանակին նախորդող ժամերը քեզ համար լեցուն էին անարտահայտելի մաքրությամբ, գրեթե հույսով: Քո աշխատանքը հեռվից զննելիս, դու նշմարում էիր հընթացս դրա վրա արագ հայացքներ նետող մարդկանց, անշուշտ, ոչ ոք կանգ չէր առնում, սակայն չկար մի մարդ, ով չնայեր նկարին, լիներ դա երկգույն վերացական կոմպոզիցիա, թե թռչնի կիսապատկեր կամ երկու միահյուսված կերպարանք: Միայն մի անգամ դու ստորագրեցիր սեւ ածուխով. «ինձ համար նույնպես ցավալի է»: Այն երկու ժամ էլ չմնաց, այս անգամ ոստիկանն այն ոչնչացրեց իր իսկ ձեռքով: Այնուհետեւ դու բավարարվում էիր սոսկ նկարներով: Երբ հայտնվեց եւս ինչ-որ մեկի նկարը, դու գրեթե վախեցար, վտանգը հանկարծ կրկնապատկվեց, ինչ-որ մեկը որոշել էր քեզ նման զվարճանալ` բանտի, եթե ոչ տարտարոսի շեմին, ի լրումն այդ ամենի`դա կին էր: Այո, կին, դու չէիր կարող դա ապացուցել, սակայն կար ինչ-որ ավելի ստույգ բան, քան բոլոր ապացույցները` նրբագիծը, հակվածությունը վառ երանգներին, նյարդը: Դու, թերեւս, պարզապես երեւակայել ես դա, որովհետեւ մենակ ես եղել, երեւակայել ես, որպեսզի մեղմացնես քո մենությունը, դու հիանում էիր նրանով, վախենում նրա համար, հույս էիր տածում, թե նրա խելացնոր արարքը չի կրկնվի, իսկ երբ նրա նկարը դարձյալ տեսար քոնի կողքին, քիչ մնաց մատնեիր ինքդ քեզ, այնքան կամեցար ծիծաղել եւ մնալ դրա մոտ, կարծես թե ոստիկանները կույրեր էին կամ ապուշներ: Այնուհետեւ ամեն ինչ այլափոխվեց, դարձավ առավել խորհրդավոր, սքանչելի եւ միաժամանակ սպառնալի: Քամահրելով ծառայությունդ, դու սկսեցիր բացակայել, հուսալով, թե մի կերպ կբռնացնես նրան, հիմա նկարելու համար ընտրում էիր այնպիսի փողոցներ, որոնք կարող էիր վազելով մեկեն անկանգ անցնել. դու այդտեղ հայտնվում էիր այգաբացին, իրիկնադեմին, իսկ երբեմն էլ` գիշերը: Դու ապրեցիր անտանելի հակասությունների, հուսախաբությունների մի ժամանակաշրջան, դու նրա նկարները որոնում էիր, որոնում` քո նկարների կողքին, սակայն փողոցները դատարկ էին, եւ դրանք ավելի թափուր էին դարձնում քո ապարդյուն որոնումները: Մի գիշեր դու առաջին անգամ տեսար նրա ինքնուրույն նկարը. նա կարմիր ու կապույտ կավճակտորներով նկարել էր ավտոտնակի դռներին, օգտագործելով քերված տախտակների մշակվածքը եւ մեխերի գլխիկները: Նկարն, անկասկած, պատկանում էր նրան, այդ էր վկայում յուրաքանչյուր գիծը, ողջ գուներանգը, բայց, դրանից զատ, նկարից սփռվում էր, չգիտես՝ խնդրա՞նք, թե՞ հարց` քեզ ուղղված յուրօրինակ կոչ: Եվ դու կրկին այստեղ եկար մթնով, այն բանից հետո, երբ պարեկը սպիտակեցրեց տախտակի անհարթ մակերեսը, եւ ավտոտնակի մաքուր մնացած մասում ձեռաց ուրվագծեցիր առագաստանավեր եւ նավահանգիստ պատկերող մի բնանկար, եթե ուշիուշով չդիտեիր, կարող էր թվալ, որ դա լույսուստվերի պատահական խաղ է, բայց նա կզններ: Այդ գիշեր դու հրաշքով ճողոպրեցիր երկու պարեկից, իսկ հետո քո փոքրիկ սենյակում քեզ համար անընդհատ ջին էիր լցնում, սառույց հալեցնում ու լցնում եւ խոսում էիր նրա հետ, ասում էիր այն ամենը, ինչ խելքիդ փչում էր, ասես վերստեղծում էիր առագաստանավերով նավահանգիստ պատկերող նորանոր պայծառ նկարներ, դու երեւակայում էիր, որ նա թխլիկ էր ու լռակյաց, դու նրա համար շրթունքներ եւ կրծքեր ընտրեցիր, կարծես նույնիսկ նրա հետ էիր:

Եվ ահա դու գլխի ընկար, որ քանի դեռ նա պատասխանի էր սպասում, ուրեմն պետք է վերադառնար իր նկարի մոտ, ինչպես դու ամեն անգամ դառնում էիր քո նկարների մոտ, թեեւ շուկայում կատարված մահափորձից հետո իրավիճակն առավել քան վտանգավոր էր դարձել, դու որոշեցիր ավելի մոտ մնալ ավտոտնակին եւ, պտտվելով թաղամասում, փողոցի անկյան գարեջրատանն անթիվ-անհամար գավաթներ պարպեցիր: Այ քեզ անհեթեթություն, տեսնելով քո նկարը, նա հազիվ թե կանգներ. դրա կողքով անցնող բազում կանանցից յուրաքանչյուրը կարող էր նա լինել: Հաջորդ օրվա լուսաբացին դու ընտրեցիր քարե գորշ ցանկապատը եւ նկարեցիր մի սպիտակ եռանկյունի՝ այն բոլորելով կաղնու տերեւներ հիշեցնող բծերով, անկյունի հենց այն գարեջրատնից դու կարող էիր աչք ածել ցանկապատին. ավտոտնակի դուռն արդեն ներկոտելով ծածկել էին, եւ նրա կողքին մերթընդմերթ հայտնվում էին գազազած պարեկներ, իրիկնադեմին դու լքեցիր գարեջրատունը, բայց ամենեւին էլ չգնացիր, այլ սկսեցիր թափառել մոտակայքում` փոխելով դիտակետերը եւ կրպակներում մանր-մունր բաներ գնելով, որպեսզի ավելորդ կասկածներ չհարուցես: Խոր գիշեր էր, երբ դու լսեցիր շչակի ձայնը, եւ աչքերդ շամփրեց լուսարձակների ցոլքը: Ցանկապատի կողքին ինչ-որ խառնակություն առաջացավ, անտեսելով զգուշավորությունը՝ դու նետվեցիր այնտեղ, եւ քեզ փրկեց միայն պատահականությունը, անկյունից դուրս ելած ավտոմեքենան տեսնելով ոստիկանական ավտոմեքենան՝ կտրուկ արգելակեց, հենց այդ էլ քեզ պատնեշեց, բայց դու հասցրիր լսել ճիչը, տեսնել պայքարը. աքացիներ, սեւ վարսեր, որոնց կառչել էին ձեռնոցավոր ձեռքեր, իսկ հետո պահ առ պահ նշմարվեց կապույտ ջինսը, նրան հրելով մեքենա նստեցրին ու տարան:

Բավական հետո (սարսափելի էր, մարմնում դող զգալով, մտածելը, որ ամեն ինչում մեղավոր է գորշ ցանկապատին արված քո նկարը) դու խառնվեցիր անցորդներին եւ կարողացար մի հայացք նետել կապտանարնջագույն ուրվանկարին, ասես դա նրա անունն էր եւ նրա բերանը եւ ինքն ամբողջովին. նկարն այլանդակված էր, ոստիկանները հասցրել էին նրան տանելուց առաջ կեղտացրցամել, բայց այն, ինչ մնացել էր, բավական էր հասկանալու համար. նա կամենում էր քո եռանկյունուն պատասխանել մի այլ պատկերով` շրջանակով կամ գուցե գալարագծով, գեղեցիկ եւ լիակատար ձեւով` ինչպես «այո» կամ «միշտ», կամ «այժմ»:

Դու հո գիտեիր` բավական ժամանակ ունեիր, որպեսզի մանրամասնորեն պատկերացնես այն ամենը, ինչ կարող էր տեղի ունենալ կենտրոնական ոստիկանական տեղամասում. ճշմարտությունը կամաց-կամաց քաղաք էր ներթափանցում, մարդիկ լռել էին կալանավորների ճակատագրի մասին, եւ եթե նրանցից մեկը դարձյալ հանդիպում էր փողոցում, նրանից խուսանավում էին, նրանք համաձայն էին` լավ է չհանդիպել նրան, ինչպես շատ այլոց, մատնել նրան մոռացության, որը ոչ ոք չէր համարձակվում խախտել: Ամեն ինչ գիտեիր դու, այդ գիշեր քեզ չօգնեց նույնիսկ ջինը, թերեւս մնում էր միայն մատներդ կրծոտել, տրորել գունավոր կավճակտորներդ` նախքան հարբելուց մոռացության մատնվելդ եւ անկապ հեծկլտալդ: Սակայն օրերն անցնում էին, եւ դու հասկացար, որ այլ կերպ չես կարող ապրել: Դու դարձյալ բացակայում էիր աշխատանքից, դարձյալ թափառում փողոցներում, ծածուկ նայում էիր այն պատերին ու դռներին, որոնց վրա դու եւ նա նկարում էիք: Ամեն ինչ մաքուր էր, անթերի մաքուր, լիներ թեկուզ ինչ-որ անխոհեմ աշակերտի նկարած ծաղիկ, ով կավիճ էր թռցրել ու չէր կարողանում դիմակայել գայթակղությանը: Եվ դու էլ չկարողացար չգայթակղվել, մեկ ամիս անց, արեւծեգին արթնանալով, դու նորից եկար այն փողոցը, որտեղ գտնվում էր չարաբաստիկ ավտոտնակը: Պարեկներ չկային, պատերն օրինակելիորեն մաքուր էին, միայն հարեւան մուտքի շենքից գաղտագողի քեզ նայեց կատուն, երբ դու կավճակտորը հանեցիր եւ այնտեղ, որտեղ նա թողել էր իր նկարը, տախտակի վրա արտածեցիր կանաչ ճիչը եւ երախտագիտության ու սիրո կարմիր պոռթկումը` նկարը շրջերիզելով ձվաձեւությամբ, որը նույնպես նրան հասցեագրված քո կոչն էր եւ հույսը: Անկյունից լսված ոտնաձայները քեզ խուճապահար փախուստի մատնեցին, դու նետվեցիր դատարկ արկղերի բարձրակույտի ետեւը. դա մի հարբած մարդ էր, նա օրորվում էր եւ ինչ-որ բան էր երգում, տեսնելով կատվին, նա ուզեց աքացի տալ եւ բերանքսիվայր ընկավ հենց նկարի տակ: Հանդարտվելով` դու դանդաղ քայլեցիր դեպի տուն եւ արեգակի շողերի հայտնվելուն պես քնեցիր այնպես, ինչպես չէիր քնել վաղուց:

Հենց նույն առավոտյան ավտոտնակը հեռվից զննեցիր, նկարը դեռ չէին ջնջել: Դու վերադարձար կեսգիշերին` գրեթե չհասկանալով, թե ինչ ես անում, այն դեռ այնտեղ էր: Հուզումներն արվարձաններում (իրազեկ մարդկանցից դու արդեն այդ մասին լսել էիր) խախտեցին ոստիկանական երթուղիների միապաղաղությունը, գիշերը դու կրկին եկար այն նայելու, ինչպես շատերն էին նայել օրվա ընթացքում: Հետո դու այցելեցիր օրվա ընթացքում: Հետո դու այցելեցիր գիշերվա երեքին, փողոցն ամայի էր ու մութ: Հենց այդտեղ էլ դու նշմարեցիր մի այլ նկար. միայն դու կարող էիր այն հայտնաբերել, նա այնքան փոքր էր, ու քիչ բարձր եւ ձախ էր գտնվում: Դու նրան մոտեցար հուսո եւ երկյուղի զգացումով եւ տեսար նարնջագույն մի ուրվագիծ եւ մանուշակագույն բծեր, որոնք կարծես թե ուրվանշում էին ուռած մի դեմք, դուրս ընկած մի աչք, աքացիներով տափակեցրած շուրթեր: Այո, իհարկե… նա էլ ինչ կարող էր նկարել քեզ համար: Էլ ի՞նչը իմաստ կունենար նկարել հիմա: Թեկուզ ինչ-որ ձեւով նա պետք է հրաժեշտ տար քեզ եւ ասեր, որ դու շարունակես նկարել: Թեկուզ ինչ-որ բան, ասում էր նա, ես պետք է թողնեմ քեզ, նախքան վերադառնալն իմ ապաստարանը, որտեղ չկան հայելիներ, իմ խուցը, որտեղ կարող եմ կուչ գալ` թաքչելով լիակատար խավարում, այնքան բան վերհիշելով, եւ երբեմն էլ, ինչպես ես էի մտածում քո կյանքի մասին, մտորել, որ դու շարունակում ես նկարել, դուրս ես գալիս մթնով, որ նկարես, նկարես, նկարես…