Կներարկվեն գրիչներով

23/12/2008

Հայաստանում շաքարային դիաբետով ինսուլինակախյալ հիվանդների համար 2009-ի հունվարից կներդրվի ինսուլինի ներարկման նոր համակարգ: «Արմենպրեսին» ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի դեղագործական գործունեության կազմակերպման դեղերով եւ տեխնոլոգիաներով ապահովման բաժնի պետ Մարինե Հարությունյանը տեղեկացրել է, որ սովորական սրվակներով ինսուլինները պետք է պահվեն միայն սառնարանային պայմաններում, պահպանման ժամկետը 20 օր է: Հիվանդն ինքն է առանձին ներարկիչով դոզավորում ու ներարկում: Իսկ նոր ինսուլինային սարքը, որն ունի գրիչի տեսք, բավական հարմար է. դոզավորված ինսուլինը տեղադրվում է գրիչի մեջ, որն ունի իր ասեղները, եւ հիվանդը կարող է ներարկել: Այն սառնարանային պայմաններ չի պահանջում, եւ հիվանդը կարող է իր գրպանում կամ պայուսակում տեղափոխել: Ինսուլինը նույնն է, միայն ներարկման եղանակը եւ պահպանման ձեւն է փոխվում: Գրիչների պարագայում պահպանման ժամկետը 28 օր է, որը հնարավորություն է տալիս սրվակի պարունակությունն օգտագործել ամբողջությամբ: Անվճար տրվելու են ասեղ, ինսուլին եւ գրիչ: Պետությունը 2009-ի համար 50 տոկոս այդ սարքի, նույնքան էլ ներկայիս օգտագործման սրվակների գնում է կատարելու, իսկ հիվանդն ունենալու է ընտրության հնարավորություն: Նոր սարքի օգտագործմանն անցում է կատարվելու աստիճանաբար: Ամբողջ աշխարհում արդեն օգտվում են այս համակարգից: Նշենք, որ հանրապետությունում կա 7 հազար 500 ինսուլինակախյալ հիվանդ: